Լրահոս
Օրվա լրահոսը

Շորտեր, ռոք եւ ո՛չ ՀԳՄ անդամությանը

Հունիս 01,2009 00:00

Շաբաթ օրը «Հայելի» ակումբում բանաստեղծ Վահե Արսենը, գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը, արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին այն մասին, թե ինչո՞ւ այս տարի գրականության ոլորտում նախագահի երիտասարդական մրցանակին ոչ ոք չի արժանացել: Հ. Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ներկայացված 18-25 տարեկան 12 երիտասարդների գրական ստեղծագործությունները հավանաբար չեն համապատասխանել տվյալ մրցանակի համար սահմանված չափանիշներին: Վահե Արսենի համոզմամբ, մրցանակ, այնուամենայնիվ, պետք է տրվեր. «Չեմ կարծում, որ երիտասարդական մրցանակի տեղը պիտի թափուր մնար, այն պարագայում, երբ ամեն օր գործ ենք ունենում մասսայական ոչ մշակութային երեւույթների եւ «աստղային» պատերազմների հետ, երբեմն էլ ուրախությամբ է դիտարկվում, թե գրականություն ու գրող չկա»: Հակառակ կարծիքի էր Հ. Թեքգյոզյանը՝ որեւէ ուրիշ մրցանակ չի կարող գրողին խարախուսել գրել, գրականության մրցանակը հենց գրականությունն է:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, Հ. Թեքգյոզյանն ու Վ. Արսենը փաստեցին, թե ինչպես են 2007-ին պետպատվերով տպագրված իրենց գրքերը («Ապակու արեւ», «Կանաչ աստվածների վերադարձը») կալանվել ՀՀ մշակույթի ենթակայությամբ գործող «Գիրքմիավորման» պահեստներում: Ու եթե Վահեի գիրքը մեկ տարի անց հայտնվել է գրախանութներում, Հովհաննեսի գրքերը չկան՝ չեն երեւում:

Մեր հաջորդ հարցին, ինչպե՞ս է մեկնաբանում Հայաստանի գրողների միության անդամ չլինելը, Հովհաննեսը պատասխանեց. «Ես սիրում եմ ռոք եւ էթնիկ երաժշտություն, լավ ֆիլմեր ու ժամանակակից գրականություն: Վերջիվերջո, սիրում եմ նաեւ շորտեր հագնել ու չեմ ուզում Գրողների միության անդամ դառնալով՝ մղվել 50-60-ականների ԽՍՀՄ-ի հորձանուտը»:

Վահեն էլ ժպտալով պատասխանեց, որ ինքը թեեւ ՀԳՄ անդամ է, սակայն դա չի խանգարում իրեն հագնել շորտեր, լինել ռոքի ու մոտոցիկլ վարելու սիրահար: Նա նաեւ հավելեց, որ Գրողների միություն հազվադեպ է մտնում եւ թե ով կլինի այդ կառույցի հաջորդ նախագահը՝ իրեն չի հետաքրքրում. «Ինձ համար մեկ է, որովհետեւ այդ կառույցը հո իմ փոխարեն չի՞ գրելու»:

Բառօգտագործման ազատության մասին էլ երիտասարդները տարբեր կարծիք ունեն: Ըստ Հ. Հակոբյանի, պիտի հնարավորինս խուսափել կոպիտ, ոչ գրական բառերից, ա-երով ստեղծագործելուց: Վ. Արսենը համոզված է. «Պոեզիան բաց դաշտ է, ինչ ուզում ես՝ օգտագործիր, դա քո իրավունքն է, բայց չպիտի հայհոյանքը դառնա նպատակ: Ցավոք, օրիգինալ երեւալու համար շատերը դիմում են այդ միջոցին ու ստեղծում են պոռնոգրաֆիկ ամսագրերի մակարդակից ցածր գործեր»:

Հ. Թեքգյոզյանը եւս տաբուներ չի տեսնում թեմաների ու արտահայտչաձեւերի առումով. «Ինձ համար ցենզուրա չկա, ցենզուրան ճաշակն է, իսկ ամենամեծ վիրավորանքը՝ հոգեկան պոռնոգրաֆիան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել