ՎԵՐԵԼԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱԱԿՏԻՎՆ ԷԻՆ
Երեկ ոչ պակաս հետաքրքիր անցավ Նոր Նորքի Գայի պողոտայի բարձրահարկ շենքերի բնակիչների ընտրական «կոմպանիան»: Այստեղ ակտիվ քարոզչություն իրականացրին վերելակները, որտեղ փակցված էին հանրապետականներ Գագիկ Բեգլարյանի եւ Տարոն Մարգարյանի գունավոր լուսանկարները: Ուսումնասիրված 20 եւ ավելի բարձրահարկ շենքերի վերելակներում այսպիսի ցուցապաստառներ էին: Ի դեպ, նման քարոզչական նկարներ մենք հայտնաբերեցինք նաեւ քաղաքի կենտրոնի բարձրահարկ, մասնավորապես՝ Թումանյան փողոցում գտնվող շենքերում:
ՃԱՂԱՎԱՆԴԱԿԻ ԵՏԵՎՈՒՄ ԷԻՆ
Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող այս չգործող թերթուամսագրերի կրպակը երեկվանից շնչում էր: Նրա ներսում փակցված լուսանկարներում շողշողում էր ավագանու թեկնածուներից մեկի նկարը: Միայն ափսոս, որ նա գտնվում էր ճաղավանդակների ետեւում:
ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ՝ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Մայրաքաղաքի բոլոր դատարաններում նշանակվել էին հերթապահություններ: Քաղաքացիները կարող էին մինչեւ ընտրությունների ավարտը դիմել դատարաններ՝ վերականգնելու իրենց ընտրական իրավունքը, եթե իրենց անունները չհայտնաբերեն ընտրացուցակներում: Բացի հերթապահ-դատավորներից, այստեղ հերթապահում էին ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցները: Երեկ, ժ.14-ի դրությամբ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հերթապահում էին Կենտրոնի, Արաբկիրի, Շենգավիթի, Էրեբունու եւ Նուբարաշենի անձնագրային բաժնի աշխատակիցները: Նրանց դատարանում հատկացվել էր առանձին սենյակ, իսկ դիմումի քննության դեպքում՝ դատական նիստերի դահլիճը: Նրանք մեզ տեղեկացրին, որ աշխատելու են մինչեւ ժ. 20-ը:
Արաբկիրի համայնքի անձնագրային բաժնի աշխատակից Աիդա Հակոբյանն ասաց, որ դիմել են իրեն 2 քաղաքացի. Դավիթ Մանուկյանը՝ սեփականատիրոջ՝ անձը հաստատող միակ փաստաթղթով ու Ռոման Ավետիսյանը զորացրման դիմումով: 10 օր առաջ նա անձնագրով դուրս էր գրվել գրանցումից: Նրանք ընտրության չեն կարող մասնակցել: «Կարող էին մասնակցել, եթե ժամանակին դիմած լինեին»,- ասաց անձնագրայինի պատասխանատուն՝ Աիդա Հակոբյանը:
ԱԽՐ, ՇԱՏ ԷՐ ՈՒԶՈՒՄ
Երեկ, ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի փոխանցմամբ, ժ.20-ի դրությամբ ընդհանուր իրավասության դատարաններ ստացվել է ընդամենը 1 դիմում: Դիմումատուն՝ Հայկ Մնացականյանը, դիմել էր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ընտրական իրավունքից օգտվելու համար: Սակայն անձնագրային բաժնում պարզվել էր, որ դիմումատուն Կոտայքի մարզի բնակիչ է եւ չի կարող ընտրել մայրաքաղաքում: Գործն այդ իսկ պատճառով կարճվել է:
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ԼՐԱԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«168 ժամ» թերթի թղթակից Արմինե Ավետյանը հաստատել է այն տեղեկատվությունը, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները քվեաթերթիկների լցոնումներ են կատարել Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/05 ընտրական տեղամասում:Ավետյանը ասել է, որ իրեն է մոտեցել ոմն Վարդան Հովհաննիսյան եւ ներկայացել որպես Ալեքսանյանի զարմիկ: Նա առաջարկել է լրագրողին կես ժամով հեռանալ տեղամասից, որպեսզի ինքն «իր գործն անի», ընդ որում՝ առաջարկելով կաշառք: Սակայն, ինչպես պնդում է լրագրողը, ինքը կտրականապես մերժել է, ինչի արդյունքում, ժամը 16:15-ի սահմաններում իրեն են մոտեցել սպորտային կազմվածքով 5-6 երիտասարդներ եւ բռնությամբ ստիպել հեռանալ ընտրական տեղամասից: