Ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանդես գալով հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ, պահանջեց նախարարներից Մոսկվայից ողորմություն չխնդրել: «Չի՞ ստացվում Ռուսաստանում, պետք չէ խոնարհվել, նվնվալ, լացել, պետք է երջանկությունը փնտրել մոլորակի այլ մասերում: Ես միտումնավոր եմ այս մասին խոսում հրապարակավ»,- հայտարարել է Լուկաշենկոն: Նա հիշեցրել է վերջերս Ղազախստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին, ըստ որի՝ Բելառուսը 40 հազար տոննա շաքար է վաճառելու այդ երկրին: «Ուրեմն, ինչո՞ւմն է խնդիրը: Ինչո՞ւ եք դուք ձեր քիթը խոթում Ռուսաստան, որտեղ ձեզ մերժում են: Մի՞թե դուք չեք հասկանում, որ կրկին ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեզ ուզում են վերցնել մերկ ձեռքերով եւ ձրի»,- զայրացավ Բելառուսի առաջնորդը: Նա նաեւ հավելեց. «Մենք անկախ երկիր ենք եւ ամեն ինչ անելու ենք մեր շահերից ելնելով: Ուստիեւ հիշեք՝ այլեւս ոչ մի ողորմություն: Եթե նրանք չունեն այդ $500 միլիոնը, որը մեզ վաղուց են խոստացել, եւ մենք ըստ այդմ կազմել ենք մեր բյուջեն, մի գնացեք եւ մի խնդրեք: Մենք բազմաթիվ լծակներ ունենք իրավիճակի վրա ազդելու եւ պատասխանելու այն մարտահրավերներին, որոնք մեզ առաջադրում են շատերը, այդ թվում Ռուսաստանը, եկեք հենց դա օգտագործենք: Ե՞րբ ենք մենք վերջապես մտածելու ինքնիշխան պետության պաշտոնյաների նման»: