Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիս 01,2009 00:00

\"\"Իսկ ստացվեց՝ ինչպես միշտ

Երեկ Երեւանում տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ: Դրանք, ինչպես եւ կանխատեսվում էր, ուղեկցվեցին զանգվածային կեղծիքներով, ահաբեկումներով, բախումներով, բռնություններով, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ, եւ մեր հանրությանն արդեն քաջ հայտնի լցոնումներով ու ընտրողներ բերելով: Դրանց մասին միայն Հայ ազգային կոնգրեսում կուտակված ահազանգերը երեկ ուշ երեկոյան կազմում էին ավելի քան 13 էջանոց եւ 100-ից ավելի օրինախախտումներ պարունակող տեղեկանք:

Դրանցից ամենաարտառոցները տեղի են ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բայց քանի որ «Առավոտը» դրանց առանձին է անդրադառնում, ուստի մենք կներկայացնենք այն ահազանգերը, որոնք Կոնգրեսը ստացել է Երեւանի մյուս համայնքներից՝ ըստ տեղամասերի: Այսպես, ժամը՝

13։00- Թիվ 12/27 (Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներ). տեղի է ունեցել լցոնում, ՀԱԿ-ի վստահված անձը կանգնեցրել է խախտումը, կազմվել է արձանագրություն։

Թիվ 13/17 (Արեշ, Էրեբունի), թիվ 43 դպրոց եւ առաջին երկարօրյա դպրոց. կազմակերպվել են «կարուսել» քվեարկություն, ընտրողների խմբակային տեղափոխում «Գազելներով»։

Թիվ 12/17 (Շենգավիթ). ընտանիքը ամբողջ կազմով եկել է քվեարկելու, պարզվել է, որ հոր դիմաց արդեն ստորագրված է, խախտումը հայտնել է ՀԱԿ-ի վստահված անձ Արմեն Հայրապետյանը։ Նույն տեղամասում 54Ա երթուղայինը՝ 2688Տ, եւ 26 երթուղայինը՝ 2159Տ, տեղափոխում են ընտրողների։ Նույն տեղամասում «Ընտրությունը քոնն է» ՀԿ դիտորդն ուղղորդում է ընտրողներին՝ կանգնած քվեախցիկների միջեւ։

13։30- Թիվ 11/21 (Շենգավիթ, Էրեբունի). «քվեարկել» է մահացած Գեւորգ Թադեւոսյանը. այս փաստի կապակցությամբ գրանցում է կատարվել գրանցամատյանում, ՀԱԿ-ի վստահված անձինք ենթարկվում են ճնշման:

Զեյթուն, Պարույր Սեւակի արձանի մոտ՝ ՀՀԿ շտաբի հարեւանությամբ, 113ԼԼ Վոլգա 3110, 07-366 Մերսեդես 600, 88-600 Մերսեդես, 68-610 ԲՄՎ, 06-026 սպիտակ Նիվա մեքենաներով վարորդները ցուցակներով մարդկանց ընտրակաշառք են բաժանում եւ ուղարկում քվեարկելու։ Հաղորդվել է ոստիկանություն, որտեղից ոստիկանական վերակարգ է ուղարկվել ընտրախախտման վայր։

Թիվ 13/27 (Էրեբունի). էլցանցի աշխատող ոմն Ասո 75 երթուղային տաքսիներով մարդիկ է բերում քվեարկության:

Թիվ 12/02, 12/04 տեղամասեր. ընտրատեղամասերում ԲՀԿ-ն 2913, 1184, 0422 երթուղային տաքսիներով մարդկանց բերում է քվեարկության։

13։45- 1/26 Նոր Նորք ընտրատեղամասի մոտ բաժանում են ընտրակաշառք:

14։00- (Ավան). Նարեկացի 3 շենքի բակում լրացվում են ընտրողների անձնագրային տվյալները. անօրինականությունը գրանցված եւ լուսանկարված է։

Թիվ 11/03, (Շենգավիթ). ընտրատեղամասի բակում բաժանում են ընտրակաշառք եւ ավտոբուսներով տեղափոխում ընտրողներին։

15։00- Թիվ 13/18 (Էրեբունի). անհայտ անձը կատարել է լցոնման եւ «կարուսելի» փորձ, խախտումը կանխվել է հանձնաժողովի անդամների եւ ՀԱԿ-ի վստահված անձի կողմից, կազմվել է արձանագրություն:

Թիվ 4/05 (Արաբկիր). ընտրություններին եկող քաղաքացիներին մոտենում են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի անդամները եւ քարոզում իրենց կուսակցությունների օգտին քվեարկել:

Արցախի 8 փողոց. փող է բաժանվում։

Էրեբունի, Նոր Արեշ. 31-րդ փողոցում ՀՀԿ-ն զբաղված է քարոզչությամբ, բաժանում է 5000-ական դրամ եւ տեղափոխում ընտրողներին ընտրատարածք:

Թիվ 11/14. անց է կացվում բաց քվեարկություն:

Թիվ 13/18 (Էրեբունի). կանխվել է լցոնման փորձ, առգրավվել է 24 քվեաթերթիկ՝ 7-ՀՀԿ, 5-ԲՀԿ, 12-ՕԵԿ, կազմվում է արձանագրություն: Ծրարները կնքել է անձամբ հանձնաժողովի նախագահը։

Քանաքեռ-Զեյթուն. ահազանգ է ստացվել Ահարոնյան շենքի 20, 22, 23-ից այն մասին, որ ցուցակներով այցելում են բնակարաններ եւ առաջարկում ֆինանսավորել ու ուղեկցել մինչեւ ընտրատեղամաս։

16։00- Թիվ 10/19, 20 (Կենտրոն). Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը մտել է ընտրատարածք 50 հոգու ուղեկցությամբ եւ փորձել լցոնումներ կատարել, հայտարարելով, թե սա իր երկիրն է եւ ինչ կուզի՝ կանի, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել են եւ հեռացել։

17:31- Թիվ 13/09, 10, 120 դպրոց (Էրեբունի). Մհեր Սեդրակյանի թիկնազորից մեկը, Էդո անունով, որը նաեւ Սեդրակյանի ազգականն է, մի խումբ սափրագլուխների հետ տեղամասում են, ահ ու սարսափ են տարածում: Նույն տեղամասում 15:30-ին մի կին փորձել է երկու քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ: Լրագրողները կանխել են, եւ միայն կռվով է հաջողվել արձանագրումը ապահովել: Մի ուրիշ կին վրդովված լքել է ընտրատարածքը, որովհետեւ տեսել է, որ իր փոխարեն արդեն քվեարկած է: Խախտումը արձանագրվել է:

18:00- Թիվ 149 դպրոց (Արաբկիր). լցոնման քաոս, չեն թույլ տալիս դիտորդներին եւ վստահված անձանց հեռախոսով խոսել:

19։50- Թիվ 5/10. անհայտ մարդկանց մի մեծ խումբ մտել է ընտրատեղամաս եւ ստեղծելով խառնաշփոթ ու քաշքշուկ՝ մոտ 100 քվեաթերթիկ գցել արկղը։ Խլել են միջադեպը նկարահանած «ՉԻ» թերթի լրագրողի տեսախցիկը։

20։00- Թիվ 5/15. առեւանգվել է հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անուշավան Նիկողոսյանը։

Թիվ 5/10. ընտրատեղամաս մտած անհայտ մարդկանց մի մեծ խումբ ստիպում է ՀԱԿ-ի վստահված անձին եւ դիտորդներին դուրս գալ տեղամասից։

21։45- Թիվ 3/12. ընտրատեղամասը փակելուց հետո տեղամասին է մոտեցել Մերսեդես մակնիշի, 19ԼՏ744 համարանիշի ավտոմեքենա, որից հանվել են արկղեր՝ քվեաթերթիկներով, եւ մտցվել տեղամաս՝ տեղամասի հետեւի դռնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել