Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՐԵԴ ԼՈՄՈՄ-ՆԵՏ ՊՐԻՅՈՄԱ»

Հունիս 01,2009 00:00

Ամփոփ այսպես նկարագրեց Երեւանի ավագանու ընտրությունը ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ով երեկ ամբողջ օրը թիվ 7 ընտրատարածքում հետեւել էր ընտրության ընթացքին:

Մայրաքաղաքի թիվ 7 ընտրատարածքը, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա համայնքը եւ Շենգավիթ համայնքի մի քանի տեղամասեր, երեկ ընտրությունների ընթացքում կատարված կեղծիքների թվով առաջատարն էր: Ընտրակեղծիքների «պատասխանատուն» այդ տարածքում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր: Նա իր ենթականերով իր առաքելությունը «փայլուն» կատարեց: Հիշեցնենք, որ դեռ նախընտրական շրջանում 7-րդ ԸԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը գործարքի մեջ էր մտել պատգամավորի հետ՝ արդյունքում ընդդիմությունը հանձնաժողովներում բավականին քիչ թվով անդամներ ուներ: Դեռ առավոտյան 11.30-ի դրությամբ 7-րդ ընտրատարածքի տեղամասերում ընտրությունների մասնակցության բավականին աննախադեպ թվեր էին գրանցվել՝ 350- 400 մարդ: Պարզ թվաբանությունը հուշում է, որ ոչ տեսականում եւ առավել եւս՝ գործնականում հնարավոր չէր առավոտվա այդ ժամի դրությամբ այդքան մարդու մասնակցությունը: Ստացվում է, որ բոլոր տեղամասերում, հերթերով՝ ամեն կես րոպեում, քվեարկություն է տեղի ունեցել: Խոսակցություններ էին շրջանառվում, որ նախնական պայմանավորվածություն կա, որ այդ տարածքում ՀՀԿ-ն պետք է լինի առաջատարը՝ 37 տոկոս, երկրորդ տեղում ԲՀԿ-ն էր՝ 35 տոկոս:

Բոկոյի արկածները

Ժամը 17.30-ի սահմաններում, երբ ես ՀԱԿ ներկայացուցչի հետ մտնում էի Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/25 տեղամաս, բավականին հետաքրքիր միջադեպի ականատեսը եղա: Մի հաղթանդամ տղամարդ պատին էր դեմ արել ՀԱԿ վստահված անձ Նվարդին եւ ասում էր. «Քուր ջան, ես ընդդիմությունից եմ, դու իմ աղջկան բան ես ասել, ընչի՞ ես էրեխուս նեղացրել, հլը դուս արի, մի հատ ես քո հետ դուսը խոսամ…»: ՀԱԿ-ի վստահված անձը հրաժարվում էր տեղամասից դուրս գալ՝ ասելով, որ ինքը որեւէ մեկին, առավել եւս՝ երեխայի, չի նեղացրել, եւ եթե իրեն ուղղված հարցեր կան, թող դիմեն տեղամասի տարածքում: Այս խոսակցությունը տեղի էր ունենում հանձնաժողովի անդամների, այլ վստահված անձանց եւ դիտորդների ներկայությամբ, սակայն որեւէ մեկը չէր փորձում խառնվել խոսակցությանը, պարզել, թե ով է այդ անձը եւ ինչո՞ւ է համառորեն ցանկանում տեղամասից դուրս տանել ՀԱԿ-ի ներկայացուցչին: Բոլորը ակնհայտ անտարբերությամբ շարունակում էին կատարել իրենց աշխատանքը: Երբ ես փորձեցի ֆոտոխցիկի վրա ֆիքսել այդ անձին եւ նրա կատարած գործողությունները, նա անմիջապես, բառիս բուն իմաստով, հարձակվեց ինձ վրա, սկսեց քաշքշել եւ գոռալ՝ «Արա, դու ո՞վ ես, քեզ ո՞վ ա թողե նկարես, դու գիտե՞ս քեզ ինչ կանեմ…»: Ես սկսեցի բացատրել, որ նա այդ պահին քրեորեն հետապնդելի արարք է կատարում՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը, նա անմիջապես ձեռքիցս խլեց ֆոտոապարատը, ինձ հրեց ու սպառնալով եւ հայհոյելով դուրս վազեց: Նույնիսկ այդ ընթացքում տեղամասում ներկա հանձնաժողովի անդամները, այլ կուսակցությունների ներկայացուցիչ վստահված անձինք շարունակեցին մնալ դիտորդի կարգավիճակում: Ի դեպ, Ալիկ Սարգսյանի ղեկավարած ոստիկանական համակարգի ներկայացուցիչ կարգի պաշտպանները տեղամասում չէին: Մի քանի րոպե անց ինչ-որ տղաներ ֆոտոապարատը վերադարձրին ինձ, սակայն ֆոտոխցիկի հիշողության քարտը գողացել էին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ կանանց հետ հակամարտող այդ «հերոսը» ոմն «Նորագյուղցի Բոկոն» է, որը կատարվածից անմիջապես հետո անհետացավ արծաթափայլ «Բրաբուս-Ջիփ» մեքենայով, որի պետհամարանիշն ավարտվում էր «555»-ով:

Հանձնաժողովի նախագահ Վաչիկ Պողոսյանը հրաժարվեց գրանցամատյանում գրանցել դեպքի առիթով կազմված արձանագրությունը. «Ես ստեղ չեմ եղել, չեմ տեսել, բան էլ չի եղել: Բացի ՀԱԿ-ից, ուրիշ դիտորդ կամ վստահված անձ կա՞, որ տեսել է միջադեպը: Եթե կա՝ կգրանցեմ»: «Առավոտի» տարակուսանքին ոմն Էդիկ, որն անընդհատ ուղեկցում էր հանձնաժողովի նախագահին եւ կոնտակտի մեջ էր Բոկոյի հետ, ասաց՝ «Էդ թուղթը (արձանագրությունը- Ն. Գ.) մենակ էդ վախտ զորավոր կդառնա»: Էդիկը նախ ներկայացավ հանձնաժողովի անդամ՝ ԱԺՄ-ից, հետո որոշեց, որ ինքն այդ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է: «Լավ եմ արել՝ էկել եմ»,- «Առավոտի» դիտարկմանը պատասխանեց նա: Էդիկը ողջ ընթացքում շրջում էր տեղամասում եւ շրջակա տարածքում ու հրահանգներ տալիս հավաքված յուրայիններին: Իսկ հանձնաժողովի նախագահը համառորեն խուսափում էր այդ պահի դրությամբ ընտրողների մասնակցության թիվ հրապարակել, ակնհայտ նյարդային եւ շփոթված վիճակում էր: Ապա ասաց. «730-ը քեզ ձեռ ա՞ տալի»:

Ավելի ուշ Նվարդը պատմեց, որ հանձնաժողովի նախագահը առանձնազրույց է ունեցել՝ առաջարկելով՝ «ընենց անենք, որ համ իմ համար լավ լինի, համ՝ քո»: Նվարդին մինչեւ հինգ հազար դոլար կաշառք է առաջարկվել: Նա «շատ խիստ» մերժել է առաջարկը եւ հայտարարել, որ ինքը արդարության համար է պայքարելու: Դրան հետեւել է Բոկոյի «հայտնությունը»: Այս տեղամասում ՀՀԿ-ի օգտին բացահայտ քարոզչություն էլ է տեղի ունեցել: «Հաղարծին» հ/կ-ն ներկայացնող դիտորդ Աշոտ Գեւորգյանը անդադար դուրսուներս է արել եւ շփվել դրսում կուտակված անհասկանալի մարդկանց հետ: Նվարդը կարծում է, որ այդ դիտորդի եւ նորագյուղցի հեղինակության միջեւ կապ կար: Նույն տեղամասի՝ ՀԱԿ-ի կողմից հանձնաժողովի անդամ Համլետ Սարգսյանի հետ դեռ նախորդ օրվանից է հանձնաժողովի նախագահը «բանակցությունների» մեջ մտել: Տեղեկանալով, որ Համլետը վարձով է բնակվում, խոստացել է անգամ բնակարանի հարց լուծել: Համլետը պատմում էր, որ առավոտից նախագահը փորձում էր քվեաթերթիկները կնքող հանձնաժողովի անդամի օգնությամբ լցոնումներ կատարել, բայց ինքը թույլ չի տվել: Իսկ Նվարդը պնդում էր, որ տեղամասում գտնվող մնացյալ կուսակցությունները ներկայացնող բոլոր վստահված անձանց եւ դիտորդների հետ հանձնաժողովի նախագահը համաձայնության է եկել:

«Դեմքդ ծանոթ ա»

Հարեւանությամբ գտնվող թիվ 7/26 տեղամասում գալով քվեարկության՝ Անահիտ Մարտիրոսյանը հայտնաբերեց, որ իրենց ընտանիքի բոլոր անդամների փոխարեն քվեարկված է: Ընդ որում, միեւնույն ստորագրությունն էր: Հանձնաժողովի նախագահ Արթուր Անտոնյանը համառորեն համոզում էր տիկնոջը, որ նրա դեմքն իրեն ծանոթ է, հետեւաբար, ինքն արդեն քվեարկել է: Տեսնելով, որ համոզելն անօգուտ է՝ սկսեց խնդրել՝ «դե, լավ, թյուրիմացություն ա եղել»: Այդ տեղամասում ՀԱԿ-ի վստահված անձին հարեւանությամբ գտնվող տեղամասի «հեղինակություն»՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էդիկի հանձնարարությամբ եւ անմիջական հսկողությամբ այնպես էին շրջապատել ու ահաբեկող հայացքներով, արտահայտություններով այնպես էին ուղեկցում, որ նա հրաժարվեց փաստի առիթով արձանագրություն կազմել: Անահիտն իր դիմումը ներկայացրեց ՀԱԿ-ի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կենտրոնական շտաբ:

Պահանջում են չեղյալ հայտարարել

Ամբողջ օրը թիվ 7 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքին հետեւած, ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ՝ «ծայրից ծայր խախտվել է «Ընտրական օրենսգիրքը»: Ավելի ուշ հրավիրած մամուլի ասուլիսում ՀԱԿ-ի Մալաթիա-Սեբաստիա համայնքի շտաբի ղեկավար Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք պահանջելու են, որպեսզի այդ համայնքում ընտրությունները չեղյալ հայտարարվեն: «Էս մեր քաղաքն ա, մենք լավ տղերքն ենք», եւ համանման այլ արտահայտություններով են ավարտվել տիկին Զոյայի՝ արդարության համար պայքարելու ջանքերը: Թիվ 11 դպրոցում տեղակայված 8/5 տեղամասի հանձնաժողովի անդամ հանրապետական Հովհաննես Սարգսյանն էլ հայտարարել է՝ «Էս տղեն էս քաղաքում պրոբլեմ չունի»: Իսկ դպրոցի տնօրեն եւ հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Ազիզյանը, պաշտպանելով յուրայինին, վիրավորանքների տարափ էր տեղացել ԿԸՀ անդամի գլխին: Տիկին Զոյան միայն ափսոսում է մանկավարժի նման պահվածքի համար: Ի դեպ, ասում են, որ Ռուզաննա Ազիզյանն ամբողջ օրը հպարտացել է նրանով, որ ինքը Սերժ Սարգսյանի ուսանողական ընկերուհին է: «Սա ընտրություն չի, մենք ընտրություն կազմակերպող ազգ չենք, ի վիճակի չենք առանց կեղծիքների ընտրություններ կազմակերպել, որովհետեւ մեր ընտրողների մի մասը ոչխարի հոտի պես սպասում է, թե երբ իրեն կքշեն տեղամաս. նման մարդիկ թող մտածեն՝ երբ են մատաղ լինելու»:

Փաստեր շտաբներից

Թիվ 8/02 ընտրատեղամասում ժամը 8:00-ի սահմաններում տեղամասային հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը չհրկիզվող պահարանը չի տեղակայել տեսանելի վայրում՝ չցանկանալով, որ բոլորի ներկայությամբ այնտեղից հանվեն քվեաթերթիկները, վստահված անձ Արման Աբրահամյանը բողոքել է: Հանձնաժողովի նախագահի հրահանգով գրանցամատյանում դա չի գրանցվել։ Այնուհետեւ, քվեարկությունների ժամանակ, հանձնաժողովի նախագահը անընդհատ սկսել է խոչընդոտել Արման Աբրահամյանին, եւ երբ նա կրկին բողոք է ներկայացրել, անծանոթ մի քանի անձինք ներս մտնելով տեղամաս՝ ընտրատեղամասից բռնի կերպով նրան դուրս են հանել, բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Շուրջ 20 րոպե վստահված անձ Արման Աբրահամյանը բացակայել է ընտրատեղամասից եւ չի կարողացել իրականացնել վստահված անձի իր աշխատանքները։ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, ժամը 11:15-ի սահմաններում, տեղակայված են եղել թիվ 71, 70 եւ 82 համարի շուրջ 50-60 երթուղային տաքսիներ, որոնք մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամասեր, նրանք կառավարվում էին սեւ գույնի, մգեցված ապակիներով ԳԱԶ 31 մակնիշի 04 ԼԼ 318 պետհամարանիշի եւ ՎԱԶ 21099 մակնիշի մեքենաներով անձանց կողմից։ Կատարվում էր ուղղորդված քվեարկություն։ Երթուղային տաքսիների «հավաքատեղիի» մոտ ՀՀԿ եւ ԲՀԿ ենթաշտաբներ կան: Թիվ 8/05, 8/06 եւ 8/07 տեղամասերում, որոնք գտնվում են թիվ 90 դպրոցում (մեկ ընդհանուր սրահում), միեւնույն մարդիկ քվեարկել են բոլոր տեղամասերում, սրահում մշտապես գտնվել է 10-15 մարդ։ Ժամը 8-ի սահմաններում թիվ 7/08 ընտրատեղամասի դատական մարմինների կողմից նշանակված հանձնաժողովի անդամ Գոռ Միսակյանը ծեծել է հանձնաժողովի անդամ Գագիկ Աարգսյանին եւ վստահված անձ Սերժիկ Մկրտչյանին: Թիվ 7/18 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ Մխիթար Նաջարյանը ծեծի է ենթարկվել հանձնաժողովի մյուս անդամների կողմից։ Թիվ 7/07 տեղամասում չհրկիզվող պահարանը տեսանելի վայրում չէր։ Թիվ 7/08, 7/09 եւ 7/10 ընտրատեղամասերի մոտ անընդհատ մարդկային կուտակումներ էին։ Ժամը 12։30-ի սահմաններում թիվ 8/27 ընտրատեղամասում Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանը դիտորդական առաքելություն իրականացնելու համար փորձել է նկարահանումներ անել, հանձնաժողովի նախագահ Սամվել Խանյանը խոչընդոտել Ա. Հակոբյանին՝ ասելով՝ «սա անձնական սեկտր է, բոլորը իրար ճանաչում են, հանգիստ մնա, շառի մեջ մի մտի, թող այստեղից գնա»: Նույն 8/27 ընտրատեղամասում տեղի են ունեցել համատարած լցոնումներ՝ ոստիկանության սպաների աջակցությամբ: Անօրինականությունները «գլխավորել» են ավագանու թեկնածու, ՀՀԿ անդամ Սոկրատ Մկրտչյանը եւ հանձնաժողովի նախագահ Սամվել Խանյանը: Իսկ ՀԱԿ դաշինքի կողմնակիցներին չեն թույլատրել քվեարկել։ Նույն 8/27 ընտրատեղամասում վստահված անձ Հրաչ Ալոյանը ականատես է եղել, թե ինչպես հանձնաժողովի նախագահ Սամվել Խանյանը մոտենում է քվեախցիկին եւ պարզում, թե ով ինչպես է քվեարկում։ Առանց անձնագրերի տրվել են քվեաթերթիկներ։ Երբ հայտնաբերվել են քվեարկված քվեաթերթիկներ, վստահված անձը պահանջել է, որ դրանք ճանաչվեն անվավեր: Պահանջը չի բավարարվել: Դրանից հետո վստահված անձը կարողացել է նշված քվեաթերթիկները պատռել, որպեսզի դրանք չգցվեն քվեատուփ։ Կատարվածի մասին գրանցամատյանում չի նշվել։ Թիվ 8/03 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվել է Ղարաբաղից բերված զինգրքույկներով։ Թիվ 8/01 ընտրատեղամասում գողացել են կնիքը եւ դա ֆիքսած լրագրողի տեսախցիկը։ Թիվ 8/16 ընտրատեղամասում կատարվել են լցոնումներ, գողացել են քվեաթերթիկներ։ Թիվ 7/21 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցները ընտրատեղամասից դուրս են հանել ՀԱԿ-ի վստահված անձին: Թիվ 8/17 եւ 8/18 ընտրատեղամասերում մեքենաներով մարդկանց տարել են ընտրությունների, կատարվել են ուղղորդված քվեարկություններ։ Թիվ 8/13 ընտրատեղամասից, ժամը 18-ի սահմաններում, գողացել են կնիքը, դիտորդին եւ ՀԱԿ-ի վստահված անձին հանել են ընտրատեղամասից, որից հետո կատարել են մասսայական լցոնումներ։ Թիվ 8/08 եւ 8/09 ընտրատեղամասերում կատարվել են մասսայական լցոնումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել