Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՎԼԱԴԻՆ ՈՒ ՎԻՏՏԻՆ

Հունիս 01,2009 00:00

\"\"Սիրված դերասանուհի Ալլա Թումանյանը կրկին էկրանին է

Խորհրդային տարիներին մենք զարմացած գավառեցու հիացմունքով խոսում էինք արտասահմանյան կինոյի աստղերի մասին, չնկատելով հայրենական որոշ արվեստագետների, որոնք աստղ էին՝ այդ հասկացության ողջ ընկալմամբ: Ինչո՞վ, ասենք, աստղ չէին Բելլա Դարբինյանը, Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանն ու Գեորգի Մինասյանը կամ դերասանուհի Ալլա Թումանյանը, որը հայկական էկրանում ջնջեց հայ կնոջ մի քիչ խորհրդային ստերեոտիպը ու հաստատեց նոր հերոսուհու ժամանակը՝ դարձյալ մի քիչ եվրոպական արտաքինով, մազերի ժամանակակից սանրվածքով, ինտելեկտով ու նրբագեղությամբ: Հենց այսպես դրոշմվեց մարդկանց մտապատկերում դերասանուհի Ա. Թումանյանը, որին մշտապես հիշելու պահանջն այսօր առավել հրամայական է դառնում, երբ հայկական էկրանում փնտրում ու չես գտնում մեր օրերի կնոջ նախատիպը:

Ժամանակներն ու տարիները իրենց դերը կատարեցին, այլ շնորհալի արվեստագետների շարքում մի տեսակ մոռացում եկավ նաեւ Ալլայի անվան վրա: Կասկած անգամ չկա, որ հազարավոր կինոսիրողներ կարոտել են նրան, նրա տեսակին:

Հռչակավոր Առնո Բաբաջանյանը, երբ 1979թ. գրում էր «Երջանկության մեխանիկա» ֆիլմի (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան) երաժշտությունը, մոնտաժի սեղանի մոտ աշխատանքային նյութերի մեջ տեսնելով ժապավենին առնված Ալլայի դեմքը՝ ասաց. «Հայերս էլ, ուրեմն, մեր Մարինա Վլադին ու Մոնիկա Վիտտին ունենք»: Այս ֆիլմը փոխեց պատկերացումները կինոհերոսի ու կինոժանրի մասին. Ալլան դարձավ ազգային մելոդրամի լավագույն մարմնավորողներից մեկը: Իսկ հետո էկրան բարձրացավ «Մխիթար Սպարապետը» (ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայան)՝ Ալլայի կիսաապաչիական-կիսաֆիդայական կերպարով: Երկարափեշ ու խոնարհ հայացքով հայ օրիորդի փոխարեն դերասանուհին էկրան էր բերել մարտաշունչ մի հերոսուհու, որը այն տարիներին, ո՜վ զարմանք, էկրանին համբուրվում էր առասպելացված Մխիթար Սպարապետ Արմեն Ջիգարխանյանի հետ: Մեր տատիկներն ու պապիկները ամոթից խաչակնքեցին դեմքները, փոխարենը Ալլան հաստատեց, որ կա նաեւ հայուհու այսպիսի նախատիպ, որն իր մեջ ռազմական ուժ եւ սիրո անկեղծ պոռթկում է կրում: Այդ դերակատարման առթիվ անվանի գրող Սերո Խանզադյանն էլ հեռուստաեթերից ասաց. «Ապրի իմ հարս Ալլան, ինքը ինձ հասկացրեց, որ ճիշտ է եղել Եղիշեն, երբ գրել է՝ տիկնայք փափկասուն հայոց աշխարհի…»:

Ա. Թումանյանի դերերը կինոյում քիչ չէին. գուցե սկզբում էր պետք հիշել Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում Ալլայի հերոսուհուն, որը 70-ականներին պարզապես Երեւանի խորհրդանիշն էր: Ճանաչված ու սիրված արտիստուհին Սունդուկյանի անվան թատրոնում ստեղծեց մեկ տասնյակի հասնող դերեր: Իսկ հետո… Հետո 80-ականների կեսերին հեռացավ Հայաստանից: Մոտ երկու տասնամյակ ապրելով օվկիանոսից այնկողմ, Ալլան ամերիկյան «հրաշքը» այդպես էլ չհայտնագործեց, փոխարենը մեծացրեց իր պահանջարկը հայրենիքում: Այսօր դերասանուհուն հանդիպում ենք «Կյանքի գինը» հեռուստասերիալում, ինչի առիթով Ալլային հիշողներն ու ճանաչողները հրճվում են, սակայն ափսոսում ամերիկյան ոչ բեղուն տարիների համար: Չճանաչողներն էլ զարմանում են՝ ո՞վ է այս հետաքրքիր ու հմայիչ դերասանուհին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել