ՕԵԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ «Առավոտին» ասաց, որ իրենք դիմել են ընտրատարածքային հանձնաժողովներին՝ մի քանի ընտրատեղամասերում վերահաշվարկ անցկացնելու խնդրանքով:
– Ձեզ գոհացնո՞ւմ են ընտրությունների արդյունքները:
– Ես սպասում էի, որ ընտրողների մասնակցությունը լիներ ավելին, քան եղավ: Փաստ է, որ Երեւանի ավագանու ընտրությունն առաջին անգամ էր, եւ մասնակցության ցուցանիշն այնքան էլ բարձր չեղավ: Ես դեռ երեկ արձանագրեցի, որ մենք ստանալու ենք վստահության քվե, ինչքան որ կստանանք: Հիմա մենք ստացել ենք, նախնական տվյալներով՝ շուրջ 21 հազար ձայն, եւ այսօր ժամը 14-ի դրությամբ գրեթե բոլոր քաղաքական ուժերը դիմումներ են ներկայացրել տարբեր ընտրական տեղամասերում վերահաշվարկի համար: Մենք եւս դիմումներ ենք ներկայացրել, ուղղակի չկրկնվեու համար դիմումներ ենք ներկայացրել այն տեղամասերի համար, որոնք ուրիշները չեն ներկայացրել:
– Քանի՞ տեղամասի համար եք դուք դիմում ներկայացրել:
– Մենք դիմումներ ենք ներկայացրել մ ոտ երկու տասնյակ տեղամասերի համար: Ուղղակի վերահաշվարկման համար:
– Դուք ակնկալում եք, որ այդ վերահաշվարկի արդյունքում «Օրինաց երկրի» ձայները կավելանա՞ն:
– Այսօրվա դրությամբ, վերահաշվարկ մինչեւ չլինի, իրական պատկերը պարզ չի լինի: Եվ կարող է այդ վերահաշվարկի գործընթացը սկսվի, տեսնենք, որ էական շեղումներ չկան: Այսինքն՝ մինչեւ չսկսվի պրոցեսը, վերահաշվարկի համար օրենքով նախատեսված է երեք օր, ընտրության իրական պատկերը չի լինի: Սա ընդամենը վերահաշվարկ է: Ընդհանրապես, ընտրական գործընթացը երկու մասից է՝ ձայների հաշվարկ եւ քվեարկություն: Քվեարկության ընթացքում երեկ արդեն իսկ ասացի, որ արտառոց որեւէ խախտում չենք նկատել, հիմա էլ եմ կրկնում:
– Ուրեմն, ինչո՞ւ եք դիմել վերահաշվարկի համար:
– Ձայների հաշվարկը այլ գործընթաց է, ես չեմ բացառում, որ, կապված անվավեր քվեաթերթիկների հետ, ձայների հաշվարկման հետ անճշտություններ լինեն: Ես չեմ ասում, որ դիտավորություն լինի, ուղղակի զուտ հանձնաժողովը հաշվարկել է, եւ բացառված չի: Սա ինքնանպատակ չի, եթե ինքնանպատակ լիներ, 439 տեղամասի համար էլ կդիմեինք: Տեղամասերում վստահված անձինք ասել են, որ ձայների հետ կապված ուզում են վերահաշվարկ կոնկրետ այս, այս եւ այս տեղամասերում:
– Ինչ էլ լինի վերահաշվարկից հետո, կոնկրետ «Օրինաց երկրին» բազմահազար ձայներ դեռ պակասում են, եւ դժվար թե վերահաշվարկի արդյունքում դրանք «գտնվեն»:
– Նախ, այդքան շատ ձայներ չեն պակասում յոթ տոկոսի համար, եւ հետո՝ վերահաշվարկը հնարավորություն է տալիս իրական պատկերը ստանալու: Երբ իրական պատկերը ստանաս, կզգաս, որ ժողովուրդը վստահության քվեն տվել է այդ չափով: Հիմա դրա համար մեզ էլ է կարեւոր իմանալ իրական պատկերը: