Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՆՀԻՄՆ Է

Մայիս 30,2009 00:00

Կոնկրետ անձանց մասին խոսք չի եղել

2009թ. ապրիլի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Սարգիս Հացպանյանին դատապարտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնության համար:

Մեղադրական դատավճռի հիմքում դրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցը, որը տպագրվել է 2008թ. նոյեմբերի 4-ին՝ «Մահափորձ Սերժ Սարգսյանի դե՞մ» վերտառությամբ: Հարցազրույցում Ս. Հացպանյանը կարծիք է հայտնել, որ «Շատ մոտ ժամանակներս Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է իրականացվելու: Դրա իրականացման համար, ըստ իմ «բարեկամի» պատմածների, երկրում շահագրգռված երկու ուժ կա: Առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, իմա՝ ՀՅԴ եւ «Սիվիլիթաս» խմբի օտարահաճ սպասավորները»:

Այս հարցազրույցի համար էլ դատարանը Ս. Հացպանյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ: Հիշյալ դատավճռի անհիմն լինելը ապացուցվում է մի շարք հիմնավորումներով:

1. «Սուտ մատնություն» հանցագործության հանցակազմն առկա է միայն այն դեպքում, երբ երեւակայական հանցագործության կամ հանցագործի մասին տեղեկությունները հաղորդվում են այն պետական մարմիններին, որոնք քրեական գործ հարուցելու իրավունք ունեն, ինչպես նաեւ իշխանության մարմիններին, որոնք պարտավոր են հանցագործության մասին իրենց հայտնի դարձած փաստը հանձնել քրեական գործի հարուցման իրավունք ունեցող մարմիններին: ԶԼՄ-ներին եւ այլ մարմիններին նույնաբովանդակ տեղեկություններ հաղորդելը քննարկվող հանցակազմը չի առաջացնում:

2.Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ հանցավորը պետք է գիտակցի, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը: Այնինչ, Սարգիս Հացպանյանը հարցազրույցի մեջ ընդամենը արտահայտել է կարծիք, որը հիմնված է եղել իր ներքին համոզման վրա:

3. Սուտ մատնության դեպքում հանցավորի նպատակն է հասնել նրան, որ անմեղին ենթարկեն քրեական պատասխանատվության: Սակայն հարցազրույցում Ս. Հացպանյանը չի հիշատակել որեւէ կոնկրետ անձի անուն, ով պետք է իրականացներ այդ մահափորձը, նա ընդամենը նշել է, որ երկրում դրա իրականացման համար շահագրգռված երկու ուժ կա, սակայն չի նշել, որ դա իրականացնելու են կոնկրետ անձինք:

Այն, որ նախաքննության մար մինները, իսկ հետագայում նաեւ առաջին ատյանի դատարանը ունեցել են կանխակալ դիրքորոշում, արտահայտվում է նաեւ գործի նյութերում: Նախ՝ Ս. Հացպանյանին 2008թ. նոյեմբերի 7-ին հրավիրել են որպես վկա, հարցաքննել, իսկ անմիջապես հետո ներգրավել են որպես կասկածյալ եւ ձերբակալել: Այս փաստն արդեն իսկ խոսում է նախաքննական մարմինների որոշակի նպատակաուղղվածության մասին: Իսկ ամենաանհեթեթն այն է, որ քրեական գործի նյութերում առկա է 2008թ. նոյեմբերի 4-ի վարչության պետի ժ/պ, գնդապետ Մ. Մարուքյանի գրությունը՝ ուղղված ՀՀ ԿԱ ԱԱԾ ՍԿՊ եւ ԱՊԳ վարչության պետ, գեներալ-մայոր Զ. Նանյանին, որի մեջ ասվում է. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58210108 քրեական գործով ուղարկվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ երկու ամիս ժամանակով՝ 2008 թվականի նոյեմբերի 6-ից մինչեւ 2009 թվականի հունվարի 6-ը՝ 010-54-77-64, 093-01-06-21 եւ 077-06-20-96 հեռախոսահամարներից կատարվող մուտքային եւ ելքային խոսակցությունները գաղտնալսելու եւ ձայնագրառելու մասին:

Խնդրում ենք Ձեր ցուցումը համապատասխան ստորաբաժանմանը, ապահովել որոշման պահանջների կատարումը»:

Հիշյալ գրությունից արդեն հետեւում է, որ 2008թ. նոյեմբերի 4-ի դրությամբ արդեն առկա էր դատարանի բավարարված որոշում՝ հեռախոսահամարներից կատարվող մուտքային եւ ելքային խոսակցությունները գաղտնալսելու եւ ձայնագրառելու մասին: Այնինչ, իրականում գործի մեջ դատարանի նման որոշում առկա է միայն 2008թ. նոյեմբերի 6-ի դրությամբ, այսինքն՝ նոյեմբերի 4-ին Մ. Մարուքյանն արդեն ուղարկում էր դատարանի որոշումը, որը պետք է կայացվեր 2 օր հետո:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այս ամենը հավանաբար դիտել է որպես օրինաչափություն եւ Ս. Հացպանյանին դատապարտել է ազատազրկման:

Հունիսի 2-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանական կողմի բողոքների հիման վրա քննության է առնելու հիշյալ գործը: Հուսանք, որ վերաքննիչ դատարանը կլինի ավելի օբյեկտիվ եւ կարդարացնի նրան՝ մեղմելով հասարակության մեջ հիմնավորված այն կարծիքը, որ Սարգիս Հացպանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել