Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ

Հունիս 01,2009 00:00

\"\"«Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ընտրախախտումներ գրեթե չեն արձանագրել:

Դավիթաշենում՝ կռիվներ, որոնք կողմերը հերքում են

Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հերքեց լուրերը, թե ԲՀԿ ներկայացուցիչների եւ իր միջեւ բախում է եղել: «Նման բան չկա, որեւէ բան չի եղել, ամեն ինչ անցնում է նորմալ, առանց լուրջ միջադեպերի»,- ասաց ՀՀԿ-ական թաղապետը: Ի դեպ, լուրը հերքեցին նաեւ ԲՀԿ նախընտրական շտաբում: ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը «Առավոտին» ասաց, որ որեւէ միջադեպ Դավիթաշենի թաղապետի եւ ԲՀԿ-ն ներկայացնող նրա հորեղբոր՝ Ռուբեն Գեւորգյանի միջեւ չի եղել։ Ինքը՝ պարոն Գեւորգյանը, մեր հեռախոսազանգերին երեկ չպատասխանեց:

Դեռ մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը Դավիթաշենում լուր տարածվեց, որ հանրապետականները «գործի վրա», այն է՝ կաշառք բաժանելու պահին, «բռնացրել» են ԲՀԿ-ականներին։ Ըստ Դավիթաշենում տարածված տեղեկությունների, մի քանի կանանց ձեռքին եղել է 5 -հազարական դրամ, միջամտել է թաղապետը, եկել է հատուկ ջոկատ, լուրջ ընդհարում է տեղի ունեցել Ռուբեն Գեւորգյանի եւ հանրապետականների միջեւ, եւ որոշ ժամանակ հետո բոլորն ազատ են արձակվել: Այս տեղեկությունը եւս Դավիթաշենի թաղապետը մեզ հետ զրույցում հերքեց: Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ իմանալով ընտրակաշառք բաժանելու փաստի մասին, դուք ձեր տղաներով հասել եք դեպքի վայր, թաղապետը ասաց. «Ես տղաներ չունեմ, ես աղջիկ ունեմ»: Մեր ճշտմանը ի պատասխան, թե խոսքը ոչ թե երեխաների, այլ՝ թիկնապահների մասին է, թաղապետը ասաց, որ «նման բան չի եղել, այդ ամենը ինչ-որ մարդիկ հորինում են»:

Հետաքրքիր է, որ լուրջ բախումների եւ կռիվների մասին գրեթե բոլոր լուրերը առնչվում են ոչ թե ՀՀԿ-ի եւ ընդդիմության կամ՝ ԲՀԿ-ի եւ ընդդիմության, այլ՝ հատկապես այս երկու իշխանական ուժերին:

Պատգամավորը՝ ընտրատեղամասում

\"\"«Ահազանգ ստացվեց Շենգավիթ համայնքի 11/04 ընտրատեղամասից, որ այստեղ խախտումներ են տեղի ունենում եւ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, այցելեցի դեպքի վայր: Տեղում տեսա, որ, իրոք, ԸՕ-ն խախտվում է՝ տեղամասի մոտ կային մարդկանց կուտակումներ, իսկ տեղամասի ներսում 15 մարդուց շատ-շատ ավելի մարդ կար: Հանձնաժողովի նախագահը անընդհատ դուրսուներս էր անում, ինչ-որ մարդկանց էր ներս բերում: Քանի որ ժամանակին որպես լրագրող եւս ականատես եմ եղել, թե այդ տիկինը ինչ ապօրինություններ է անում բոլոր ընտրությունների ժամանակ, ես նրան պարզապես զգուշացրի, որ ինքը չփորձի կիրառել իր նախկին տեխնոլոգիաները եւ հսկի, որ կատարվեն «Ընտրական օրենսգրքի» բոլոր պահանջները: Նա սկսեց բղավել, ես խոսում էի հանգիստ, նա բղավում էր, ես նրան հանգիստ բացատրեցի, որ գոնե այս անգամ հաշտվի իր ճակատագրի հետ եւ իմանա, որ ինքն այլեւս իրավունք չունի ընտրախախտումներ կատարել: Նա հարձակվեց ինձ վրա, ես նրա ձեռքը հրեցի եւ իր իսկ ձեռքով հարվածեցի իրեն: Նրա նախահարձակ լինելը համարժեք պատասխան ստացավ»,- այսպես բացատրեց երեկվա երեւի ամենից աղմկահարույց միջադեպերից մեկը, միջադեպի անմիջական մասնակից, ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ի դեպ, այս դեպքի կապակցությամբ ինքը՝ 11/04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղազարյանը «Հետքի» լրագրողին ասել էր, որ ինքը հեռախոսով հարվածել է պատգամավորին: Ավելի ուշ, ոստիկանությունը տեղեկություն տարածեց, որ Հասմիկ Ղազարյանը ոստիկանությանը հայտնել է, որ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ չի վիճել, վերջինս իրեն չի հարվածել, չի ապտակել եւ ընտրությունն անցնում է նորմալ:

Շտաբի պետն անտեղյակ էր

ԲՀԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը երեկ մեր ոչ մի հարցին չէր ուզում պատասխանել: Մենք ուզում էինք ճշտել՝ իրո՞ք ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանին բռնել են կաշառք բաժանելու պահին, կամ՝ իրո՞ք ԲՀԿ-ականները Դավիթաշենում կռվել են հանրապետականների հետ: Մեր բոլոր հարցերին պարոն Սաֆարյանը միայն մեկ բառով էր արձագանքում. «Տեղյակ չեմ»: Նույն պատասխանը տվեց նաեւ ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը:

Մի քայլ առա՞ջ

ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողներին ասաց. «Երեւանի ավագանու ընտրությունները մեկ քայլ առաջ են լինելու նախորդ բոլոր ընտրություններից»:

Անցավ «Բարգավաճի» առջեւով

Երեւանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը երեկ ժամը 16.30-ի սահմաններում Կամո Արեյանի եւ եւս երեք տղամարդկանց ուղեկցությամբ հրապարակայնորեն զբոսնում էր Աբովյան փողոցում, իսկ «Մարկո-Պոլո» սրճարանի մոտից կտրուկ ձախ շրջադարձ կատարելով, իրեն ուղեկցողների հետ, գլուխը չափազանց բարձր, կարծես ի հեճուկս ԲՀԿ-ի, անցավ այս կուսակցության նախընտրական շտաբի մոտով: ԲՀԿ-ականների անհամար ավտոմեքենաները գրեթե փակել էին մայթը եւ փողոցը, իսկ իրենք՝ ԲՀԿ-ականները մի տեսակ լարվեցին այս «զբոսանքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել