Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԳՐԿԱԾ ԵՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ

Հունիս 01,2009 00:00

\"\"Համայնքի ղեկավարները չեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, ինչի հետեւանքով տեղաշարժվելու խնդիրներ ունեցող քաղաքացիները չեն կարողացել գնալ ընտրության:

Երեկ՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, մայրաքաղաքում բնակվող բազմաթիվ հաշմանդամների ընտրական իրավունքը խախտվեց: Խախտվեց հենց միայն այն պատճառով, որ հենասայլակով կամ կույր հաշմանդամները, եթե անգամ կարողացել էին տնից դուրս գալ ու մի կերպ հասնել ընտրատեղամաս, ապա ընտրատարածք մուտք գործելու համար նրանցից մեծ ջանքեր են պահանջվել: Տեղաշարժվելու խնդիրներ ունեցող հաշմանդամները քվեարկությանը մասնակցելու համար ստիպված են եղել մեծ դժվարությամբ ու կողմնակի մարդկանց օգնությամբ բարձրանալ ընտրատեղամասերի աստիճաններով: Մայրաքաղաքի ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունը հարմարեցված եւ կահավորված չի եղել հաշմանդամների համար. թեքահարթակներ կամ կույրերի համար նախատեսված սարքավորումներ, որոնց օգնությամբ պետք է նրանք քվեարկեին, երեկ հատուկենտ ընտրատեղամասերում կարելի էր հանդիպել:

ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված չէ, որպեսզի Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ շրջիկ քվեատուփեր օգտագործվեն, ուստի տեղաշարժվելու խնդիրներ ունեցող հաշմանդամների մեծ մասը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում փաստեց հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը, չի կարողացել ընտրությանը մասնակցել: Պարոն Ալավերդյանը նույնպես իր քաղաքացիական պարտքը մեծ դժվարությամբ է կատարել: Նա կողմնակի անձանց օգնությամբ է հաղթահարել Կենտրոն համայնքում գտնվող թիվ 7 դպրոցում տեղակայված 9/08 ընտրատեղամասի աստիճանները. «Թեքահարթակ չկար, այդ պատճառով էլ ինձ մի քանի մարդ օգնեցին, որպեսզի ես սայլակով կարողանամ բարձրանալ աստիճաններով: Ճիշտ է, հանձնաժողովի անդամները շատ սիրալիր ու բարեհամբույր էին, բայց այն, որ հաշմանդամը նման դժվարությամբ պետք է մտնի ընտրատեղամաս, արդեն իսկ խնդիր է նրա համար: Համայնքների ղեկավարները հաշմանդամների հանգամանքը հաշվի չեն առել: Միայն Պուշկինի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում է, որ մտածել էին մեր մասին»:

«Ունիսոն» կազմակերպության անդամները, որոնք հաշմանդամներ են, այս ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնում: Պարոն Ալավերդյանի տվյալներով, ժամը 15-ի դրությամբ սայլակով կամ կույր ոչ մի հաշմանդամ դեռեւս չէր մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Ավելի ուշ, Սարյան 23 հասցեում տեղակայված թիվ 9/13 ընտրատեղամաս քվեարկելու է եկել սայլակով մի հաշմանդամ եւ 1 կույր քաղաքացի: Պարոն Ալավերդյանի խոսքերով, նրանց էլ օգնել են, որպեսզի 25 աստիճան բարձրանան:

Նշենք, որ ընտրությունների ժամանակ հաշմանդամների համար մատչելիություն պետք է ապահովեն համայնքների ղեկավարները: Սակայն նրանք այդ հարցն անտեսել են: Մինչդեռ Ընտրական օրենսգրքի 16-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ սահմանում է, որ ընտրական տեղամասերում, տեղամասային կենտրոններում Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամների ընտրական իրավունքի իրականացման համար պարտավոր են մատչելիություն ապահովել:

Պարոն Ալավերդյանի ներկայացմամբ, Կենտրոն համայնքի թվով 53 ընտրատեղամասից միայն 2-ը կարելի է մտնել առանց դժվարության, քանի որ ընտրատեղամասից դեպի քվեատուփ ճանապարհը հարթ է եղել:

«Իսկ այն հատուկենտ ընտրատեղամասերում էլ, որտեղ շարժական թեքահարթակներ եղել են, դրանք այնքան թեք ու նեղ են եղել, որ ավելի լավ էր հաշմանդամները դրանցից չօգտվեին, քանի որ օգտվելու դեպքում նրանք իրենց կյանքը վտանգի կենթարկեին»:

Մեզ հետ զրույցում պարոն Ալավերդյանը մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում հաշմանդամների մասնակցությունը գնահատեց «խիստ ցածր ու պասիվ»: Պատճառը, ըստ Ա. Ալավերդյանի, այն է, որ նրանք, բացի այն, որ իրազեկված չեն այդ ընտրություններից, ընտրատեղամասերը մատչելի չեն, նրանց շրջանում նաեւ «քաղաքական պասիվություն» կա. «Հաշմանդամներն այդ ընտրություններից ոչ մի սպասելիք չունեն: Նրանք չեն հավատում, որ իրենց կյանքում ինչ-որ բան կփոխվի»:

Ա. Ալավերդյանի տվյալներով, ժամը 19-ի դրությամբ շատ քիչ թվով հաշմանդամներ էին մասնակցել ավագանու ընտրություններին: Թե կոնկրետ որքան մարդ, պարոն Ալավերդյանն ասաց, որ պարզ կլինի 1-2 օրից միայն: Սակայն նկատենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, մայրաքաղաքում մոտ 40 հազար հաշմանդամ ընտրող կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել