Լրահոս
Օրվա լրահոսը

Եկան, լցոնեցին, գնացին

Հունիս 01,2009 00:00

\"\"Հանձնաժողովի նախագահի տեղակալ «Գեւորգի» ղեկավարությամբ

«Առավոտը» երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/20 ընտրատեղամասում ականատես եղավ ընտրախախտումների մի քանի դեպքերի: Մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի անդամները պնդում էին, որ ընտրությունները ընթանում էին առանց լուրջ միջադեպերի, սակայն երբ պատրաստվում էինք լքել ընտրատեղամասը, ՀԱԿ-ի վստահված անձը մեզ խնդրեց մնալ մինչ ընտրությունների ավարտը, քանի որ, նրա հավաստմամբ՝ «մթնոլորտը լարված է, եւ ընտրակեղծիքներ դեռ լինելու են»: Նշված տեղամասում սափրագլուխ, բաց վարդագույն վերնաշապիկով մի երիտասարդ քվեարկեց երկու անգամ: Սա նկատեց նաեւ դիտորդը: Սակայն մինչ վերջինս կհասցներ այդ մասին տեղեկացնել «զբաղված» հանձնաժողովի նախագահ Արամայիս Բաբայանին, երիտասարդը կատարեց իր կրկնակի ընտրությունն ու անհետացավ ընտրատեղամասից: Տեսնելով, որ խախտում թույլ տված երիտասարդը «վստահված անձի» եւ մեր ուշադրության կենտրոնում է, հանձնաժողովի նախագահը խորամանկ քայլի դիմեց: Մոտենալով տարեց ընտրողներից մեկին՝ հարձակվեց նրա վրա եւ սկսեց հարցաքննել, թե «ի՞նչ համարձակությամբ է փորձել մտնել ընտրատեղամաս առանց անձնագրի, այն էլ՝ երկրորդ անգամ»:

Վստահված անձը չկարողանալով ապացուցել իր աչքերի տեսածը եւ չհասցնելով կանգնեցնել «կրկնակի» ընտրողին՝ խուճապահար փորձեց արձանագրություն կազմել, ինչը եւս սպառնալիքներով խոչընդոտվեց ընտրատեղամասի նախագահի կողմից: «Աղջիկ ջան, մնում-մնում, ինքդ քեզ սկսո՞ւմ ես, ի՞նչ ես ուզում, ընկել էս հետեւների՞ցս»,- զայրացավ հանձնաժողովի նախագահի տեղակալը, որը ներկայացավ Գեւորգ անունով:

«Ի՞նչ գիտես, ի՞նչ կարաս ապացուցես, բան ես տեսե՞լ՝ տեղում բռնի կամ ասա՝ մենք էլ բռնենք»,- արդարացավ թիվ 8/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ա. Բաբայանը: Երբ վստահված անձը հայտարարեց, որ խախտումների մասին կտեղեկացնի ուր որ հարկն է, հանձնաժողովի նախագահի տեղակալն ասաց. «Մի քանի տեղ էնքան բան կպատմեմ քո մասին, որ տակից դուրս չես գա»: Հանձնաժողովի անդամներից մեկն էլ հառաչեց. «Վա՜յ, Աստված ջան, երբ պիտի էս ընտրությունները վերջանան, ժողովուրդը խաղաղվի, թող նշանակովի դնեին, պրծնեինք»:

Սրան հաջորդեց քվեաթերթիկների բացահայտ լցոնումը: Այդ ընթացքում նախագահի տեղակալ Գեւորգը փորձեց «Առավոտի» լրագրողներին դուրս հրավիրել ընտրատարածքից՝ հրավիրելով մեկ բաժակ սուրճի: Ստանալով բացասական պատասխան՝ առաջարկեց «աթոռով» դուրս տանել: Ապա Գեւորգը ջանասիրաբար համոզում էր ՀԱԿ-ի վստահված անձին՝ օգնել իրեն թեկուզեւ կես րոպեով մեզ դուրս հանելու գործում, ինչին ՀԱԿ-ի վստահված անձը նույնպես բացասաբար արձագանքեց: Մինչ վստահված անձը կպատասխաներ հերթական հեռախոսազանգին, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մի խումբ սափրագլուխներ կատարեցին իրենց հանձնարարականը՝ լցոնելով միանգամից մի քանի կապոց քվեաթերթիկներ: Լցոնման վերջին պահին վրա հասած ՀԱԿ-ի վստահված անձին հաջողվեց երիտասարդներից մեկի ձեռքից խլել մի քանի քվեաթերթիկ: «Ես ամեն ինչ նկարեցի, ես ունեմ փաստեր, գոնե դրանից վախեցեք»,- բողոքեց ՀԱԿ-ի վստահված անձը: Հանձնաժողովի նախագահի տեղակալն էլ պատասխանեց. «Ի՞նչ ես նկարել, էսօր սաղդ նկարում եք, կարո՞ղ ա ստեղ նկարչության դաս ա: Բերեիք կամերա դնեիք՝ նկարեիք, ով հասնում ա՝ նկարում ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել