Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԵՔԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ

Մայիս 30,2009 00:00

\"\"AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնությունում, որն անցկացվում է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր որոշվելու են չեմպիոնները:

Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ հայաստանցի յոթ բռնցքամարտիկներ եզրափակիչներին մասնակցելու շանս էին ստացել: Սակայն դա հաջողվեց նրանցից միայն երեքին:

Աշխարհի պատանեկան առաջնության «ոսկու» համար պայքարը շարունակելու իրավունք առաջինը նվաճեց 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որի զոհ այս անգամ դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մոգոմեդ Ջաբրաիլովը: Հայ բռնցքամարտիկի առավելությունը մրցակցի նկատմամբ նախորդների պես առավել քան համոզիչ էր՝ 10:4: Վճռորոշ մարտում Կորյունին դիմակայել փորձելու է հնդիկ Սանդիփը, որը շարքից դուրս է մղել Լիտվայի, Բելառուսի եւ Ուզբեկստանի առաջատար բռնցքամարտիկներին:

Հայաստանի համար եզրափակիչի ճանապարհը երկրորդը բացեց Ջոնիկ Տոնոյանը (մինչեւ 54 կգ քաշային կարգ): Նա նույնպես մրցակցին՝ լիտվացի Տոդվիդաս Ստատկեւիչյուսին, զրկեց բոլոր երազանքներից, իսկ մրցավարներին հարկադրեց արձանագրել իր վստահ հաղթանակը՝ 15:7: Այսօր Ջոնիկին պատվո պատվանդանի առաջին աստիճանին բարձրանալու համար հարկավոր է հաղթահարել նաեւ Էռնեստո Ժունիոր Բորելի Վալդեսի դիմադրությունը, ինչը, ըստ ամենայնի, հեշտ չի լինելու:

Հաջորդ փուլ անցնելուն շատ մոտ էր նաեւ 60 կգ քաշային Արթուր Քաջոյանը: Անզիջում պայքարում անցած նրա եւ ուկրաինացի Օլեգ Նեկլյուդովի մրցամարտի երրորդ ռաունդից հետո լուսատախտակի վրա վառվում է 5:5 հաշիվը: Բայց քանի որ ռեֆերին Արթուրին մարտի ընթացքում նկատողություն էր հայտարարել, ի նշան հաղթանակի բարձրացվեց Նեկլյուդովի ձեռքը:

ՄՀՀ-ի տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականներն առանձնակի հետաքրքրությամբ էին սպասում 70 կգ քաշային կարգում Հայկ Խաչատրյանի եւ կուբացի Միգել Խեսուս Հիդալգոյի մարտին: Միանգամից ասենք, որ հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի սանը այն գրանցեց իր օգտին՝ 4:1, եւ դարձավ եզրափակիչի՝ մեր հանրապետության երրորդ մասնակիցը:

Ցավոք, սա երեկվա մեր վերջին հաջողությունն էր: Նախավերջին օրը հայաստանյան ռինգին հրաժեշտ տվեցին Գոռ Մարգարյանը (+80 կգ քաշային կարգ), որը 0:2 նվազագույն հաշվով զիջեց ռուսաստանցի Հասան Գիմբատովին, եւ Ալեքսան Նազանյանը (80 կգ): Վերջինն առաջին իսկ ռաունդում երկու անգամ հայտնվեց նոկդաունում, եւ մրցավարը ստիպված դադարեցրեց մարտը՝ հաղթանակը շնորհելով Միրզոբեկ Հասանովին (Ուզբեկստան):

Հույս ունենք, որ Հայաստանի օրհներգն այսօր առնվազն երկու անգամ կհնչի ՄՀՀ-ի կամարների ներքո: Բայց անկախ դրանից, չորս բրոնզե եւ առնվազն երեք արծաթե մեդալները արդեն լուրջ ձեռքբերում են ու ապագայի հույսեր են ներշնչում: Դա «Առավոտի» հետ զրույցում երեկ վկայեց նաեւ բռնցքամարտի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: «Այսպիսի հաջողություն առաջին անգամ ենք ունենում,- ասաց վաստակաշատ մարզիչը:- Մինչեւ հիմա մենք մեծահասակների հավաքականի ռեզերվի հետ կապված խնդիրներ ենք ունեցել: Հետեւից եկողները շատ քիչ էին: Ինձ ուրախացնում է այն միտքը, որ այսօր այդ թիվը կրկնապատկվում-եռապատկվում է: Համարում եմ, որ սա վերջին հաջողությունը չէ: Այսօրվա ուշադրությունը, լուրջ վերաբերմունքը հետագայում ավելի լավ հանդես գալու հույսեր են ներշնչում: Ես արդեն մտածում եմ՝ այսօրվա մեր պատանիներից մի քանիսին շատ կարճ ժամանակ անց, հավանաբար՝ օգոստոսին կայանալիք մեծերի աշխարհի առաջնությունից հետո, հրավիրել մեծերի հավաքներին, թեկուզ նրա համար, որպեսզի նրանք, ինչպես ասում են, իրենց ավագ ընկերների կողքերը պտտվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել