Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԿՍԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ

Մայիս 30,2009 00:00

\"\"Ըստ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի, բալետի ապագա արտիստին պետք է վաղ տարիքից ընդգրկել ներկայացումներում:

Անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի՝ Երեւանում իրականացրած Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունը իրադարձություն էր: Արդյո՞ք այս որակը հնարավոր է պահպանել, երբ շատ է խոսվում Երեւանի պարարվեստի պետական քոլեջի «ոչ բարենպաստ» մակարդակի մասին: Հանդիպեցինք Ռոստովի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մի քանի տարի աշխատելուց հետո հայրենիք վերադարձած ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի հետ, քանի որ մեզ հետաքրքրում էին բազմափորձ մանկավարժի, արտիստի մտորումներն ու խոհերը՝ ժամանակակից հայ բալետային արվեստի մասին:

Նշենք, որ երկար տարիներ նա աշխատել է պարարվեստի քոլեջում, Ազգային օպերայի եւ բալետի թատրոնում բեմ բարձրացել շուրջ երկու տասնյակի հասնող դասական բալետային գրականության մենապարերով, որպես մենապարող հանդես եկել Մոնրեալի, Հայֆայի, Թել-Ավիվի բալետային խմբերում: Ա. Գրիգորյանը եղել է նաեւ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը եւ պաշտոնից հրաժարվել է՝ այդպես էլ չմեկնաբանելով իր քայլը: Նկատենք, որ ամեն մի հրաժարականի տակ ինչ-որ բան կա, որը մարդու համար անհարմարություն է ստեղծում: Արվեստագետի հետ հանդիպման ժամանակ «Առավոտը» շրջանցեց այս եւ նրա վերադարձի մասին հարցը եւ հետաքրքրվեց՝ դիտե՞լ է «Սպարտակի» երեւանյան բեմադրությունը, արդյո՞ք այն կարող է ստեղծել նախադրյալներ՝ մեր թատրոնում բալետային խաղացանկը համալրելու առումով, Ա. Գրիգորյանը հայտնեց. «Մի քանի օր է՝ ինչ վերադարձել եմ ու թեեւ չեմ հասցրել դիտել ներկայացումը, որտեղ Սպարտակի մենապարով հանդես են գալիս երբեմնի իմ սաները՝ միջազգային մրցույթի դափնեկիրներ Ռուբեն Մուրադյանն ու Սեւակ Ավետիսյանը, բայց կասկած չունեմ, որ երեւանյան «Սպարտակն» էլ փառահեղ է եղել: «Բալետային» քաղաքներում՝ Մոսկվայում, Պերմում, Նովոսիբիրսկում, դեռեւս «Սպարտակի» փորձերը սկսելուն պես, նախ զարմանում էին ու խոսում Երեւանում իրականացվող «մեծ ռիսկի» առիթով: Գուցե տեղեկատվության պակասն էր, որ ռուս գործընկերներս չգիտեին, որ այսօր շուրջ 40 բալետի հայ արտիստներ զարդարում են եվրոպական ճանաչված թատրոնների բեմերը: Բալետային արվեստը նման է սպորտի. բալետի արտիստը չի կարող իր մարզավիճակն առանց պրակտիկ աշխատանքի պահպանել: Հանրահայտ է, որ Երեւանի թատրոնում բալետային խաղացանկն աղքատ է, իսկ այ, ռուսաստանյան բալետի քոլեջների սաները հենց փոքրուց են ընդգրկվում թատրոնի ներկայացումներում: Մեզ մոտ էլ ապագա բալետի արտիստի մասին պետք է հոգ տանել հենց ուսումնառության տարիներից, բայց…»:

Պարոն Գրիգորյանը ոգեւորությամբ փաստեց, որ արտիստներից շատերը Ռոստովի թատրոնում 7 փորձավարներից իրեն էին ընտրում պարապմունքների համար, մանրամասնելով, որ Ռուսաստանում ընտրության իրավունքը արտիստինն է: Նաեւ հավելեց, որ Ռոստովի թատրոնի խաղացանկում, բացի ժամանակակից ներկայացումներից, կան 12 բալետային դասական ներկայացումներ եւս: Հաստատելով «Առավոտի» լուրը, որ իրեն առաջարկվել է աշխատել որպես Ռոստովի թատրոնի բալետային խմբի ղեկավար, պարոն Գրիգորյանն ասաց, որ ինքը նախընտրել է վերադառնալ Երեւան…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել