ՀՀ-ն հերթական անգամ չկատարեց ԵԽ առջեւ ստանձնած իր պարտավորությունները
Երեկ Երեւանի ավագանու ընտրություններին զուգահեռ՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ստիպված էր երկու անգամ մամուլի ասուլիս հրավիրել՝ մայրաքաղաքի թվով 13 ընտրատարածքներում տեղի ունեցող խայտառակ ընտրություններին անդրադառնալու եւ դրանց առնչությամբ գնահատական տալու համար: «Իշխանությունները ցույց տվեցին իրենց կրիմինալ դեմքն ու անցկացրեցին հերթական կրիմինալ ընտրությունները Հայաստանում»,- արդեն քվեարկության ավարտից հետո, ժ. 21-ին հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նրա կողմից տեղի ունեցած ընտրություններին տրված ամփոփ գնահատականն այս էր՝ «դրանք բնութագրվում են համատարած ընտրակաշառքներով, ինչն առկա էր բոլոր համայնքներում»: Լ. Զուրաբյանն արձանագրեց նաեւ այն փաստը, որ երեկ, դեռ վաղ առավոտից, մարդիկ երթուղայիններով, տաքսիներով ուղղակի բերվել են տեղամասեր եւ պարտադրված քվեարկություններ են արվել: «Սա այնպիսի մի խախտում է, որը կրել է համակարգված ու կազմակերպված բնույթ: Այս աշխատանքը այսօր չի արվել, ամբողջ գիշեր բաժանվել է փող, իսկ այն մարդկանց, որոնց առավոտյան բերել են, մեկ ամիս շարունակ նրանց իդենտիֆիկացնելու աշխատանքներ են տարվել՝ «100 տոկոսանոց ցուցակների», համատիրություններին տրված հանձնարարությունների միջոցով»:
ՀԱԿ ներկայացուցիչը փաստել է նաեւ Ղարաբաղում ծառայող զինակոչիկներին տեղամասեր բերելու եւ նրանց կողմից քվեարկելու մասին: Ի դեպ, դրանց վերաբերյալ Կոնգրեսը համապատասխան տեսանյութեր ունի: Այդպիսի մի դեպք, ի դեպ, երեկ արձանագրվել է Նոր Նորքի ընտրատեղամասերից մեկում, երբ ժամկետային զինծառայողը քվեարկության էր եկել անգամ զինվորական հագուստով: «Սա ցույց է տալիս, որ ընտրությունների կեղծումը կրել է համակարգված բնույթ՝ պետական մեքենայի օգտագործմամբ»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիայում անցկացված ընտրություններին, ապա դրանք, ըստ ՀԱԿ համակարգողի, «ընտրություններ անվանել ուղղակի չի կարելի»: «Այնտեղ վստահված անձանց, հանձնաժողովների անդամների, դիտորդների, լրագրողների ծեծ ու ջարդի բազմաթիվ դեպքեր են եղել: Նրանց վրա հարձակվել են, դուրս են հանել տեղամասերից, որից հետո, բնականաբար, արել են այն ամենը, ինչ ցանկացել են: Շատ դեպքերում դա կարելի էր բնութագրել պատերազմական իրավիճակ»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը՝ դժվարանալով ասել, թե դրանից հետո այդ տեղամասերում կեղծիքներն ինչ չափեր են ունեցել: Այդուհանդերձ, Լ. Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ «չնայած բոլոր խայտառակ, կրիմինալ դրսեւորումներին»՝ ՀԱԿ-ը պահպանում է հաղթանակի շանսերը. «Այս քաղաքական ճակատամարտը շարունակվում է, բայց եթե եւս մեկ անգամ իշխանությունները բռնաբարեն ժողովրդի կամքը, բնական է, որ ժողովուրդը չի կարող սա անպատասխան թողնել»:
ՀԱԿ-ը ներկայացնող ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանն էլ հայտարարեց, որ թեեւ ընտրական գործընթացը դեռ ավարտված չէ, բայց քվեարկության փուլը գնահատելով՝ ՀԱԿ-ն ասում է, որ այդ ընտրությունները չեն համապատասխանում ո՛չ ԵԽ առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորություններին, ո՛չ էլ ՀՀ Ընտրական օրենսգրքին, եւ այդ ամենի համար առաջին մեղավորը Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբն է: