Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵծել են, ահաբեկել ու հափշտակել

Հունիս 01,2009 00:00

Ըստ ՀԱԿ-ի՝ երեկ մի քանի տեղամասերում տեղի ունեցած «բռնարարքների պարագլուխները ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու Լեւոն Սարգսյանն են»

Երեկ առավոտյան ժամը 8-ին արդեն Հայ ազգային կոնգրեսը արձանագրել էր, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններն ընթանում են բռնություններով եւ սահմանադրական նորմերի խախտումներով: Երեկ հրավիրված ասուլիսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց մայրաքաղաքի ընտրատեղամասերում մինչեւ ժ. 12.30-ը տեղի ունեցած ավելի քան 30 խախտման մասին:

Մասնավորապես, ընտրական տեղամասերում ՀԱԿ-ի վստահված անձինք տեղեկացրել են, որ սկսած առավոտյան ժամը 8-ից, «Տաքսի Z», «Միլենա» տաքսիները եւ թիվ 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին, տրամադրված են բնակիչներին տեղամասեր տեղափոխելու համար: Ըստ ՀԱԿ-ի, վերոնշյալ տաքսի ծառայությունները պատվերներ չեն կատարում, այլ սպասարկում են միայն ՀՀԿ-ի օգտին քվեարկողներին: Երեկ «Առավոտը», որպես պատվիրատու, մի քանի անգամ զանգեց «Միլենա» տաքսի ծառայություն՝ 62-10-10 հեռախոսահամարով, սակայն մեզ տեղեկացրին, որ ազատ ավտոմեքենա չկա եւ պատվեր չեն կարող ընդունել:

Ա. Մուսինյանի ներկայացմամբ, «փորձում են նաեւ բանակի ռեսուրսները ներդնել ընտրություններում, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է»: Ասվածի վկայությունը երեկ, ժամը 11-ի սահմաններում, 2/28 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպն է: Ժամկետային զինծառայող Վարդան Գյուրջանյանը, զինվորական համազգեստով եւ զինվորական գրքույկով ներկայացել է ընտրատեղամաս եւ հայտարարել, որ իրեն ԼՂՀ Մարտունու թիվ 3 զորամասից, իր բոլոր՝ Երեւանի հաշվառում ունեցող ընկերների հետ ուղարկել են մասնակցելու ընտրություններին:

Ասուլիսում Ա. Մուսինյանն անդրադարձավ նաեւ լրագրողների եւ վստահված անձանց հանդեպ կիրառված բռնություններին: Նշենք, որ համաձայն տեղեկատվության, ծեծի է ենթարկվել լրագրող Գոհար Վեզիրյանը, իսկ եւս 2 լրագրողներից՝ Տաթեւ Մեսրոպյանից եւ Մարինե Խառատյանից խլել են ձայնագրիչներն ու բջջային հեռախոսները: Ա. Մուսինյանը այս միջադեպերը որակեց որպես «ծանր հանցագործություն». «Մենք հայտարարում ենք, որ այդ ամենը անձամբ ղեկավարել է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը: 8/2, 7/1, 7/8, տեղամասերում բռնության դեպքեր են եղել մեր վստահված անձանց եւ «Ժառանգություն» կուսակցության անդամների նկատմամբ: Այս ամենի պարագլուխը եղել է ԱԺ եւս մեկ պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյանը»:

ՀԱԿ-ի վստահված անձինք նաեւ ընտրակաշառքներ բաժանելու տասնյակ դեպքեր են արձանագրել: Այսպես, Նոր Նորքում գտնվող թիվ 2/4 ընտրատեղամասի մոտ ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ներկայացուցիչը գրանցել է, որ ընտրատեղամաս մտնելուց առաջ մարդիկ մոտենում են «Գազել» մակնիշի միկրոավտոբուսին, ստանում կաշառք, որից հետո նոր միայն գնում են քվեարկելու: Իսկ Էրեբունի համայնքում գտնվող թիվ 13/22 ընտրատեղամասում, ըստ ՀԱԿ-ի, Գագիկ Բեգլարյանի կողմնակիցները հենց տեղամասում քվեարկողներին տանում են կից սենյակ եւ 5-հազարական դրամ ընտրակաշառք բաժանում: Ընտրակաշառք են բաժանել նաեւ Նոր Արեշի թիվ 35 դպրոցի բակում:

ՀԱԿ-ի հավաստմամբ, բացի կաշառքներից եւ տարբեր խախտումներից, ընտրատեղամասերում արձանագրվել են նաեւ բռնության եւ ծեծկռտուքի դեպքեր:

Ըստ Ա. Մուսինյանի, բոլոր ընտրակեղծիքների պատճառն այն է, որ այսօր «իշխող քրեականացված կուսակցությունը փորձում է մայրաքաղաքի բնակիչների փոխարեն որոշել, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել