Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ խախտումներ չեն եղել

Հունիս 01,2009 00:00

Երեկ քվեարկության ավարտից հետո մեր խնդրանքով գնահատելով ընտրությունների ընթացքը՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ նախընտրական շտաբը եւ ես՝ որպես մամուլի խոսնակ, բավական նորմալ ենք գնահատում քվեարկության ընթացքը: Գտնում ենք, որ լուրջ խախտումներ տեղի չեն ունեցել: Քվեարկությունը հիմնականում անցել է մեր երկրի ստանձնած պարտականություններին համապատասխան, եւ հիմնականում պահպանվել է օրենքի տառը: Շատ լավ, հրապարակային էին աշխատում թե՛ ոստիկանության, թե՛ դատախազության մարմինները եւ հստակ արձագանքում ԶԼՄ-ների ցանկացած փաստի: Ավելի հրապարակային աշխատեց նաեւ ԿԸՀ-ն, ինչը բնականաբար դրական ազդեց ընտրությունների ընթացքի վրա: Կային նաեւ թերացումներ, որոնց մասին ողջ օրվա ընթացքում հրապարակվեցին որոշակի տեղեկություններ: Բայց հիմնականում այս ընտրությունները որակապես տարբերվեցին նախագահական ընտրություններից, եւ լարվածությունը համեմատաբար բավական քիչ էր»:

Մեր խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ կամ իրենց հարող պատգամավորների (մասնավորապես՝ Լեւոն Սարգսյանի, Ալեքսանդր Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի) անձնապես կամ թիկնապահների միջոցով իրագործած բռնություններին կամ այլ միջադեպերին՝ պրն Շարմազանովն ասաց. «Բոլոր անօրինական երեւույթներին ՀՀԿ-ն դեմ է՝ դա մեր հավատամքն է եւ աշխատաոճը: Սակայն մենք դեմ ենք նաեւ սենսացիոն անհիմն հայտարարություններին, ընտրությունների բնականոն ընթացքի վրա ցեխ շպրտելու եւ ստվեր գցելու նման փորձերին: Եթե կա որեւէ խնդիր՝ կարող են դիմել իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է ձեր մատնանշած փաստերին՝ կոնկրետ Ալեքսանդր Սարգսյանի կապակցությամբ չի եղել այն միջադեպը, որը հրապարակել էին լրատվամիջոցները»:

ՀԱԿ-ի տարածած տեղեկության համաձայն՝ Ավանում աշխատող բոլոր միկրոավտոբուսները, Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին պատկանող տաքսի ծառայությունները երեկ մարդկանց ընտրատեղամաս էին տեղափոխում: «ՀՀԿ-ն իր ընտրարշավը կազմակերպել է օրենքի սահմաններում, որեւէ օրինախախտում տեղի չի ունեցել,- այս առնչությամբ ասաց ՀՀԿ խոսնակը:- Կոնկրետ Ավան համայնքի վերաբերյալ ձեր նշած փաստն օրինախախտում չէ: Գուցե եղել են քաղաքացիներ, որոնք որոշել են միասին գնալ ընտրությունների, բայց դա տեղի չի ունեցել ՀՀԿ-ի «բռնի գործողությունների» հետեւանքով: Մեր կուսակցությունն ամենաշատն է շահագրգռված, որ այս ընտրություններն անցնեն իրոք ժողովրդավարության տառին համապատասխան»: Իսկ երբ խնդրեցինք անդրադառնալ այն փաստերին, որ հօգուտ ՀՀԿ-ի քվեարկելու համար 5000-ական դրամ ընտրակաշառք էր բաժանվում՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, «Այս ընտրությունները նախորդներից մի հարցում չէին տարբերվում՝ բավական շատ էր կեղծ տեղեկատվությունը, որը հետագայում հերքվում էր թե՛ դրանց հեղինակների, թե՛ ուժային մարմինների կողմից: ԿԸՀ ներկայացուցիչը հստակ ասաց, որ իրենք գնացել են ընտրակաշառքի մասին պնդումների «հետքերով» եւ չեն հայտնաբերել որեւէ նման բան: Ավելի՛ն՝ դեպքեր եղան, երբ նման լուրերի հետքերով գնացին դատախազության ու ոստիկանության ներկայացուցիչները, եւ այն մարդիկ, որոնք իբր նման տեղեկություն էին տվել՝ հրաժարվեցին ընտրակաշառքի մասին պնդումներից: Շատ դեպքերում տեսնում ենք, որ կան ուժեր, որոնք ցանկանում են դեռեւս ընտրական գործընթացը չավարտված՝ փնովել ու ստվեր գցել մեր ընտրությունների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել