Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԱՆՈՒՄ

Հունիս 01,2009 00:00

Դպրոցներում տեղակայված որոշ ընտրական տեղամասերում քվեարկության ողջ ընթացքը վերահսկվում էր դպրոցների տնօրենների կողմից, որոնք պարզաբանում էին, թե՝ «եկել են իրենց տանը տիրություն անելու»:

Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների արտաքուստ խաղաղ ընթացքին, այնուամենայնիվ, ընտրատեղամասերում բռնության դեպքերը, ծեծկռտուքներն ու մարդկանց իրավունքների խախտումները բազմաթիվ էին: Մեր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերի առջեւ մեծ թվով մեքենաների կուտակումներ էին: 10/11 ընտրատարածք մեր այցելության պահին՝ դարձյալ նույն իրավիճակն էր: Ըստ «Հայ ազգային կոնգրեսի» վստահված անձ Լուսինե Չալուբյանի, «մեքենաների մեջ երիտասարդ տղաներ են, որոնք ամեն վայրկյան պատրատ են կռվի»: Նրա խոսքերով. «Դա մեզ անհանգստացնում է: Նկատողություն ենք անում, հեռանում են, բայց հետո դարձյալ վերադառնում են»: Մեր այցելության պահին ՀԱԿ-ի վստահված անձի նշած խմբերը ընտրատեղամասից ընդամենը 50մ հեռավորության վրա էին գտնվում: Այս տեղամասը գտնվում է Կենտրոն համայնքի Նար-Դոսի փողոցի թիվ 40 դպրոցում:

Ընդհանուր առմամբ, քաղաքապետի ընտրություններին երեւանցիները շատ ակտիվ էին մասնակցում՝ մանավանդ առավոտյան ժամերին: Կենտրոն համայնքի թիվ 39 դպրոցում գտնվող 9/4 եւ 9/5 ընտրատեղամասերում ժամը 11-12-ն ընկած ժամանակահատվածում հսկայական հերթեր էին կուտակվել: Երբ այս առնչությամբ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի դիտորդը, դիմելով հանձնաժողովի նախագահ Ավագ Դանիելյանին՝ ասաց, որ ընտրատեղամասում չի թույլատրվում 15 հոգուց ավելի քաղաքացի ընդունել, նախագահը պատասխանեց. «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ոչ մի հերթ էլ չկա»: Թիվ 9/5 ընտրատեղամասում եւս նույն վիճակն էր: Հանձնաժողովի նախագահ Արմեն Մկրտչյանը պատճառաբանեց, որ քաղաքացիներն իրեն չեն ենթարկվում. «Խնդրում եմ, որ կարգ ու կանոն պահեն, բայց չի ստացվում»:

Ընտրատեղամասում մեր գտնվելու պահին որոշ կուսակցությունների վստահված անձինք, ընտրողներին օգնելու պատրվակով, մոտենում էին նրանց եւ ստուգում, թե ում օգտին են քվեարկել: «Առավոտը» նկատեց, որ այդ գործը շատ բարեհաջող իրականացնում է ՀՀԿ-ի վստահված անձ Լաուրա Պապիկյանը: Երբ նրանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է մոտենում քվեախցում կանգնած մարդկանց, նա պատասխանեց. «Ուղղություն եմ ցույց տալիս»: Պատասխանելով մեր այն հարցին, թե այդ տեղամասում ի՞նչ խախտումներ են եղել, ՀԱԿ-ի վստահված անձ Ավագ Բադոյանն ասաց. «Ամեն ինչն էլ խախտում է: Այդ մասին տեղեկացնում ենք հանձնաժողովի նախագահին, բայց բանի տեղ դնող չկա»: Քվեարկության ընթացքում թիվ 39 դպրոցում էր գտնվում նաեւ տնօրեն Ժաննա Խոջիկյանը, որն իր սենյակում նստած հետեւում էր ընտրություններին: Մեզ հետ զրույցում նա իր ներկա գտնվելն այսպես արդարացրեց. «Եկել եմ իմ տանը տիրություն անելու: Հենա ծաղիկս կոտրել են արդեն»: Նշենք, որ ըստ «Ընտրական օրենսգրքի» 27-30 հոդվածների, բացի հանձնաժողովի անդամներից, վստահված անձանցից, դիտորդներից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներից եւ քվեարկության մասնակիցներից, արգելվում է այլ մարդկանց ներկայությունը:

Քաջունու անվան թիվ 54 դպրոցում տեղակայված 4/06 ընտրատեղամասի աշխատանքներին եւս մասնակցում էր դպրոցի տնօրենը: Տիկին Պետրոսյանը, քվեատուփերի հարեւանությամբ գտնվող իր սենյակից ներս ու դուրս անելով, հանձնաժողովի նախագահ Արսեն Մովսիսյանին որոշակի ցուցումներ էր տալիս: Երբ մենք նրան խնդրեցինք հայտնել իր անունը եւ պարզաբանել, թե ի՞նչ նպատակով է գտնվում դպրոցում, նա պատասխանեց. «Գնում եմ, գնում, սիրելիս, եկել էի քվեարկելու, հիմա արդեն գնում եմ»:

Կենտրոն համայնքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված 10/9 ընտատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Սիրամարգ Վարդումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Այգեստանի 10-րդ շենքի 13-րդ բնակարանի սեփականատերը մեծ աղմուկ է բարձրացրել այն առնչությամբ, որ իրենց հասցեում գրանցված անձանց ցուցակում նկատել է Դավիթ Մակարյան անունով մեկին. «Նա ասում էր, որ այդպիսի մարդ իրենց հասցեում չի ապրում եւ երբեք գրանցված չի եղել, արդեն որերորդ ընտրություններն է, ինչ նա բողոքում է, բայց այդ անունը ցուցակից չեն հանում»: Նա նաեւ նկատել էր, որ ընտրողներին «գազելներով» են բերում ընտրատեղամաս:

Ուշագրավ է, որ Կենտրոն համայնքի 9/14 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն էր իրականացնում «ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում» հ/կ-ն: Հ/կ-ի դիտորդ Անահիտ Դալլաքյանի ներկայացմամբ. «Մեզ հետաքրքիր էր, թե ինչպես են ընթանալու այս ընտրությունները եւ որոշեցինք դիտորդական առաքելություն իրականացնել»: «Առավոտը» ԿԸՀ-ից հետաքրքրվեց, թե իրավասո՞ւ է, արդյոք, առողջապահական ոլորտի հասարակական կազմակերպությունը ընտրական գործընթացներում դիտորդական առաքելություն իրականացնել, որտեղից պարզաբանեցին, որ եթե այդ կազմակերպության կանոնադրությանը դա չի հակասում, նրանք ունեն մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր եւ գրանցված են ԿԸՀ-ում, ապա իրավասու են. «Ինչ վերաբերում է այդ հ/կ-ին, ապա նրանք գրանցված են եւ իրավասու են դիտորդական առաքելություն իրականացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել