Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

Հունիս 02,2009 00:00

\"\"ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը

Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հետընտրական առաջին հանրահավաքը: Ու թեեւ կարծիք կար, թե ընդդիմության կողմից իր ձայներին տեր չկանգնելու դեպքում ՀԱԿ-ին համակրող հատվածն այլեւս կհիասթափվի ու Կոնգրեսի հանրահավաքներին այլեւս չի գա, այդուհանդերձ, երեկվա հանրահավաքը նախորդներից պակաս մարդաշատ չէր: Ավելին, այն բանից հետո, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին «Լեւոն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ու «Հիմա» երկարաշունչ վանկարկումներով, հանրահավաքը վարող Արարատ Զուրաբյանը հաճելի անակնկալի գալով՝ անկեղծացավ, թե՝ «շատ դժվար էր սկսել, որովհետեւ մտածում էինք, որ մեր ժողովուրդը կարող է մի քիչ կոտրված լինել»: Հավաքվածները էլ ավելի բարձր շարունակեցին վանկարկել՝ ցույց տալու համար, թե իրենք ամենեւին էլ կոտրված չեն: «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք: Այս ռեժիմը երեկվա ընտրությունների հետեւանքով ձեռք բերեց եւս մեկ ոչ լեգիտիմ կառույց: Այս երկիրը սրանք (իշխանությունները) տանում են դեպի փլուզում: Բայց եթե կարծում են, որ մենք ձեռքներս ծալած նստելու ենք ու նայենք դրան, ապա խորապես սխալվում են»,- ասաց պարոն Զուրաբյանը:

Խոսեց նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա՝ հավաքվածներին ուղղված հարցին՝ պատրա՞ստ ենք պայքարը շարունակելուն, հավաքվածները պատասխանեցին «Հիմա» կարգախոսի վանկարկմամբ: Նա նախ Կոնգրեսի անունից շնորհակալություն հայտնեց իր ակտիվին, ընտրություններում ներգրավվածներին եւ բոլոր այն անձանց, ովքեր կատարել էին իրենց քաղաքացիական պարտքն ու գնացել էին քվեարկելու, ապա ասաց, թե այդ ակտիվության արդյունքում ընդդիմությունը կազմակերպչական իմաստով էապես ամրապնդվեց: Դառնալով ընտրություններին՝ Դ. Շահնազարյանն արձանագրեց, որ դրանք իրականում «չընտրություններ» էին, որոնք գործող իշխանությունները անցկացրին իրենց բնորոշ ձեւերով՝ զանգվածային իրավախախտումներով, բռնություններով եւ ընտրակաշառքով: Հատկապես վերջինիս առնչությամբ նա ասաց. «Այս ավազակախումբը ոչ միայն ի վիճակի չէ բարելավել մեր ժողովրդի կենսամակարդակը, այլեւ ընդհակառակը՝ նա շահագրգիռ է, որ մեր հասարակության գերակշիռ հատվածը միշտ լինի չքավոր, որպեսզի կարողանա աշխատեցնել ընտրակաշառքի իր հանցավոր ինստիտուտը: Դրա վրա է խարսխված նաեւ նրանց իշխանությունը»: Նա ասաց, թե ընդդիմության պահանջները՝ սահմանադրական կարգի վերականգնումից մինչեւ քաղբանտարկյալների ազատ արձակում, մնում են նույնը, բայց դրանք կենսագործելու համար այսօր միակ խնդիրը, որ իր առջեւ դնում է ՀԱԿ-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, ու հավելեց՝ «մենք այսօր այլ խնդիր չունենք»: Հավաքվածների՝ «Սերժիկ, հեռացիր» վանկարկումներին ի պատասխան՝ Դ. Շահնազարյանն արձագանքեց՝ «Սերժիկ, լսո՞ւմ ես, լավ լսիր»։

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ պատասխանեց այն մարդկանց, ովքեր զգուշացնում էին, թե «միեւնույն է՝ այդ ընտրություններն էլ են կեղծվելու, եւ չարժե, որ ընդդիմությունը մտնի այդ ահավոր խաղի մեջ»: Բանախոսն ի պատասխան՝ ասաց, թե Կոնգրեսը պարտավոր էր դրանց մասնակցել, որովհետեւ հակառակ դեպքում շատ արագ կդառնար լուսանցքային ուժ, կկորցներ կապը ժողովրդի հետ, իսկ առաջատար ուժը միշտ պետք է լինի իր ժողովրդի հետ եւ առաջնորդի այդ ժողովրդի պայքարը հանուն նրա իրավունքների: Լ. Զուրաբյանը նաեւ շեշտեց, թե անցած ընտրությունները իշխանությունների կողմից հասարակությանն ու ընդդիմությանն ուղղված «մեսիջ» էին. «Նրանք փաստորեն ասացին՝ մեզ հետ քվեաթերթիկներով մի խոսեք, մենք դա, միեւնույն է, չենք ընդունում: Մեզ հետ խոսեք ուժով, բռնությամբ: Մենք այդ ուղերձի վրա շատ լավ կմտածենք: Ժողովուրդ ջան, պատրաստ եղեք շատ վճռական պայքարի»:

Հանրահավաքում խոսեց նաեւ ՀԱԿ-ի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբի պետ Վահագն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հենց այդ համայնքում էր, որ ընտրություններն ուղեկցվել էին արտառոց միջադեպերով՝ լցոնումներ, կարուսել, մարդկանց առեւանգում, բռնություններ եւ այլն: Վ. Խաչատրյանի ասելով, այդ համայնքում եղել են ոչ թե ընտրություններ, այլ բանդիտական խմբերի հարձակումներ, որից տուժել են բոլորը՝ ընտրողները, վստահված անձինք, լրագրողներն ու դիտորդները: Նրա փոխանցմամբ, այդ ամենը կատարվել է, ինչպես միշտ՝ ոստիկանության ուղղակի վերահսկողությամբ ու աջակցությամբ:

ՀԱԿ-ի Արաբկիրի շտաբի պետ Արամ Մանուկյանն ասաց, թե մինչեւ հանրահավաքը որոշել էր գալ ու ասել՝ դուք էլ, ձեր գդալն էլ, գնացեք ձեր Սերժի, ձեր Գագոյի հետ երկիրը կառավարեք: «Բայց հետո մտածեցի՝ բա էն հարյուր հազարավոր մարդիկ, բա էն տղաները, որ նստած են, ու զղջացի, որ անգամ մտքովս նման բան է անցել: Ուստի՝ ոչ մեկս ետ չենք կանգնում, որովհետեւ մեր գործը դեռ կիսատ է, իսկ մենք այնքան բան ունենք անելու, որովհետեւ սրանց չպատժողը անամոթ է, անբարոյական է, ու մենք այդ գործը տանելու ենք մինչեւ վերջ: Չկասկածեք: Հիմա հարց ՀՅԴ-ին՝ էս էիք ուզո՞ւմ: Խաղեր էիք տալիս, գիտեիք, որ 7% են տալո՞ւ: Դե՝ գնացեք, կերեք ու սրանից հետո ծպտուն չեք հանելու, որովհետեւ դուք այդպիսին եք, որովհետեւ ձեզ սազում է միայն ստրուկ, առեւտրական լինելը: Այն, որ ձեզ «քցել» են, արժանի եք, եւ լա՛վ են արել, որ «քցել» են: Ձայնս ուղղում եմ «Բարգավաճին». էս էիք պայմանավորվե՞լ Հանրապետականի հետ: Հիմա թվեր են նկարել, որ անգամ մերն ու ձերն էլ գումարենք, իրենց թվերին չհասնի: Լա՛վ են արել: Գնացեք, կերեք ձեր պայմանավորվածությունների արժեքը: Ձեզ էլի՞ «քցեցին», բայց սա դեռ վերջը չի: «Քցվեցին» նաեւ նրանք, ովքեր իրենց ձայնը ծախեցին 5 հազար դրամով: Լավ եք արել, որ կերել եք, բայց ուտելը դեռ առաջիկայում կտեսնեք, երբ դոլարը «կթռնի», երբ երթուղայինների գինը կբարձրանա, երբ դուք բոմժի կարգավիճակում կերազեք հաջորդ 5 հազարը, այն ժամանակ հիշեք, որ ձեզ «քցել» են եւ ոչ թե այդ պահին, այլ ամբողջ կյանքում, որովհետեւ դուք արժեք ընդամենը 5 հազար դրամ»:

Հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Շնորհավորում եմ արտաքին ճակատում անընդհատ խայտառակ պարտություններ կրող Սերժ Սարգսյանին՝ իր սեփական ժողովրդի նկատմամբ տարած փառապանծ հաղթանակի համար»: Նա անդրադարձավ եվրոպացի դիտորդների՝ անցած ընտրություններին տված՝ «միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ» որակումին՝ նկատելով, որ նրանք կա՛մ ձեռք են առնում մեր ժողովրդին, կա՛մ մեզ դրել են երկրորդ կարգի մարդկանց տեղ: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, «եթե եվրոպական չափանիշ է լրագրող ծեծելը, ընտրակաշառք բաժանելը, ավտոբուսներով ընտրատեղամաս ընտրողներին բերելը, ահաբեկելը, ուրեմն՝ մենք այդ եվրոպական չափանիշների հետ գործ չունենք, թո՛ղ դա տանեն իրենց երկրներ»: Նա արձանագրեց, որ Հայաստանում պրոգրես է ապրում միայն ընտրությունների կեղծման մեխանիզմը, նաեւ կարծիք հայտնեց, որ ընտրություններում 100-150 հազար մարդ քվեարկել է ուղղակի կաշառված: ՀՀ առաջին նախագահը հայտարարեց, որ «Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահը չէ, նա սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առաջ», ու հավելեց, որ այսուհետ ընդդիմության միակ կարգախոսը լինելու է «Սերժիկ, հեռացիր»-ը: Լ. Տեր-Պետրոսյանն ասաց նաեւ, թե ՀԱԿ-ը հրաժարվում է Ս. Սարգսյանի հետ որեւէ առնչությունից եւ երկխոսությունից, քանի որ մինչ այժմ նա չլուծեց քաղբանտարկյալների հարցը, որն առաջին նախապայմանն էր երկխոսություն սկսելու համար, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների կեղծմամբ Ս. Սարգսյանն «իր բռնապետությունը եւ երկիրը թալանելու առիթը երկարացնելու հնարավորություն ստեղծեց», որով, սակայն, ըստ Կոնգրեսի առաջնորդի, թուլացրեց Հայաստանն ու «առիթ տվեց միջազգային հանրությանը կեղծված ընտրությունների դիմաց մեր երկրից առավել զիջումներ կորզելու»: «Այս ընտրություններով Սերժ Սարգսյանը փակեց երկխոսության եւ ազգային համերաշխության կայացման ճանապարհը, նա այրեց բոլոր կամուրջները»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Առաջիկա անելիքների մասին նա շատ չխոսեց: Ասաց միայն, որ ժողովուրդը պետք է վստահի Կոնգրեսին. «Մենք ժողովրդին արկածախնդրության չենք տանի, դա դուք մոռացեք»: Իսկ ՀԱԿ-ն իր առաջիկա անելիքների մասին, Լ. Տեր-Պետրոսյանի փոխանցմամբ, կխոսի հունիսի 12-ին կայանալիք հանրահավաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել