Լրահոս
Օրվա լրահոսը

Ասենք ո՛չ՝ «Մադոննա» սպասքեղենին

Հունիս 01,2009 00:00

Մոռանա՞նք մեր պապերի թողած կամոդները, թե՞ շարունակենք դրանց վրա բյուրեղապակյա սպասք շարել:

«Տան ինտերիերին հետեւելը, ուշադրություն դարձնելը՝ չի նշանակում կահավորել-ձեւավորել տունն այնպես, ինչպես հարեւանինն է»,- ասում է «Էկո» կազմակերպության տնօրեն, «Դիզայն էքսպո 2009» ցուցահանդեսի կազմակերպիչ Զառա Ակունցը:

Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացվել էր «Դիզայն էքսպո 2009» առաջին միջազգային ցուցահանդեսը, որը հնարավորություն տվեց ծանոթանալ դիզայներական մտքի նոր միտումներին թե՛ տարածքների ներքին եւ արտաքին հարդարման, թե՛ տպագրության եւ ինտերնետային դիզայնի ոլորտներում: «Փորձել ենք ներկայացնել դիզայնի տարբեր ասպեկտները՝ ինտերիերային, գրաֆիկ դիզայն, վեբ դիզայն եւ այլն: Նշեմ, որ այս ցուցահանդեսին չներկայացավ հագուստի դիզայնի ճյուղը, մեր կանչին միայն «Ադամմա» դիզայն-ստուդիան արձագանքեց: Ցավոք, Հայաստանում մեծ խնդիր կա՝ չեն հասկանում էքսպոյի գաղափարը: Էքսպոն միայն գնահատվում է վաճառքներով, որը շատ սխալ է: Արտասահմանում, օրինակ, էքսպոներում վաճառքն ընդհանրապես արգելված է, էքսպոների միակ նպատակը պետք է լինի ցուցադրումը: Մեր տնտեսական պայմաններից ելնելով, առաջնային պլանում ցուցահանդեսներում դրվում է վաճառքը, ինչը վանում է շատերին մասնակցությունից: Մի մեծ խնդիր էլ կա. եթե ինչ-որ մեկը մի գործով է զբաղվում, քաշվում է իր անկյունն ու չի ցանկանում կողքիններին ցուցադրել»,- «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց Զ. Ակունցը: Ըստ մեր զրուցակցի, «Դիզայն էքսպո 2009»-ում շեշտը դրվել է հիմնականում տան ինտերիերի ձեւավորման վրա. «Ներկայացված տաղավարների առաջարկած նմուշները հիմնականում տան ինտերիերի զարդարման իրեր են: Ըստ իս, Հայաստանում տան ինտերիերի ձեւավորման խնդիր կա: Եթե մոտ տասը տարի առաջ հայ կանանց մոտ «սամ սեբե ռեժիսոր» վիճակն էր, եւ բոլորին թվում էր, թե իրենք ձեւավորման էլեմենտները, ձեւերը գիտեն ու իրենց ճաշակն ամենաբարձրն է, ապա հիմա պատկերը փոխվել է. ուրախալին այն է, որ այժմ հասկացել են՝ ամեն բան իր մասնագետն ունի եւ պետք է դիմել նրանց: Հայաստանում ամեն ինչ միօրինակ է արվում: Վերջերս պատրաստեցի մի դիմակ եւ կոչեցի «Ոչ՝ կուլտին»: Այն պատրաստված է հայ կանանց շրջանում մեծ տարածում գտած «Մադոննա» կապույտ սպասքեղենի ջարդոնից: Դրանով ես դեմ եմ դուրս գալիս այդ սպասքի մասսայականացմանը, քանի որ ինձ ուղղակի հոգնեցրել է այն, որ «ամեն իրեն հարգող» հայ կին տանն ունի դրանից: Ես ջարդեցի ձեռքիս տակ եղածը եւ պատրաստեցի դիմակս: Միայն ափսոսում եմ, որ այդ պրոցեսը չնկարեցի տեսախցիկով, որպեսզի բոլորին ցույց տամ, թե ինչ հաճույքով մուրճով վերացնում եմ դրանք»:

«Առավոտի» հարցին, թե տան ինտերիերի ձեւավորումը ի՞նչ մակարդակի վրա է գտնվում Հայաստանում՝ ցուցահանդեսի մասնակից, քանդակագործ Արթուր Մարգարյանը պատասխանեց. «Իմ բոլոր աշխատանքները տան ինտերիերը լրացնող նմուշներ են՝ սափոր, կուժ, տակառիկ, նուռ, քանդակած եկեղեցիներ, հայկական բնապատկերներ: Դրանք տեղացի հայ կանանց այնքան էլ չեն գրավում: Այ, եթե այս գործերիս կողքով սփյուռքահայ կամ օտարերկրացի անցնի՝ անպայման իր հետ մի նմուշ կվերցնի: Սփյուռքահայերն ավելի մեծ ուշադրություն են դարձնում տան ձեւավորմանը, ժամանակ առ ժամանակ ինչ-որ իր փոխում, հին կահույքը հանում են: Բայց դա, երեւի, նրանց ապրած միջավայրից է. եթե ապրես մի միջավայրում, որտեղ ամոթ կլինի, օրինակ, 25 տարի նույն մահճակալի վրա քնել, ապա վստահ եմ, որ նույնիսկ բյուջեի սղության դեպքում հայերը, ինչպես եւ ամերիկացին ու ավստրալիացին, կփորձեն նույն կերպ վարվել: Ինտերիերին ոչ մեծ ուշադրություն հատկացնելը գալիս է հայկական մենտալիտետից, մեր հին իրերը երբեք դեն չենք նետում, մտածելով, որ դա մեր պապերինն է ու մի օր հաստատ պետք կգա: Ինտերիերի ձեւավորման մշակույթը այստեղ այդքան էլ ձեւավորված չէ: Բայց չէ՞ որ կան մասնագետներ, իսկ հայերը նրանց չեն էլ դիմում»:

Ապակյա եւ բյուրեղապակյա սպասքի զարդանախշում անող Զինա Գրիգորյանն էլ կարծում է. «Հայերիս մոտ միշտ ազգայինը գերիշխող է: Ինձ զարդանախշ պատվիրելիս միշտ ասում են՝ հայկական, հայկական… Այնպես որ, դա մեր գեների մեջ է, ոչ մի եվրոպացի, ամերիկացի այն չի կարող փոխել: Որքան էլ տան ինտերիերի մշակույթի մեջ փոփոխություններ լինեն, միեւնույն է, մենք շարունակելու ենք մեր պապերից մնացած կամոդների վրա բյուրեղապակյա սպասք շարել, պատերը գորգերով ծածկել: Իսկ այնտեղ թող նորաձեւությունը փոխվի ու փոխվի, մե՞զ ինչ…»:

Ոսկուց, ձվից, հավի կաշվից, ձկան փշից, թեփուկներից պատրաստված քանդակների հեղինակ Հերմինե Սարդարյանի խոսքով էլ, տան ինտերիերը ձեւավորելու համար միջոցներ, պարագաներ անհրաժեշտ չեն. «Սեփական մտահղացումն էլ բավական է: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է ստեղծագործող միտք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930