Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Հունիս 01,2009 00:00

\"\"Ներկայացնում ենք այն խախտումները, որոնց վերաբերյալ երեկ ահազանգեր էին ստացել ՀՅԴ նախընտրական կենտրոնական շտաբը եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանի քաղաքացիական աջակցության կենտրոնը:

Զոքանչի ձեռքը թեթե՞ւ էր

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեկ Արաբկիրի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցում տեղակայված 4/17 ընտրատեղամաս քվեարկելու էր եկել ընտանիքի՝ ընտրության իրավունք ունեցող մյուս անդամների, այդ թվում՝ կնոջ, քենու, զոքանչի եւ աներոջ հետ։ Քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն անգամ ասաց, թե հավատում է, որ զոքանչի թեթեւ ձեռքով արված ընտրությունն անպայման հաջողություն կբերի: Եթե նա նման պնդում աներ մինչ քվեարկությունը՝ վստահ ենք, որ Արծվիկ Մինասյանի օգտին կքվեարկեր երեւանցի զոքանչների մեծամասնությունը, քանի որ այնքան դժվա՜ր է գտնել փեսայի, որը լավ խոսքեր կասի կնոջ մոր մասին:

Սակայն փոխանցենք, թե ինչ խախտումներ էին ստացվում Արծվիկ Մինասյանի քաղաքացիական աջակցության կենտրոնում, որտեղ գտնվել ենք երեկ՝ օրվա ընթացքում: Իսկ ՀՅԴ նախընտրական կենտրոնական շտաբի արձանագրած խախտումները ստացել ենք գրավոր: Նշենք, որ այս խախտումները մի առանձնահատկություն ունեն՝ դրանց գերակշիռ մասը հաջողվել է կանխել ՀՅԴ վստահված անձանց շնորհիվ:

Լցոնում, «կարուսել» բազմակի քվեարկություն

Ըստ ՀՅԴ նախընտրական կենտրոնական շտաբի՝ 3/35 ընտրատեղամասում ՀՀԿ-ն փորձել էր գործադրել «կարուսել» մեխանիզմը: Այն բացահայտել էին, եւ այդ պատճառով 13.30-ի սահմաններում քաշքշուկ էր եղել:

7/12 տեղամասում ՀՅԴ վստահված անձն արձանագրել էր, որ մի անձը երկու անգամ է քվեարկել:

Ըստ Քաղաքացիական աջակցության կենտրոնում ստացված ահազանգի՝ Մալաթիայի 8/6 տեղամասում արձանագրվել էր լցոնման դեպք: Քաղաքացին մեջքի հետեւում է պահած եղել քվեաթերթիկները, ուստի չեն տեսել, թե հատկապես ինչքան է լցրել: Փորձել են արձանագրել կատարվածը, սակայն հանձնաժողովում իշխանության ներկայացուցիչները պնդել են, թե նման բան չի եղել: ՀՅԴ վստահված անձը հետո թողել՝ դուրս է եկել:

8/24 ընտրատեղամասում փորձ է կատարվել լցոնման՝ ՀՅԴ վստահված անձը կանխել է, եւ կազմվել է արձանագրություն:

12/15 տեղամասում մեկը փորձել է 3-րդ անգամ քվեարկել: Սակայն փորձն արձանագրվել է ու կանխվել:

Ընտրական վեճեր

Դավիթաշենի թիվ 192 դպրոցում քաշքշուկ է եղել ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի վստահված անձանց միջեւ: Առիթը վիճաբանությունն էր ընտրությունների կազմակերպման ընդհանուր ընթացքի վերաբերյալ, որ տեղամասում կուտակումներ կան:

Ըստ ստացված ահազանգի՝ Դավիթաշենի թիվ 196 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս է պարբերաբար այցելել թաղապետի տեղակալը եւ վիճաբանել ՀՅԴ վստահված անձի հետ ու փորձել ահաբեկել նրան:

Գրեթե զավեշտալի խախտումներ

Աջափնյակի 6/01 ընտրատեղամասում, որը տեղակայված է Յավորովի անվան թիվ 131 դպրոցում՝ ժամը 15.15-ին ՀՅԴ վստահված անձ Մարիա Կարաթորոսյանը բացահայտել է, որ մի անչափաս տղա փորձում է քվեարկություն կատարել ուրիշի անձնագրով: Ստուգելով նրա անձնագիրը` պարզվել է, որ այն պատկանում է նույն տեղամասում ՕԵԿ-ի վստահված անձ Մելսիդա Ազարյանին: Իսկ այդ տղան նրա ազգականն էր: Սակայն դաշնակցականի փորձերին` կազմել արձանագրություն, հանձնաժողովականները խոչընդոտել են՝ հայտարարելով, թե անչափահաս տղան չի քվեարկել:

Քաղաքացիական աջակցության կենտրոնում ներգրավված վստահված անձանցից մեկն «Առավոտին» փոխանցեց Էրեբունի համայնքի Ավանեսովի փակուղու 1-ին շենքի 15 բնակարանի բնակիչների բողոքը, որ ինչպես եւ նախորդ ընտրությունների դեպքում՝ այս անգամ էլ են զարմանքով բացահայտել, որ իրենց բնակարանում «գրանցված են» եւս երկու՝ իրենց անհայտ անձինք՝ Ռուբեն Արմենակի Հակոբյանը եւ Սուսաննա Արշակի Հակոբյանը: Վերջիններիս, ընտրություններին մասնակցելու համար, անգամ հիշեցման թերթիկ է ուղարկվել՝ 160 դպրոցում տեղակայված 12/29 տեղամասում քվեարկելու համար:

Ընդ որում՝ այս բնակարանի բնակիչների բախտը դեռ բերել է. նրանց հավելագրված անձինք ընդամենը 2-ն են: Մինչդեռ նույն շենքի 12 բնակարանում հավելագրել են 4 մարդու՝ ոմն Սիրանուշ Բեկջանյանի՝ իր ընտանիքի 3 անդամների հետ միասին:

Այլ խախտումներ

1/35 տեղամասում 15 քվեաթերթիկ էր կորել, փաստն արձանագրվել էր:

3/20 ընտրատեղամասում առավոտյան 10-ի սահմաններում շատ հաճախ էր կրկնվել վատ տեսնելու պատրվակով՝ ուղեկցելով քվեարկության տանելը: Հետո այդ հոսքը դադարել էր:

5/15 ընտրատեղամասում բաց քվեարկություն էր եղել հօգուտ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, որին ականատես էին դարձել ՀՅԴ վստահված անձ Արսեն Ղազարյանը եւ «Արդարություն եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամ Արաքսյա Անանյանը: Արդյունքում քվեարկությունը ճանաչվել էր անվավեր:

11/34 ընտրատեղամասում քաղաքացին փորձել էր քվեարկել անձնագրի պատճենով: Դրա դեմ բողոքել էր ՀՅԴ ներկայացուցիչը՝ նշելով, թե դա օրենքի խախտում է։ Սակայն տեղամասային հանձնաժողովի անդամները տեղում որոշում էին կայացրել՝ թույլ տալ տվյալ քաղաքացուն մասնակցել քվեարկությանը:

131 դպրոցում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ էր արվել, սակայն ՀՅԴ վստահված անձի կողմից կանխվել էր:

ՀՅԴ-ն է՞լ է խախտումներ արել

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի թեժ գծի արագ արձագանքման խումբն արձանագրել էր, որ 5/15 տեղամասի դիմաց թաղապետի տեղակալը, որը դաշնակցական է՝ ապտակել է ՀԱԿ-ի ներկայացուցչին: Նաեւ, որ Աջափնյակ համայնքի 6/01 ընտրատեղամասում ժամը 16.15-ին ընտրատարածքային հանձնաժողովի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Սամվել Երեմյանը եւ տեղամասային հանձնաժողովի վստահված անձինք հրելով դուրս են հրավիրել Հելսինկյան ընկերակցության դիտորդ Լյուկ Վանդեւալլեյին նկարահանում կատարելու պատճառով: Ըստ թեժ գծի՝ Սամվել Երեմյանը նաեւ խոչընդոտել է «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին լուսաբանել ընտրատեղամասի քվեարկությունը:

Մեր խնդրանքին՝ մեկնաբանել այս տեղեկությունները, ՀՅԴ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Արեգ Սավգուլյանն ասաց. «Մենք նման ահազանգեր չենք ստացել: Ես ուղղակի տեղեկություն չունեմ, որ այդ կարգի բաներ են եղել»:

ՀՅԴ-ն չի շտապում գնահատել ընտրությունները

«Ազատություն» ռ/կ-ով երեկ հեռարձակվեց Արեգ Սավգուլյանի գնահատականը. «Չեմ կարող ասել, որ բոլոր արդյունքները մեզ գոհացնում են, գոհացուցիչ են, սակայն մեր ստացած ահազանգերի հիման վրա կարող ենք ասել, որ սա, ըստ էության, կտրուկ ազդեցություն չի ունեցել ընտրական ընդհանուր գործընթացի վրա»: «Առավոտի» հետ զրույցի ընթացքում Արեգ Սավգուլյանը պարզաբանեց, թե իր գնահատականը չի վերաբերել ընտրական ընդհանուր գործընթացին, որը հարցազրույցի պահին՝ ժամը 18-ի սահմաններում, դեռեւս ավարտված չէր. «Այդ եզրակացությունն արվել է իմ ունեցած տեղեկատվության հիման վրա: Այդ պահին ընդամենը 8 ահազանգ ենք ունեցել, որոնց մեծամասնության դեպքում ՀՅԴ վստահված անձինք կանխարգելել էին խախտումները: Եվ այդ տվյալների հիման վրա՝ այս ամենը չէր կարող էական ազդեցություն ունենալ»: Մեր հարցին՝ ժամը 18-ից հետո իրավիճակը փոխվե՞ց, թե՞ ոչ՝ Արեգ Սավգուլյանը, որի հետ զրույցը 23.30-ի սահմաններում էր՝ ասաց. «Հիմա էլ ենք մենք անընդհատ տեղեկատվություն ստանում, մշակում եւ հետո կներկայացնենք համապատասխան եզրակացությունները»:

Նշենք, որ կեսգիշերին մոտ փորձեցինք քվեարկության ընթացքի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ նաեւ քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արծվիկ Մինասյանից, սակայն նա նշեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»:

Հ. Գ. Հարցին, թե ինչպես է, որ ՀԱԿ-ը լցոնումների եւ խախտումների ավելի վառ ապացույցներ է ներկայացրել, քան ընդդիմադիր դարձած ՀՅԴ-ն՝ Արեգ Սավգուլյանը պատասխանեց. «ՀԱԿ-ն ուրեմն թույլ է տվել, որ լցոնեն: Իսկ մենք թույլ չենք տալիս, որ լցոնում լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել