Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ ՉԻ՞ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Հունիս 02,2009 00:00

\"\"Ընտրությունների պատկերը՝ սեփական փորձի հիման վրա

Չնայած արդեն շուրջ 20 տարի է, ինչ մասնակցում եմ ընտրությունների, բայց հատկապես այս անգամ ականատես դարձա այնպիսի խախտումների, որոնց մասին մինչ այժմ միայն լսել էի կամ գրել՝ այլոց վկայությամբ:

Նախ՝ ինքս տեսա հօգուտ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուի լրացված «100 տոկոսանոց» ցուցակը: Հետո՝ ինձ առաջարկեցին անունս գրել հօգուտ ԲՀԿ-ի լրացվող ցուցակում: Ընդ որում՝ այդ առաջարկն անողը հավելեց, թե հետո կարող եմ քվեարկել այնպես, ինչպես ցանկանում եմ: Ինչքան հասկացա, հենց ինքն էլ մտադիր չէր քվեարկել «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ մարդն ուղղակի գործ էր գտել, փող էր աշխատում:

Եվ այնուամենայնիվ՝ ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ հատկապես ՀՀԿ-ի ղեկավար գործիչները լրագրողների աչքերի մեջ ուղիղ նայելով շարունակում էին առանձնակի ջանասիրությամբ հերքել, թե նման ցուցակներ կան, կամ դրանք կազմվում են իրենց հանձնարարությամբ: Այս ամենն անգամ անվանում էին «արջի ծառայություն»՝ պնդելով, թե նման մեթոդներով ավելի շատ վնասում են իրենց: Պարզ է, որ քաղաքական գործիչները երբեմն ստում են: Բայց ինքն իրեն ու դիմացինին փոքրիշատե հարգող գործիչը թերեւս չպիտի շարունակեր ստել, երբ ճշմարտությունը վաղուց պարզ էր, եւ դրա փաստ լինելը հաստատված էր արդեն բազմաթիվ անձանց համար:

Նույնը նաեւ ընտրական հավաքներին մասնակցության մասին: Ազդարարվեց, թե ՀՀԿ-ն այս քարոզարշավում նախընտրել է բակային հանդիպումների տարբերակը եւ պատրաստ է զրուցել անգամ 10-20 բնակչի հետ: «Տեսեք, հետներս ավտոբուսներ չկան, մարդիկ չենք բերում, պլակատներ չունենք: Մենք ներկայանում ենք ձեզ՝ ոնց որ մենք կանք»,- ասում էր Գագիկ Բեգլարյանը: Այս պնդումներից ընդամենն օրեր անց ծանոթ ուսուցչուհիներից մեկը զրույցում դժգոհում էր, թե իրենց արդեն մշտապես են վերաբերվում իբրեւ հավաքների «մասսովկայի» եւ ստիպում են կոլեկտիվով մի համայնքից մյուսը գնալ՝ ՀՀԿ-ի հանդիպումներին մասնակցելու համար:

Այնպես որ՝ այն, որ այս անգամ դա ավտոբուսներով չարվեց, ուղղակի թերեւս ճգնաժամի պայմաններում գումարներ տնտեսելու նպատակ ուներ: Համ էլ՝ ի՞նչ կարիք կա փող ծախսել պլակատների եւ քարոզարշավային այլ թիթիզությունների վրա, եթե նորից արվելու էր այն, ինչ եղավ մայիսի 31-ին:

Քվեարկությունից 2 օր առաջ առաջին անգամ իմ ծանոթների մեջ հայտնաբերեցի մարդու, որն իր ընտանիքում 3 ընտրողների քվեարկության դիմաց ԲՀԿ-ից ստացել էր 15 հազար դրամ: Քվեարկության նախորդ օրը տեսա մեկին, որը ՀՀԿ-ին ձայն տալու համար առաջարկում էր 5 հազար դրամ: Ընդ որում՝ այս առաջարկն անող ինձ անծանոթ երիտասարդի հետ հետագա զրույցից պարզեցի, որ նա էլ ՀՀԿ-ի կողմնակիցը չէր, ուղղակի այս մարդն էլ էր գործ գտել եւ այն անում էր առանց ավելորդ էնտուզիազմի: Փող տալու առաջարկին նա նույնպես հավելում էր վերապահում, թե վերցնելուց հետո կարող ենք քվեարկել մեր ցանկացածի օգտին:

Սակայն մայիսի 31-ին գնալով 102 դպրոցում տեղակայված իմ ընտրատեղամաս՝ դիմացը տեսա կուտակումներ, ու նաեւ, որ մարդկանց մեքենաներով բերում են քվեարկության: Բայց սա արդեն սովորական պատկեր էր: Ոչ սովորական էր տեսնել կանաչ վերնաշապիկով եւ «Արմենիա» մակագրությամբ ԲՀԿ-ական երիտասարդներին, որոնք առանց որեւէ մեկից քաշվելու՝ մեքենայի թափքի վրա գրառումներ էին անում իրենց ցուցակում, թե նշված անուններից որ մեկը եկավ: Այնպես որ՝ միամիտների համար հեքիաթ էր այն, թե կարելի է անունդ ցուցակում գրել տալ, փող վերցնել ու հետո չի վերահսկվելու առնվազն այն, թե եկա՞ր ընտրության:

Քվեաթերթիկ ստանալու հերթում, որտեղ կանգնած էինք Ֆուչիկի եւ Մարգարյան փողոցի բնակիչներս՝ մի երիտասարդ անթաքույց ասաց, թե ինքը Վշտունու փողոցից է, բայց իրեն այստեղ են գցել, անունն էլ կա ընտրացուցակում: Անձնագրի հետ միասին հանձնաժողովի անդամներին ինչ-որ թղթի կտոր ցույց տվեց, որի վրա համարներ էին գրված, եւ դրանից հետո նրան առանց ավելորդ հարցերի տվեցին քվեաթերթիկ:

Պատկերն ամբողջացավ, երբ տեղամասի կին նախագահն այլ հանձնաժողովականներին տեղեկացրեց, թե հանրապետականներն արդեն ուտելիքն ուղարկել են՝ հիմա հերթով կգնան ճաշելու:

Ընտրական տեղամասից դուրս գալու ընթացքում տեսա մի կնոջ, որը միայնակ ցույց էր անում. նա գրություն էր պահել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը չի վաճառվում» տեքստով: Եվ հենց այս հուսահատ ու անզոր թվացող կոչի դիմաց՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի աջակից երիտասարդները անվրդով շարունակում էին անել իրենց գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել