Երեկ ժամը 8.00-ից Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների քվեարկության համար բացվեցին թվով 439 ընտրական տեղամասեր: ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների համաձայն, ընտրողների ցուցակներում ընդգրկված է 771 477 քաղաքացի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված են 29 տեղական հասարակական կազմակերպությունների 5953 եւ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 15 ներկայացուցիչներ:
Երեկ ժ. 8.30-9-ի սահմաններում ահազանգ ստացվեց այն մասին, որ Նորագավիթի թիվ 12/10 եւ թիվ 12/11 ընտրատեղամասերում «ասեղ գցելու» տեղ չկա: Պատճառն այն էր, որ տարեց ընտրողներին տեղամասեր էին բերել 261 երթուղու գազելներով: Վերջիններս կապ չունեն Նորագավիթի «գծի» հետ, քանի որ սպասարկում են Երեւան-Աբովյան երթուղին: Այլ փոխադրամիջոցների մեջ նկատեցինք 28-70, 31-42, 08-56, 28-08 համարանիշի գազելները: Երբ վարորդներից փորձեցինք իմանալ, թե ինչպես են հայտնվել տեղամասում, նրանցից մեկն ասաց, որ իրենք «տեր ունեն, պատվիրում են՝ ուր տանել, իրենք էլ տանում են»:
Այցելելով թիվ 11/27 տեղամաս՝ դիտորդները շրջիկ շտապ իրավական օգնության մեքենաներով հայտնվեցին այն պահին, երբ հանձնաժողովի նախագահը փորձում էր օգնել մի քաղաքացու: Դիտորդները բացեցին ուղեցույցը եւ ասացին, որ դա խախտում է, իսկ հանձնաժողովի քարտուղարն արդարացավ, հայտնելով, որ ուղեցույցն իրենց է տրվել առավոտյան եւ չեն հասցրել ծանոթանալ: Սա այն դեպքում, երբ հանձնաժողովականները, ըստ ԿԸՀ-ի, դասընթացներ են անցել, պատրաստված են եւ «զինված» ընտրական ուղեցույցներով:
Կորան
Շենգավիթի համայնքի թիվ 11/04 ընտրատեղամասում (ի դեպ, սա այն ընտրատեղամասն է, որտեղ ընդհարում էր եղել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հասմիկ Ղազարյանի միջեւ), ժամը 14.30 ի դրությամբ, «Ընդդեմ իրավական բռնության» հասարակական կազմակերպության անդամների կողմից պարզվեց, որ ընտրացուցակներում առկա ստորագրությունների ու օգտագործված քվեաթերթիկների թվերը չեն համապատասխանում. 64 քվեաթերթիկ «կորչում» է:
Թիվ 11/25 ընտրատեղամասում հանձնաժողովի՝ «Օրինաց երկիրը» ներկայացնող անդամ Լիլյա Հարությունյանը սեղանի մոտ աշխատելիս բացեիբաց քարոզում էր «7» համարի օգտին, հիշեցնելով, որ 7-ն աստվածային թիվն է: «Առավոտի» լրագրողի դիտարկմանն ի պատասխան, տիկին Հարությունյանը պատասխանեց, որ ինքը բավականին զայրացած է, քանի որ դեռ գիշերվանից իրենց ամբողջ շենքում հարեւաններին 5000-ական դրամ ընտրակաշառք են բաժանել ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Տիկին Հարությունյանն ասաց, որ դրանով «ջուրն են լցնում» իրենց ողջ քարոզչական աշխատանքը: Նա փաստեց նաեւ, որ ինքը տեսել է, թե ինչպես է ընտրակաշառք բաժանվում նաեւ տվյալ պահին այն մարդանց կողմից, ովքեր գազելներով մարդկանց են բերում ընտրատեղամասեր: Ուստի իր քարոզչությունը օրինացերկրականը արդարացրեց իր մեջ կուտակված զայրույթով:
Հոգեբանական ճնշում
Երեկ ժ.11.45-ին Շենգավիթ համայնքում տեղակայված 11/1 տեղամասի վստահված անձինք, որոնք «Առավոտին» չցանկացան ներկայանալ, հայտնեցին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահը շրջում է տեղամասերով եւ ՀԱԿ-ի վստահված անձանց հոգեբանական ճնշման ենթարկում՝ «Չշարժվեք», «Մի խանգարեք» արտահայտություններով: