Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ ԿՈՐՅՈՒՆԻ ՊԵՍ

Հունիս 01,2009 00:00

Եվ այսպես, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում AIBA-ի աշխարհի պատանիների առաջնությունը հատեց եզրագիծը:

Յոթ օրվա ընթացքում ռինգում իրենց կարողությունները ցուցադրեցին աշխարհի 42 երկրների 255 պատանի բռնցքամարտիկներ, որոնցից միայն 52-ին հաջողվեց մեդալ նվաճել: Եվ ուրախությամբ պիտի արձանագրել, որ Հայաստանի ներկայացուցիչներն անմասն չմնացին խաղարկված ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներից:

Մեր հավաքականից գերազանց հանդես եկավ 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Նա վճռորոշ մենամարտում միավորների 10:4 տարբերությամբ վստահ պարտության մատնեց հնդիկ Սանդիփին եւ նվաճեց իր կյանքում աշխարհի առաջնության անդրանիկ ոսկե մեդալը, որը նաեւ մեր երկրի համար միակ բարձրագույն մրցանակը եղավ այս առաջնությունում:

Մինչ այդ՝ Կորյունը երեւանյան ռինգում անցկացրել էր եւս չորս մենամարտ ու բոլորում էլ բացահայտ առավելության հասել մրցակիցների նկատմամբ՝ Չարլի Էդվարդսի (Անգլիա)՝ 7:3, Ալմազ Տլեուբերգենովի (Ղազախստան)՝ 13:1, Ջիաննի Գարսիայի (Կուբա)՝ 13:1, եւ Մագոմեդ Ջաբրաիլովի (Ռուսաստան)՝ 10:4:

Եզրափակիչ էր մտել նաեւ 54 կգ քաշային Ջոնիկ Տոնոյանը: Նրա մրցակիցն այս փուլում կուբացի Էռնեստո Յունիոր Բոլերի Վալդեսն էր: Մենամարտն անցավ հավասար պայքարում: Սակայն ավելի փորձառու Վալդեսին ի վերջո հաջողվեց հարվածների մեջ ավելի դիպուկ գտնվել եւ ծանր մրցակցությունում կշեռքի նժարը թեքել իր կողմը: Մրցավարները՝ 5:2 հաշվով, հաղթանակը շնորհեցին նրան: Ու չնայած Ջոնիկը բավարարվեց արծաթե մեդալով, նա հիանալի տպավորություն գործեց թե մասնագետների, թե մարզասերների վրա:

«Ոսկու» մեր երրորդ հավակնորդը 70 կգ քաշային Հայկ Խաչատրյանն էր: Սակայն նրա մրցակիցը՝ իռլանդացի Ժոզեֆ Վարդը, անհամեմատ լավ էր նախապատրաստվել առաջնությանը, ինչն էլ ապացուցեց վճռորոշ այդ մարտում: Առաջին երկու ռաունդներում իռլանդացին միավորների բավականին լուրջ պաշար կուտակեց եւ այլեւս ոչ ոք չէր կասկածում նրա հաղթանակին: Սակայն Վարդը, չբավարարվելով դրանով, երկու անգամ մեր մարզիկին նոկդաունի ենթարկեց, եւ ռինգի մրցավարը, ինչպես պահանջում է պատանիների առաջնության մրցակարգը, դադարեցրեց մենամարտը՝ Տոնոյանին տեխնիկական նոկաուտ գրանցելով: Այդուհանդերձ, հայ բռնցքամարտիկի արծաթե մեդալն արդեն իսկ խոշոր նվաճում է:

Հայաստանի հավաքականի եւս չորս անդամներ՝ Արթուր Քաջոյանը՝ 60 կգ քաշային կարգ, Վոլոդյա Հայրապետյանը՝ 63 կգ, Ալեքսան Նազանյանը՝ 80 կգ, եւ Գոռ Մարգարյանը՝ +80 կգ, բարձրացան պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Ընդհանուր թիմային հաշվարկում նվաճած ոսկե մեդալների քանակով Հայաստանը 42 երկրների մեջ գրավեց 3-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն 1-ին տեղն զբաղեցրած Ռուսաստանին՝ 5, եւ Կուբային՝ 2: Իսկ ընդհանուր մեդալների քանակով շրջանցեց նաեւ Կուբային:

Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդ.

1. ՌԴ 5 0 4 9

2. ՀՀ 1 2 4 7

3. Կուբա 2 1 2 5

3.Ուզբեկստան 1 0 4 5

AIBA-ի աշխարհի պատանիների առաջնությունը առանձնացավ ոչ միայն Հայաստանի հավաքականի գերազանց ցուցանիշներով: Նախ բոլորը՝ թե AIBA-ի ընտանիքը, թե պատվիրակությունների ղեկավարները, թե հավաքականների մարզիչները եւ թե իրենք՝ բռնցքամարտիկները, միահամուռ ընդգծում են կազմակերպչական գերազանց մակարդակը: Իսկ մարզաձեւի միջազգային ասոցիացիայի նախագահ, թաիլանդցի Չինգ Քու Վուն իր մամուլի ասուլիսում կազմակերպիչներին՝ բռնցքամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին եւ սպորտի նախարարությանը, խորին շնորհակալություն հայտնելուց հետո հայտարարել է, որ Հայաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցել են 42 երկրների 255 մարզիկներ, որոնցից 26-ը մտել են եզրափակիչ: Ընդ որում, այդ 26-ը ներկայացնում են 16 երկրներ: «AIBA-ի հովանու ներքո անցկացված նախկին մրցաշարերի ընթացքում մենք երբեք այսպիսի տվյալներ չենք ունեցել,- ասել է նա:- Եղել եմ աշխարհի ավելի քան 60 երկրներում, բայց այնպիսի հրաշալի կառույց, ինչպիսին է Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը, ոչ մի տեղ չեմ տեսել: Կուզեի շատ կարեւոր մի հանգամանք նշել: Առաջնության եզրափակիչ են մտել նաեւ Իսրայելն ու Էկվադորը ներկայացնող մարզիկները, երկրներ, որոնք այսպիսի արդյունք երբեք չեն արձանագրել: Դա նշանակում է, որ Երեւանում մրցավարությունը բարձր մակարդակի վրա է եղել»: AIBA-ի նախագահը դրական է արտահայտվել մեր երկրում նոր առաջնություններ, մասնավորապես, 2010 թվականի Եվրոպայի, աշխարհի մեծահասակների առաջնությունները եւ օլիմպիական մի շարք վարկանիշային մրցաշարեր անցկացնելու Հայաստանի ցանկության վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանն իր ցանկությունների իրականացմանը հասնելու բոլոր հնարավորություններն ունի:

Հ. Գ. Երեկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրավիրել էր առաջնությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը մանրամասն լուսաբանելու համար, առավել ակտիվ աշխատած լրագրողներին հանձնեց շնորհակալագրեր եւ հուշանվերներ: Նա նաեւ իրազեկեց, որ ֆեդերացիան գործադրելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ 2010 թվականի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը նույնպես Երեւանում հյուրընկալելու համար: Իսկ ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ AIBA-ի նախագահը Հայաստանից հեռացել է անչափ տպավորված: «Արդեն «Զվարթնոց» օդանավակայանում, երբ նրան ճանապարհում էինք, պարոն Վուն նախ խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել ձեզ՝ մարզական լրագրողներիդ, ապա նաեւ հավաստիացրեց, որ այս մրցաշարի կազմակերպումով Հայաստան երկրի մարզական դռները բացվեցին աշխարհի առջեւ: AIBA-ի նախագահը մի քանի օրից հանդիպելու է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին եւ խոստացավ տալ մեր միջոցառման մակարդակի հստակ գնահատականը, ինչը մեծ դեր կարող է խաղալ, մասնավորապես, եկող տարվա Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հյուրընկալելու իրավունքի համար գլխավոր մրցակիցների՝ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ընտրություն կատարելու հարցում»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել