Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրապետության նախագահը, համաներումը եւ «հասարակական ցանկությունը»

Մայիս 30,2009 00:00

Ապրիլի 10-ի ասուլիսում, որը նվիրված էր որպես նախագահի՝ իր պաշտոնավարման առաջին տարելիցին, Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ 2008թ.-ի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարված չեն, հասարակությունում չի տիրում համերաշխություն։ Սարգսյանն ասաց, որ ինքը համերաշխության է ձգտում: «Սակայն ակնհայտ է, երեւի, որ ես բոլոր ձեւերին չեմ տիրապետում, որովհետեւ եթե տիրապետեի, կարճ ժամանակում մեր հասարակության մեջ համընդհանուր խաղաղություն կլիներ»,- ասաց Ս. Սարգսյանը:

Եվ այսպես, Սարգսյանը գիտե, որ հասարակությունը պառակտված է մարտի 1-ի դեպքերից հետո։ Ի՞նչ է նշանակում «պառակտված»։ Դա նշանակում է, որ երկրում կա մարդկանց մի զգալի խավ, որ դժգոհ է անցյալ տարվա մարտի 1-ին ու նրանից հետո այդ առնչությամբ իշխանությունների ձեռնարկած քայլերից։

Եթե նա այսքանը գիտե, ապա չի կարող չիմանալ, որ այդ պառակտման մի արտահայտությունն այն է, որ երկրում կան, ինչպես շատերն են նրանց անվանում, քաղաքական բանտարկյալներ։ Չեմ ուզում վիճել այդ տերմինի շուրջ, բայց փաստն այն է, որ երկրում կան ավելի քան հինգ տասնյակ բանտարկյալներ, որոնք իրենց մեղավոր չեն ճանաչում։ Բառիս ամենաուղիղ իմաստով՝ այդ մարդիկ գերադասում են մնալ բանտում, քան ներում հայցել նախագահից, քանի որ իրենց վերագրված մեղադրանքները համարում են շինծու։ Հիսունհինգ մարդ՝ սա արդեն պատահականություն լինել չի կարող, սա արդեն վիճակագրություն է: Ի՞նչ է սա, եթե ոչ վերոհիշյալ պառակտման առավել ցայտուն արտահայտությունը։ Առավել եւս, որ այս բանտարկյալների առկայությունը մարտի 1-ից դժգոհ ընդդիմադիրների առաջին խաղաթուղթն է։

Եվ ահա, մայիսի 28-ին Սերժ Սարգսյանը անում է մեկ այլ հայտարարություն, որը վերն ասածի լույսի տակ պարզապես ապշեցուցիչ է։

«Եթե … հասարակության մեջ հասունացել է նոր համաներում հայտարարելու եւ կիրառելու գաղափար, անհրաժեշտություն, ապա ես, իրոք, պատրաստ եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից։ Ուստի կոչ եմ անում քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, հանրային խորհրդին, որպեսզի իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության ու պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր, եւ եթե արդյունքում պարզվի, որ, իրոք, կա այդպիսի ցանկություն հասարակության մեջ, ապա ես անմիջապես կօգտվեմ իմ սահմանադրական իրավունքից եւ կդիմեմ Ազգային ժողով»։

Այսպիսով, Սերժ Սարգսյանը իր վրայից հեռացնում է համաներման, այն է՝ այդ 55 անձանց ազատ թողնելու պատասխանատվությունը՝ ապավինելով ինչ-որ «հասարակության» (ի դեմս «քաղաքական ուժերի, հասարակական գործիչների, հանրային խորհրդի»), որոնք իրեն կհաղորդեն, թե արդյոք «կա՞ այդպիսի ցանկություն հասարակության մեջ»։

Ես հաստատ գիտեմ միայն երկու ազդեցիկ քաղաքական ուժերի կարծիքը համաներման մասին, այն է՝ Հայ ազգային կոնգրեսի, որ բնականաբար պահանջում է այդ անձանց (իր կողմնակիցների) ազատումը, եւ Հանրապետական կուսակցության հակառակ կարծիքը, ինչն էլ հենց հիշյալ պառակտման քաղաքական արտահայտությունն է։ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, ի պատասխան համաներման մասին հարցին, մարտի 30-ի ասուլիսում ասաց. «Այսինքն՝ բաց թողնենք, որ ընդդիմության բանա՞կը համալրենք» (մեջբերված է ըստ «Առավոտի», մարտի 31)։ Ինչը, իմիջիայլոց, առավել հիմք է տալիս համոզվելու, որ «քաղաքական բանտարկյալներ» արտահայտությունը անհիմն չէ։

Շատ ցավալի է, որ Սերժ Սարգսյանը, որը ՀՀԿ-ում Ռազմիկ Զոհրաբյանի կուսակցական վերադասը լինելուց բացի՝ Հայաստանի Հանրապետության նախագահն է, հետաձգում է համաներումը՝ այն ակնհայտ քայլը, որ կարող է սկիզբ դնել հասարակության պառակտման վերացմանը։ Շատ ցավալի է, որ չօգտագործվեց մայիսի 28-ի տոնի պատեհությունը։ Վախենամ, թե մինչեւ նա պարզի, թե «իրոք, կա այդպիսի ցանկություն հասարակության մեջ», այս կալանավորվածներից շատերի կալանքի ժամկետն էլ կանցնի, ու համաներումը կդառնա անիմաստ։

Իսկ ամենից ցավալին այն է, որ Սերժ Սարգսյանը խուսափում է իր վրա պատասխանատվություն վերցնելուց ու ապավինում «հասարակական ցանկությանը»։ Մինչդեռ երկրի առաջնորդից կարելի էր սպասել, որ նա համարձակ քայլ կաներ իր անձնական որոշմամբ՝ առանց նայելու, թե կա՞ «այդպիսի ցանկություն հասարակության մեջ»։ Դրանով իսկ նա հանդուրժողականության, բարյացակամության ու ուժի դաս կտար բոլորին, կապացուցեր, որ ինքը, ի տարբերություն Ռազմիկ Զոհրաբյանների, չի վախենում «ընդդիմության բանակը» համալրելուց։ Իսկ գուցե բանն այն է, որ նա, իր խոսքերով, «բոլոր ձեւերին չի՞ տիրապետում»: Այլ կերպ ասած, չի՞ կարող դիմադրել Զոհրաբյանների ճնշմանը, որոնք մահու չափ վախենում են «ընդդիմության բանակը» 55 հոգով համալրելուց։

Ես ոչ «քաղաքական ուժ» եմ, ոչ «հասարակական գործիչ», ոչ էլ անդամ եմ Հանրային խորհրդի, որը պարզ չէ, թե երբ կսկսի գործել։ Բայց այս հոդվածի պատճենը ես կուղարկեմ ՀՀ նախագահի նստավայր. գուցե մի ազդանշան կլինի, որ երկրում կա իրոք «հասարակական ցանկություն»: Կա ցանկություն, որ երկրի նախագահը իրագործի ավելի լավ բաներ, քան թե այն, ինչ «հասարակական ցանկությունը» նրանից կարող էր ակնկալել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել