Հայաստանում մեծահասակ բնակչության մեկ երրորդը ծխում է
Երեկ Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն էր: Այս օրը սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ 1987թ.: Նշենք, որ, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տարի ծխելու հետեւանքով առաջացած տարբեր հիվանդություններից մահանում է 5 մլն մարդ, ինչը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցրած: Ըստ բժիշկների՝ ծխողների մեծամասնությունը ծխելուց առաջացած հիվանդությունների հետեւանքով մահանում է միջին տարիքում՝ ծխել սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որեւէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը: Ավելորդ չէ հիշեցնել բոլոր ծխախոտամոլներին, որ ծխախոտը պարունակում է նիկոտին, որն էլ միջազգային առողջապահպան մարմինների կողմից ճանաչված է որպես կախվածություն առաջացնող նյութ: Ծխախոտը պարունակում է նաեւ խեժ, որն ունի քաղցկեղածին բազմաթիվ նյութեր:
ՀՀ առողջապահության նախարարությունը, բնորոշելով իրավիճակը Հայաստանում, փաստում է, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն է, սակայն՝ բարձր:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում մեծահասակ բնակչության մեկ երրորդը կանոնավոր ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունն աշխատունակ տարիքի տղամարդիկ են (20-65 տարեկան), որոնցից 54.7%-ը ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը ռիսկի հիմնական գործոն է: Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են, առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երեւան քաղաքի եւ մարզերում բնակվող կանանց շրջանում: Երեւանում բնակվող կանանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ցուցանիշն ավելի բարձր է, քան մարզերում:
Հաշվի չառնելով ծխախոտի առաջացրած հետեւանքները, պարզվում է՝ Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան դեմ են գնացել չինացիները: «The «Daily Telegraph»-ը գրում է, որ չինական Հուբեյ նահանգի իշխանությունները տեղի ծխախոտագործական ընկերությանն աջակցելու համար պաշտոնյաներից ու պետծառայողներից պահանջել են ակտիվորեն ծխել:
Ըստ aysor.am-ի՝ «Daily Telegraph» պարբերականում նաեւ ասվում է, որ Չինաստանի տնտեսությանն աջակցելու համար պետծառայողները, նոր օրենքի համաձայն, պետք է, ընդհանուր առմամբ, 230 հազար տուփ տեղական արտադրության ծխախոտ ծխեն: Ըստ օրենքի՝ այն մարդիկ, ովքեր չեն կատարի պահանջը կամ կծխեն ուրիշ երկրի արտադրության ծխախոտ, ստիպված կլինեն տուգանք վճարել:
Հավելենք նաեւ, որ 2008 թվին էլ, օլիմպիական խաղերի նախաշեմին՝ Չինաստանի կառավարությունը օրենք էր ընդունել, որն արգելում էր ծխել Պեկինի հասարակական վայրերում։ Ըստ օրենքի՝ ռեստորաններում պետք է հատուկ տեղեր առանձնացվեին չծխողների համար։ Իսկ բարերի տերերը ստիպված էին հստակ նշել, թե որտեղ կարելի է ծխել, իսկ որտեղ՝ ոչ։ Այս օրենքը խախտած հիմնարկներն էլ ստիպված էին 5000 յուան (մոտ 700 դոլար) տուգանք վճարել։ 200 յուան էլ տուգանք նախատեսվել էր անհատ անձանց համար։
Հուսանք, Չինաստանի օրինակը՝ մարդկանցից պահանջել ակտիվորեն ծխել, վարակիչ չի դառնա ՀՀ կառավարության համար ու վերջինս Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու նպատակով չի դիմի նման կոշտ ու վնասակար մեթոդների: