Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջեմ սեշըն»՝ «Ուլիխանյանում»

Հունիս 01,2009 00:00

Երաժիշներին համախմբելու լավ առիթ

\"\"«Հայկական ջազը հասկանալ է պետք, եթե հասկացար՝ կսիրես»,- ասում է «Ուլիխանյան» կվինտետի սաքսոֆոնահար Դմիտրի Արզումանյանը։ «Ուլիխանյան» մշակութային ակումբում սովորական է դարձել նույն հարկի տակ հայկական եւ արտասահմանյան ջազի վարպետներ, երիտասարդ ջազային երաժիշտներ եւ ուղղակի ջազի սիրահարներ հյուրընկալելը. առիթը ամեն ամիս ակումբում անկացվող «ջեմ սեշըններն» են։

Օրերս ակումբում կայացավ հերթական «ջեմ սեշընը», որը պետք է անցկացվեր ջազմեն Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, սակայն վերջինս այդպես էլ չներկայացավ։ Դ. Արզումանյանի խոսքերով, «ջեմ սեշընը» երաժշտական ակտ է, որի ժամանակ երաժիշտները հավաքվում են եւ առանց նախապես համատեղ պատրաստվելու՝ նվագում, իմպրովիզներ անում. «Նախօրոք մասնակից երաժիշտների կողմից առաջարկվում են թեմաներ, որոնք պետք է կատարվեն հաջորդ «ջեմ սեշընի» ժամանակ, եւ մինչ այդ, ամեն երաժիշտ առանձին իր համար պարապում է այն։ Իսկ ելույթի ժամանակ բոլորը միասին կատարում են այդ թեմաները, առանց նախօրոք միասին փորձ անելու»։ Ինչպես մեր զրուցակիցն է նշում, «ջեմ սեշըններն» արվում են հիմնականում նոր երգեր հորինելու, ստեղծագործական նոր լուծումներ տալու համար. «Ջեմ սեշըններն» արվում են երիտասարդ, սկսնակ կատարողներին արտահայտվելու հարթակ, հնարավորություն տալու նպատակով։ Սա փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն է։ Հաճախ այն ուղղակի առիթ է նաեւ երաժիշտներին եւ երաժշտասերներին համախմբելու: Այս անգամ էլ նախաձեռնեցինք «ջեմ սեշընը»՝ մտածելով՝ ինչո՞ւ մեր իմպրովիզներին ծանոթանալու հնարավորություն չունենա նաեւ հանդիսատեսը…»։

«Ջեմ սեշընի» մասնակից, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այստեղ չենք գալիս մրցելու, մեկը մյուսից առաջ ընկնելու, ավելի լավ նվագելու։ Մասնակցության իմաստը հաճույք ստանալն է՝ տեղում հորինված երաժշտությունից»։ Մեկ այլ մասնակից, Երվանդ Երզնկյանի թոռ, ամերիկաբնակ սաքսոֆոնահար Դավիթ Երզնկյանն էլ նշեց. «Սա հարմար առիթ է Հայաստանի ջազ երաժիշտներին մի տեղ համախմբելու եւ մի նոր բանի ծնունդ տալու, միասին ստեղծագործելու համար»։

Հարցին, թե ինչպե՞ս է երիտասարդությունն ընդունում եւ ընկալում ջազը, երիտասարդ երաժիշտ, սաքսոֆոնահար Դ. Մելքոնյանը պատասխանեց. «Երիտասարդության լայն շրջանակ կա, որը գնում է փոփի ետեւից, կան նաեւ ջազի սիրահարներ… Ուղղակի փաստն այն է, որ փոփը մեծ մասսայականություն ունի եւ գումար վաստակելու լայն հնարավորություններ է տալիս, իսկ ջազը կոմերցիոն, եկամտաբեր երաժշտություն չէ»։

Շեփորահար Հայկ Ղազարյանի համար «ջեմ սեշընը» նման է սպորտի. «Նմանեցնում եմ սպորտի, քանի որ իր մեջ անսպասելի տարրեր ունի, որը երաժշտի համար շատ հետաքրքիր է այնքանով, որ ստեղծագործությունը ծնվում է, ժողովրդական լեզվով ասած՝ ոտքի վրա, հանդիսատեսի աչքի առաջ»։ Անդրադառնալով հայկական ջազի խնդիրներին, երիտասարդ երաժիշտը նշեց. «Հայկական ջազը միշտ պրպտումների մեջ է։ Այստեղ ջազի դպրոց չկա, որ սիրահարները կարողանան գնալ ու սովորել։ Ահա թե ինչու ջազային ոլորտի երաժիշտները հիմնականում ինքնուս են, դրսից եկողների եւ ներսի վարպետների հույսին»։ Նշենք, որ այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Ուլիխանյան» ակումբը իր դռները կբացի երեխաների համար: Նրանք կհավաքվեն` լսելու «Զանգակներ» խմբին, CANTUS անսամբլին, Մարտին եւ Վարդան Ուլիխանյաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել