IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա հունիսի 27-ին: Այդ օրը նա Բեռլինի «Schmeling Halle» մարզասրահում իր չեմպիոնական գոտու հերթական պաշտպանությունը կանցկացնի ծագումով թուրք՝ գերմանաբնակ Մախիր Օրալի հետ:
Աբրահամը նախապես պլանավորել էր հանդիպել չեմպիոնական տիտղոսի պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ: Սակայն այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի մտան, IBF-ը հավանություն տվեց Օրալի հետ գոտու կամավոր պաշտպանությանը: Այդ մենամարտի կազմակերպման վերջնաժամկետը սեպտեմբեր ամիսն է: «Շատ ուրախ եմ, որ ռինգ մտնելու եմ կրկին Բեռլինում,- լրատվամիջոցներին ասել է «Արքա Արթուրը»:- Անցած տարի Կիլլում կայացած իմ նախորդ մարտից հետո ես դադար էի տվել: Բայց հիմա արդեն սկսել եմ մարզումներս: Ռինգ կմտնեմ լավ մարզավիճակում եւ հույս ունեմ, որ իմ երկրպագուներն այս անգամ էլ ինձ ակտիվ կաջակցեն»: