Դպրոցներում պնդում են, որ իրենք դրամահավաք չեն իրականացնում
«Առավոտի» մայիսի 29-ի համարում լույս տեսած «Շրջանավարտների ծնողները «քամվում են» հոդվածը բազում արձագանքներ ստացավ: Եթե անանուն հանդես եկող ծնողները շնորհակալություն էին հայտնում, որ անդրադարձել ենք այդ ցավոտ թեմային ու մի քանի բան էլ իրենց կողմից էին ավելացնում, ապա դպրոցների ուսուցիչներն ու իրենց անունները տալուց չխուսափող ծնողները ճիշտ հակառակը՝ պնդում էին, որ ոչ մի դրամահավաք էլ չկա, եւ մեզ նման տեղեկություններ հաղորդողները ուղղակի հերյուրանքներ են տարածում: Մասնավորապես, երեկ վերոհիշյալ հոդվածին արձագանքեց Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի ծնողական խորհուրդը՝ ի դեմս 9-րդ դասարանի ծնողներ Շուշանիկ Դիլբանդյանի, Մարիամ Մինասյանի, 11-րդ դասարանի ծնող Թամարա Ավետիսյանի: Նրանք «Առավոտին» փոխանցեցին հետեւյալը. «Վրդովված ենք, որ մեր դպրոցի հասցեին այդպիսի տեղեկություններ են տարածվել: Վստահեցնում ենք, որ մեր դպրոցում ապօրինի դրամահավաքություն գոյություն չունի ո՛չ 9-րդ, ո՛չ էլ 11-րդ դասարաններում, առավել եւս՝ կապված ավարտական քննությունների հետ»:
Նմանատիպ մի արձագանք էլ ստացանք նաեւ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցից: «Առավոտի» հետ զրույցում ծնողական խորհրդի եւ ուսուցչական անձնակազմի ներկայացուցիչները պնդում էին, որ «Առավոտին» փոխանցված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այլ դրանք միտումնավոր են արված՝ դպրոցին շանտաժի ենթարկելու համար: Դասղեկներ Կ. Մխիթարյանը, Ռ. Երիցյանը, Գ. Աղայանը, Մ. Կիրակոսյանը, փոխտնօրեններ Կ. Գեւորգյանն ու Օֆ. Հովհաննիսյանը «Առավոտին» գրավոր կերպով փոխանցեցին հետեւյալը. «Առավոտ» թերթի հերթական՝ 29.05.09թ. համարում «Շրջանավարտների ծնողները քամվում են» հուզական հոդվածի տակ հնչեցվեց թիվ 89 միջնակարգ դպրոցի անունը, բայց ոչ նրա բազում հաջողությունների, այլ դրամահավաքության մասին՝ կապված «Վերջին զանգի» հետ. մի հանգամանք, որ ոչ միայն այս, այլեւ նախորդ տարիներին եղել է զուսպ եւ չափի մեջ: Մեզ՝ դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, ամենից շատ զայրացրեց այն, որ «Առավոտ» թերթը կարող է իր տարբեր համարներում իրարամերժ հոդվածներ տպագրել, խեղել հասարակության կարծիքը եւ վերաբերմունքը մեր կրթօջախի մասին (նախորդ՝ 23.05.09թ.-ում տպագրված էր, որ թիվ 89 դպրոցում 11-րդ դասարանի ծնողները հավաքել են 40 000 դրամ, որը նույնպես հեռու է իրական լինելուց, իսկ 29.05.09թ.-ում՝ 88 000 դրամ: Ակնկալում ենք, որ հաջորդ համարում, նույն տրամաբանությամբ աճելով, գումարը կբազմապատկվի): Մինչդեռ ծայրամասային եւ համեմատաբար սոցիալապես անապահով այս թաղամասում նույնիսկ ցանկության դեպքում այդչափ գումարի մասին խոսելն անբարո է. անգամ այս դպրոցի ամենամսյա ֆոնդը չի գերազանցում 200 դրամը: Իսկ ինչ վերաբերում է իրենց երեխաների հագուստներին եւ «Վերջին զանգին» առնչվող այլ միջոցառումներին, ապա ծնողները դրանք արել են սեփական նախաձեռնությամբ»: Ճշտենք, որ մայիսի 23-ի համարում ակնարկված հոդվածի մեջ խոսքը գնում էր վերջին զանգի արարողության համար հավաքվող գումարի մասին, իսկ երբ դրան գումարվել է քննությունների եւ ավարտական երեկոյի համար հատկացվող գումարը, ըստ մեր աղբյուրների, այդ թիվը հասել է 88 000 դրամի: Թիվ 89-ի ուսուցիչները ճիշտ են, երբ շեշտում են դպրոցի տեղակայման վայրի եւ գումարի չափի ուղիղ համեմատական լինելու մասին: Մեր տեղեկություններով՝ կենտրոնի «անունով» դպրոցներում հավաքում են ավելի քան 100 հազար դրամ՝ վերջին զանգի, ուսուցիչներին հատկացվող նվերների, քննությունների «սեղանների», դասղեկի եւ տնօրենի նվերի եւ իհարկե՝ ավարտական երեկոյի համար:
Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցից արձագանքել էր ոչ միայն ուսուցչական կոլեկտիվը, այլեւ 11գ դասարանի ծնող Նունե Գեւորգյանը. «Այս դպրոցը երկու տարի առաջ որդիս է ավարտել, այս տարի էլ՝ դուստրս: Գոհ եմ դպրոցի ողջ անձնակազմից: Ինչ վերաբերում է վերջին զանգին, ապա այդ արարողության համար հավաքվել է ընդամենը 37 հազար դրամ: Այդ օրը այնքան վատ վիճակում հայտնվեցինք, որ ոչ մի ուսուցչի չկարողացանք նույնիսկ ծաղկեփունջ գնել. տեսագրությունն էլ ունեմ: Կարծում եմ՝ այս ամենն արված է մեր դպրոցը վատաբանելու համար: Վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ արել ենք չափի մեջ: Ծնողներն իրենց երեխաներին թանկարժեք նվերներ էլ են գնել, հագուստ էլ, բայց այդ ամենի վրա ծախսված գումարը ոչ մի կապ չունի դպրոցի հետ»: 11դ դասարանի ծնողկոմիտե Անահիտ Սիմոնյանն էլ ասաց. «Մենք հավաքել ենք 100 դոլարին համարժեք գումար, որը ներառել է զանգերի, վինետկաների, տեսաձայնագրության, լուսանկարչի համար նախատեսված ծախսերը: Դա արել ենք միայն մեր երեխաների համար, չէ՞ որ նրանք 10 տարի սովորել են դպրոցում, բա հիշողություններ չունենա՞ն»: