Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՉ ՋՈՒՐ ՈՒՆԵՆ, ՈՉ ԳԱԶ, ՈՉ ԷԼ՝ ՀՈՒՅՍ

Մայիս 30,2009 00:00

Կոմունիստաշատ եւ եզդիաշատ Լեռնամերձը «շրջափակման» մեջ է

\"\"
\"\"
Ինչպես Ազատ Բարսեղյանը, այնպես էլ Լեռնամերձի այլ բնակիչներ
վիրավորված են պետական կառույցների անտարբերությունից:

Գյուղացին իր սեփականաշնորհած հողի ձեռքը կրակն է ընկել: Իրավական տեսանկյունից սեփականատեր է, փաստացի՝ դատարկաձեռն: 18 տարի առաջ, երբ հողի սեփականատերեր դարձան նաեւ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչները, չէին էլ կարող պատկերացնել, որ հողն իրենց հոգսին նոր հոգս է ավելացնելու:

Գրեթե երկու տասնյակ տարի առաջ հողատեր դարձած գյուղացիները դեռ ոչ մի տարի այդ հողից եկամուտ չեն ստացել. «…որովհետեւ դեռ ոչինչ չենք ցանել, փոխարենը՝ հողի հարկ են պահանջում»,- ասաց լեռնամերձցի Ազատ Բարսեղյանը:

Լեռնամերձցիները հողը չեն մշակում բնության մեղքով՝ Լեռնամերձի 100 հեկտար մշակահողերի ճիշտ կեսը՝ 50 հեկտարը բարձրադիր վայրում է, ուր ջուրն ինքնահոս եղանակով չի հասնում: Այդ հողերի ոռոգման հարցը կարող է լուծվել միայն մեխանիկական ճանապարհով, ինչը, փաստորեն, այսօր անհնար է: Սա լեռնամերձցիների համար ցավոտ հարց է եւ եթե հանրագումարի բերենք նրանց ասածները, ապա ստացվում է, որ ժամանակին «ճարպիկ սպեկուլյանտները» ջրատար ներքին ցանցի «հերն անիծեցին» ու բարձրադիր հողերն անջուր թողեցին խորհրդային կարգերի փլուզումից հետո, երբ թալանեցին ու մեջ-մեջ արեցին 2000 կիլոմետրանոց խողովակաշարն ու ջրամղիչ կայանն իր ողջ «արսենալով»:

Թեեւ ոռոգման ներքին համակարգն արդեն գոյություն չուներ, բայց լեռնամերձցիները շտապեցին հողակտորներ ձեռք բերել՝ համոզված լինելով, որ թալանվածը կվերականգնվի: Սակայն տարիներ անցան, իսկ լեռնամերձցու կյանքում դրական առաջընթաց այդպես էլ չարձանագրվեց:

50 հեկտար անջրդի հողերի հետ այս գյուղում այլեւս հույսեր չեն կապում: Եթե ժամանակին այդտեղ ծառաստան էր, հիմա՝ հետքն էլ չի մնացել: Իր իսկ ձեռքով տնկած պտղատու ծառի վրա այգեգործը կացին է բարձրացնում, որովհետեւ միայն անձրեւի հույսին մնացած ծառերը չորանում, այլեւս բերք չեն տալիս:

Լեռնամերձի ոռոգման համակարգի հիմնանորոգման խնդրանքով համայնքի ղեկավարությունը բազմաթիվ դռներ է թակել: Չեն մերժել, բայց դրական պատասխան էլ չեն տվել ու ոչինչ չի արվել:

Անհույս հողատերերը հիմա կենտրոնացել են միայն տնամերձ հողամասերի վրա, որոնց անհամեմատ ցածր դիրքը թույլ է տալիս ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով:

Գյուղացիներից ոմանց կարծիքով՝ համայնքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի պատճառը իրենց քաղաքական կողմնորոշումն է: «Երբ Լենինի արձանն այստեղից հանենք՝ այդ ժամանակ էլ հարցերը կլուծվեն»,- կեսկատակ- կեսլուրջ ասաց Վարդան Միրզոյանը: Հիշեցնենք, որ Լեռնամերձը Հայաստանի կոմունիստաշատ համայնքներից մեկն է, միակ բնակավայրը, ուր դեռ կանգուն է Լենինի կիսանդրին: Թերեւս հենց այս պատճառով է Լեռնամերձը մարզի բնակչության խոսակցական բառապաշարում Կարմիր Կուբա անունը ստացել:

Կարմիր Կուբան ոչ միայն ջրի, այլեւ՝ «գազային արգելանքի տակ է»: Ձեւակերպումը գյուղացիներինն է եւ ծնվել է այս գյուղի համար դառը իրականությունից՝ հարեւան բոլոր գյուղերում գազը վաղուց արդեն կենցաղի մաս է, Լեռնամերձում՝ դեռ երկնագույն երազանք:

«Իսկական կոմունիկացիոն շրջափակման մեջ ենք»,- նկատեց Ազատ Բարսեղյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարությունը գյուղը գազիֆիկացնելու խնդրանքով բազմիցս դիմել է «ՀայՌուսգազարդին», բայց հուսադրող պատասխան չի ստացել: Ստիպված գործին մասնակից են դարձրել Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանին: Գյուղը գազիֆիկացնելու Թովմասյանի խնդրանք-միջնորդությունը «ՀայՌուսգազարդը» մերժել է. ընկերությունից պատասխանել են, որ 100 տնտեսություն ունեցող գյուղը (2008 թվականի տվյալներով) մինչեւ 2010 թվականի ներդրումային ծրագրերում ընդգրկված չէ: Կարելի է հասկանալ, որ բիզնեսի տեսանկյունից ընկերության համար շահութաբեր չէ 100 տնտեսություն ունեցող գյուղում ներդրում անելը: «Բա սա վերաբերմունք ա՞, որ մեզ են ցույց տալիս: Թող միանգամից ասեն՝ հելեք, ձեր փասափուսեքը հավաքեք ու գնացեք՝ ուր ուզում եք: Թե՞ գյուղում եզդիները շատ են, դրա համար բանի տեղ չեն դնում…», սրտնեղեց լեռնամերձցի եզդին: «Եզդիները չէ, կարմիրներն են շատ. էդ ա պատճառը…»,- եզդի համագյուղացուն «լուսավորեց» հարեւան հայը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել