Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխաներին բնությունը պահպանել են սովորեցնում

Մայիս 30,2009 00:00

\"\"Նրանք աղբից քանդակներ են պատրաստում, ծառեր տնկում ու ֆիլմեր նկարում

Եթե դուք հանդիպեք դպրոցահասակ երեխաների, որոնք բակերում ծառեր են տնկում կամ աղբ են հավաքում, մի զարմացեք, նրանք «Արեւորդիներ» են՝ հանրապետության բոլոր մարզերից, այդ թվում՝ նաեւ Արցախից: Նրանք նաեւ հեքիաթներ են գրում, նկարում, աղբից քանդակներ պատրաստում եւ ֆլիմեր նկարահանում՝ բնապահպանական թեմաներով: «Արեւորդիները»՝ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի «Պահպանիր բնությունը» կրթական ծրագրի աշակերտներն են:

Նրանք իրենց էկո խմբակներում սովորում են ինչպես ճիշտ պահպանել բնությունը, քանի որ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, այսօրվա բնապահպանական խնդիրներն առաջացել են այն պատճառով, որ ժամանակին նման կրթություն չի եղել: «Այս էկո խմբակները գործում էին դպրոցներին կից, սակայն որոշ ժամանակ անց մենք հասկացանք, որ երեխաները պետք է կտրվեն դպրոցական միջավայրից, քանի որ մեր դպրոցներում սովորեցնում են ուղիղ նստել եւ ձայն չհանել, իսկ մեզ համար կարեւոր է երեխաների արտահայտվելն ու հանգիստ զգալը: Աշակերտները մեզ մոտ ուսումնասիրում են անգլերեն, համակարգիչ, այդ թվում եւ՝ ինտերնետ, էկոլոգիա, մասամբ՝ էկո իրավունք, նկարչություն, ֆոտո, վիդեո նկարահանում: Ամառային դասընթացում նաեւ ազգագրական պարեր են սովորում: Այս բոլոր առարկաների հիմքում բնապահպանությունն է»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Խաչատրյանը:

Նրա խոսքերով, մեր դպրոցներում բնության պահպանության հարցում բաց կա, իսկ իրենք իրենց կազմակերպության միջոցով փորձում են դա լրացնել. «Ոնց որ թե ստացվում է: Երեխաներին շատ է ոգեւորում այս դասընթացը, քանի որ իրենք են վեր հանում համայնքի պրոբլեմները եւ դառնում են այդ համայնքին ինտեգրված անդամ»: Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենց աշակերտները հանդիպումներ են ունենում համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ՝ կառավարության անդամների հետ: Մենք հետաքրքրվեցինք, թե այդ հանդիպումների ժամանակ երեխաների կողմից բարձրացված հարցերը լուծում գտնո՞ւմ են:

Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Խաչատրյանն ասաց. «Գլոբալ իմաստով՝ այո»: Ռ. Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ այս տարի էլ են հունիսի 1-ին իրենք նկարչական օր կազմակերպելու. «Այս տարի մասնակցելու են նաեւ սփյուռքահայ երեխաները»: Ինչպես կրթական, այնպես էլ նկարչական ծրագրերը հիմնադրամն իրականացնում է «ՎիվաՍել» բջջային օպերատորի աջակցությամբ: Ըստ պարոն Խաչատրյանի, իրենց գործը մնայուն է, եւ այդ է պատճառը, որ իրենց երեխաները միջազգային փառատոներում ներկայացնելով իրենց բնապահպանական ֆիլմերը՝ արժանացել են առաջնակարգ մրցանակների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել