Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ն ԷԼ «ՏԵԽՆԻԿԱ» ՈՒՆԵՐ

Հունիս 01,2009 00:00

Երեկ առավոտից մինչեւ ուշ երեկո մենք շրջել ենք նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքի թիվ 2 ընտրատարածքի տասնյակ ընտրական տեղամասերում: Այս համայնքում անցկացված ընտրությունները մայրաքաղաքի մյուս համայնքներից ոչնչով առանձնահատուկ չէին: Կեսօրից հետո մեր այցելած մեկ տասնյակից ավելի տեղամասերում ասում էին, թե քվեարկությունը նորմալ է ընթանում, բայց այ, տեղամասերից դուրս, դրանց հարող տարածքներում փող բաժանելը համատարած բնույթ էր կրում: Փող բաժանվում էր ոչ միայն տեղամասերի մոտ կանգնած «Գազելներից», այլեւ ավտոտնակներից: Օրինակ՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում մեր ֆոտոխցիկը արձանագրեց, թե ինչպես շենքերի արանքում գործող մի ավտոտնակի ներսում, հենց մուտքի մոտ, մի սեղանիկ էր դրված, որտեղ մարդիկ ելումուտ էին անում եւ ուղեւորվում մոտակա ընտրատեղամասեր: Ընդհանրապես, երեկ Նոր Նորքում իրավիճակը հատկապես լարված էր, որովհետեւ ոչ մի կերպ իրար հետ լեզու չէին գտնում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թիմերը: Մենք ներկա էինք 02/04 տեղամասում անցկացված հաշվարկին: Այստեղ դեռ կեսօրից հետո ահազանգել էին 301 կորած քվեաթերթիկների մասին: Հաշվարկի արդյունքում թեեւ այդ փաստն արձանագրվեց, սակայն հանձնաժողովի որեւէ անդամ չցանկացավ ստորագրել «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամի՝ տիկին Մարգարիտայի առաջարկած արձանագրության տակ: Մեր տեղեկություններով, այդ արձանագրությունն այսօր, այնուամենայնիվ, տիկին Մարգարիտայի եւ ՀԱԿ-ի վստահված անձի կողմից կուղարկվի ՀՀ ԿԸՀ:

Իսկ հաշվարկի արդյունքում այս տեղամասում առաջատարը ԲՀԿ-ն էր՝ 410 ձայն: ՀԱԿ-ը ստացել էր 136 քվե: 210 ընտրող քվեարկել էր հօգուտ ՕԵԿ-ի, բայց քվեաթերթիկում կատարված, տեղ-տեղ նաեւ կարմիր թանաքով արված նշումներից պարզորոշ երեւում էր, որ դրանք արված են միեւնույն ձեռագրով: Հանձնաժողովականներից ոմանք քթների տակ արձանագրեցին, թե ՕԵԿ-ը լավ «կարուսել» է արել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել