Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՑԻ, ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ

Հունիս 01,2009 00:00

Այսպիսին են հայուհիները՝ ամերիկացի դիզայների աչքերով

\"\"

Օրերս Երեւանում կայացավ ԱՄՆ-ում հիմնված folk դիզայն ստուդիայի կոկտեյլ – ցուցադրությունը: folk-ի դիզայն ըմբռնումն է՝ ոգեշնչվելով ավանդական տարրերով, ստեղծել կանանց հագուստների եւ աքսեսուարների առաջադեմ եւ յուրօրինակ նմուշներ: folk-ի դիզայներական եւ աշխատանքային թիմը ղեկավարում է ամերիկացի դիզայներ եւ ոճագետ Ջինա Հոլդարը, որն արդեն 2 տարի ամուսնու հետ բնակվում է Երեւանում: Դիզայնի ասպարեզում երկար տարիների փորձ ունեցող Ջինայի հավաքածուները՝ ժողովրդի մշակույթի եւ ավանդույթի հանդեպ հարգանքի ու ըմբռնման արդյունք են: Նրա աշխատանքները ցուցադրվել եւ վաճառվել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, իսկ երեւանյան ցուցադրությունը տարբերվում էր նախորդներից, այստեղ առաջին անգամ ներկայացվում էր հեղինակի հագուստների հավաքածուն, որը նվիրված էր Հայաստանի եւ Հարավային Կովկասի ռոմանտիզմին ու արկածայնությանը:

Հագուստների սեւ ու սպիտակ սիլուետները կտավներ են, որոնք, համադրելով հնաոճ տարրերը ժամանակակից տեխնիկայի հետ, ստեղծում են բնական ու յուրօրինակ ոճ:

Բացի սեւ ու սպիտակ հագուստներից՝ ներկայացված էին նաեւ հետաքրքիր աքսեսուարներ, պայուսակներ, գոտիներ, ականջօղեր, բաժակներ, հին հայկական ավանդական ընտանիքների նկարներով բարձեր, սրբիչներ: Մեզ հետ զրույցում Ջինան ասաց, որ երկար փնտրտուքների արդյունքում է գտել հայ ընտանիքների նկարները, որոնց մեծ մասը գնել է Վերնիսաժից: Ցուցադրված հավաքածուի վրա Ջինան աշխատել է այս տարվա սկզբից: «Կարելի է ասել, սեւ ու սպիտակ օգտագործեցի, քանի որ հայերին այդ երկու գույների մեջ էի տեսնում, բայց ավելի շատ ներշնչված էի իմ ընկերուհու՝ նորվեգացի Ռայնհիլդի կողմից, որը եւս 2 տարի Հայաստանում է ապրում: Սեւ ու սպիտակն առաջին անգամ էի օգտագործում եւ այն ինձ համար էլ ինչ- որ չափով փորձ էր, որովհետեւ նախորդ բոլոր հավաքածուները եղել են չափազանց գույնզգույն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ջինան, ով folk ապրանքանիշի հագուստներ ու աքսեսուարներ ստեղծում է՝ սկսած 2002 թվից: Նրա կարծիքով՝ հայ կանայք չափից շատ կանացի են, յուրաքանչյուրն ունի իր անհատական, ուրույն ոճը: «Շատ հետաքրքիր է, երբ տեսնում ես հասարակություն, որտեղ ամեն ոք գտնում է իրենը, ես դա շատ եմ գնահատում: Հայ կանայք չեն վախենում օգտագործել գույնը, գույնզգույն հագնվում են ամբողջ տարին»,- անկեղծացավ Ամերիկայում ծնված սոցիոլոգ եւ ոճաբան Ջինա Հոլդարը: Ցուցահանդես-վաճառքին հրավիրված հայերն ու օտարազգիները համոզված էին, որ folk-ի հագուստներն ու աքսեսուարներն իրենց ներդաշնակ, հարմարավետ եւ յուրօրինակ ոճով կրողին կպարգեւեն ուրույն անհատականություն եւ կանացիության զգացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930