Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՎԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ

Հունիս 01,2009 00:00

Այս համոզմանն են դիտորդներն ու վստահված անձինք

Վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրություններում ընտրախախտումների մեթոդները, ինչպիսիք են՝ «Կարուսել», «լցոնումներ» կամ բացահայտ ընտրակաշառքներ բաժանելը, փոխվել են: Ընտրակեղծարարներն այլեւս այնքան էլ մեծ ջանքեր չեն գործադրում իշխանության թեկնածուի օգտին ձայներ կորզելու համար, քանի որ, ինչպես դիտորդներն ու վստահված անձինք են վստահեցնում՝ «ամեն բան ընտրատեղամասը փակվելուց հետո է տեղի ունենում, երբ քվեաթերթիկների հաշվարկ է ընթանում»:

Երեկ «Առավոտը», շրջելով Դավիթաշեն եւ Ավան համայնքների ընտրատեղամասերում, արձանագրեց, որ ընդհանուր առմամբ ընտրությունները, գոնե՝ արտաքուստ, խաղաղ էին ընթանում, եւ արտառոց ոչ մի դեպք չի արձանագրվել: Սակայն ինչպես Հայ ազգային կոնգրեսի վստահված անձինք էին ասում՝ դե, թեթեւակի խախտումներ լինում են, էլի:

Դավիթաշեն համայնքի 5/17 ընտրատեղամասում տեղի ունեցած այդ «թեթեւ» միջադեպից մեկն էլ այն էր, որ Հանրապետականի վստահված անձինք քաշքշել են դիտորդ Արմեն Կիրակոսյանին: Նրա պատմելով, երբ մոտեցել է տեղամասում իրենց մի տեսակ ակտիվ պահող անձանց եւ հարցրել, թե ի՞նչ իրավունքով են այդտեղ գտնվում եւ միջամտում ընտրություններին, նրան պատասխանել են, որ ՀՀԿ վստահված անձ են. «Ես էլ ասացի, որ մի կուսակցությունից միաժամանակ 2 վստահված անձ չպիտի լինի, ու վեճի բռնվեցինք, իմ ֆոտոխցիկը ձեռքիցս վերցրեցին»: Արդյունքում՝ Ա. Կիրակոսյանը վնասվածք է ստացել: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Լեւոն Գեւորգյանն էլ հաստատեց, որ իսկապես հրմշտոց է եղել, եւ երկու կողմերն էլ թեթեւ վնասվածքներ են ստացել:

Երբ այցելեցինք Դավիթաշենի 5/3 տեղամաս, հանձնաժողովի անդամներից մեկը՝ Սաթենիկ Խաչատրյանը, որը նաեւ «Ժառանգության» անդամ է, խիստ վրդովված էր: Մեր այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, հանձնաժողովի նախագահ պարոն Սարիբեկյանն ասաց. «Շոու է ցույց տալիս»: Իսկ տիկին Սաթենիկի պատմելով՝ ՀՀԿ ցուցակով ավագանու թեկնածու Դերենիկ Զիրոյանը «քեֆը լավ» վիճակում, այսպես ասած, «ռազբորկա է» սարքել Սաթենիկի հետ, ինչ է թե՝ Սաթենիկը նրա տիկնոջը, որը նաեւ վստահված անձ էր, հորդորել է մարդկանց չուղղորդել, թե ում ընտրեն: Տիկին Սաթենիկի խոսքերով՝ «Դա ի՞նչ խոսելու ձեւ է, խմած եկել է վրաս կռիվ: Նրա կինը մոտ 10 հոգու բերեց ու տարավ: Իմ նկատողությունից հետո ամուսնուն վրաս կռիվ ուղարկեց: Ամեն շալվար հագնող հո տղամա՞րդ չէ: Ինձ ահաբեկել չի լինի, ես ոչ մեկից չեմ վախենում: Մարդ մի անգամ է մեռնում ու պատվով պիտի մեռնի»: Երբ մենք դիմեցինք թեկնածու Զիրոյանին, թե ինչո՞ւ է ընտրելուց հետո ժամերով գտնվում տեղամասում, շփոթվեց եւ նույնիսկ չկողմնորոշվեց՝ ինքը թեկնածո՞ւ է, թե՞ ոչ, գործող ավագանի՞ է, թե՞ ոչ, մեկ ասում էր՝ ավագանի եմ, մեկ էլ՝ նախկին ավագանի եմ:

Ավան համայնքում կարծես թե «շվեյցարական» ընտրություններ տեղի ունեցան. դա՝ հանձնաժողովների նախագահների կարծիքով, իսկ ահա դիտորդներն, այնուամենայնիվ, խախտումներ արձանագրել են: Ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը որոշել էր համայնքի բնակիչներին նեղություն չտալ եւ բնակիչներին իր սեփական տաքսիներով տանել տեղամասեր:

1/11 տեղամասում ՀԱԿ-ի անդամ եւ դիտորդ Մայովկա Մելոյանը «Առավոտին» պատմեց. «Առավոտից տաքսիներով մարդկանց բերում են: Մինչեւ անգամ հերթեր էին գոյանում: Մի մարդ մի տասն անգամ իրա հետ խմբով մարդիկ էր բերում: Մի քանի դեպքեր են եղել, որ բնակիչներն առանց կնիքի թերթիկները գցել են արկղի մեջ: Ցուցակներով մարդկանց բերում էին, նախ՝ իրենց մոտ ստորագրել տալիս ու նոր ուղարկում ընտրելու»:

Ավանի 1/6 ընտրատարածքում ՀԱԿ-ի վստահված անձ Վաչիկ Գրիգորյանն «Առավոտին» պատմեց. «Դիտորդը մարդկանց դիմավորում էր ու խոսում հետներն ու հետեւներից հուշում՝ համար 6-ին կընտրեք: Առաջ Հայաստան»: Այս տեղամասի նախագահը, սակայն, մեզ վստահեցրեց, որ իրենց մոտ, «շվեյցարական ընտրություններ» են:

Մեզ հետ զրույցում Ավանի բնակիչներից շատերը ընտրությունից հետո ասացին. «Տարոնի խաթեր ենք ընտրում, իրավունք չունենք ՀՀԿ չընտրենք, բա Տարո՞նը»: Իսկ Ռոզա տատիկն էլ քվեարկելուց հետո մեզ հետ զրույցում ասաց. «Ես ընտրել եմ իմ աշակերտուհու տղայի կուսակցությունը, աշակերտուհուս խաթեր եմ ընտրել: Նա ինձ գիտի, ինձ մի բան լինի, վստահ եմ՝ կօգնի: Հանրապետականը ըսկի իմ տեղը չգիտի, լավ ու վատ իմ գոյության մասին չգիտի: Ինձ համար սաղ մեկ են: Չեմ հավատում այդ կուսակցությանը, բայց նրա անունը որ էդ կուսակցությունում է, նա իմ երեխան է, ես էլ նրան եմ ընտրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել