Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՂԻ ԿՆՈՋԸ ԺԱՄԵՐՈՎ ՍՊԱՍԵՑՐԵԼ ԵՆ

Մայիս 30,2009 00:00

Գրեթե ուշագնացության աստիճանի հասնելուց հետո, նոր միայն բժիշկները բարեհաճել են ընդունել հղի կնոջը, որը մոտ 2 ժամ սպասել է իր հերթին:Երբ 1 տ

արի առաջ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարեց, որ այսուհետեւ մեր հանրապետությունում ծննդկանների սպասարկումն ու ծննդաբերությունն անվճար է լինելու, եւ մեր ապագա մայրերը կարող են անվճար սպասարկվել իրենց նախընտրած բուժհիմնարկում, հայ կանայք, վստահելով ոլորտի պատասխանատուներին, սկսեցին առանց «մաղարիչի» մասին մտածելու՝ այցելել բժիշկներին: Չնայած այսօր մայրանալ պատրաստվող կանայք սպասարկվում են անվճար, սակայն առանց ծանոթ-բարեկամի կամ «մաղարիչի»՝ միեւնույն է, պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում:

Օրերս մեր խմբագրություն էր այցելել հղիության 5-րդ ամսում գտնվող Արմինե Ավետիսյանը՝ դժգոհելով իրեն հետազոտող բժիշկների անտարբեր ու արհամարհական վերաբերմունքից: Ա. Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ստիպված է եղել ժամերով կանգնել «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան՝ «դոպլեր» հետազոտման կաբինետի առաջ, քանի որ ո՛չ ինչ-որ մեկի զանգով է գնացել, ո՛չ էլ այդ բուժհիմնարկում ծանոթ է ունեցել, որն անհերթ կուղեկցեր այդ սենյակի բժիշկների մոտ:

Արմինե Ավետիսյանի պատմելով, պտղի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, ինչի հետեւանքով կոնսուլտացիոն բժիշկը նրան ուղեգրել է «դոպլեր» հետազոտության: Սովորաբար նման հետազոտման են ենթարկվում, երբ պտղի հետ կապված լրջագույն խնդիրներ են ունենում: Մայիսի 20-ին, առավոտյան ժամը 10.30-ից, ինչպես Արմինեն է պատմում, ծանր հոգեկան ապրումներով 2 ժամ համբերատար հերթ է կանգնել եւ սպասել, թե երբ վերջապես «դոպլեր» կաբինետի բժիշկները կբարեհաճեն իրեն ընդունել: Հերթ կանգնելու 2 ժամը ձգձգվել է միայն այն պատճառով, որ այդ հետազոտության համար եկած շատ հղի կանայք ոչ մի վայրկյան այդ կաբինետի մոտ չեն կանգնել եւ իրենց ծանոթ ու բարեկամ բժիշկների հետ արտահերթ ներս են խցկվել՝ արհամարհելով դռան մոտ կանգնած մյուսների հերթը:

«Իմ երեխայի ծնվել-չծնվելու հարցն էր: Երեխայիս գլխուղեղում ուռուցք էին կասկածում, ես սարսափելի ապրումներով կարգապահ հերթ էի կանգնել՝ ինչպես մյուսները: Բայց այդ ընթացքում ով ասես՝ գալիս-մտնում էր ներս: Երբ փորձում էի մի բան ճշտել կաբինետի բժիշկներից, ասում էին՝ համբերեք, երբ պետք լինի՝ կկանչենք: Իսկ երբ պնդում էի, որ վերջապես իմ հերթն է, գուցե՞ ներս մտնեմ, արհամարհանքով ասացին՝ էստեղ խանութ կամ շուկա չի, որ հերթ պահեք: Իսկ ի՞նչ անեի, ե՞ս էլ ծանոթ մեջ գցեի ու առանց հերթ մտնեի: Ի՞նչ անեի, երբ մարդիկ գալիս էին ու իրարից հերթի վերջը հարցնում ու սպասում: Ես երբեք չէի դժգոհի հերթի համար, եթե դա կարգ ու կանոնով լիներ ու անբարեխղճորեն ու շահախնդրորեն չվերաբերվեին: Իսկ ո՞ւր կորավ բժիշկների հումանիզմը, գոնե հղիների հետ սիրալիր լինեն»,- ասաց մեր զրուցակիցը: Ա. Ավետիսյանի հերթը երեւի այդպես էլ չհասներ, եթե նրա ինքնազգացողությունը չվատանար: Ա. Ավետիսյանի խոսքերով՝ «Հնարավոր է լարվածությունից, հոգեկան ապրումներից ու հոգնածությունից միանգամից վատացա, ու միայն իմ բուժքրոջ միջամտությամբ, բայց էլի 20 րոպե հետո, նոր թույլ տվեցին ներս մտնել: Անվճար է սպասարկումը, դրա՞ համար են այդպես վարվում մարդկանց հետ: Անպայման պետք է ծանոթ-բարեկա՞մ ունենանք, որ մեզ հետ մարդավարի վարվեն: Եթե պետք է անվճարն այսպես լինի, էլ մեր ինչի՞ն է պետք»:

«Դոպլեր» հետազոտման կաբինետի բժիշկները արտահերթ ընդունելը պատճառաբանում էին, իբր այդ կանայք նախապես պայմանավորված են եղել: «Հղի կանայք էին գալիս՝ հերթի վերջում կանգնում, մեկ էլ կաբինետի աշխատակիցը դուրս էր գալիս ու կանչում ներս: Այդ ինչպես էր պայմանավորված, որ հերթ էին հարցնում: Եթե այդպես է, թող մեզ համար էլ օր ու ժամ նշանակեն, մենք էլ պայմանավորվենք ու մեր առողջությունը վնասելով իզուր հերթ չկանգնենք»,- դժգոհեց Արմինե Ավետիսյանը:

Մեզ հետ զրույցում «Արմենիա» բուժկենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ իրենց բուժաշխատողները շատ լավն են եւ նման բան չէին անի. «Այդ բաժնում երկու բժիշկ են աշխատում, երկուսն էլ այնքան համեստ ու համակրելի մարդիկ են, որ նման բան չէին անի: Եթե գաք դեմքները տեսնեք, կզգաք, որ արհամարհական բան չեն անի»: Ինչ վերաբերում է հերթը խախտող հղի կանանց, պարոն Աբրահամյանն ասաց. «Այն հղի կանայք, ովքեր հերթի են կանգնած, իրենք պետք է արտահերթ չթողնեն մտնել, այլ ոչ թե բժիշկները: Բացի այդ, հղի կանայք գիտե՞ք ինչ բունտ են անում, որ հանկարծ առանց հերթ մեկը մտնում է: Բայց կան նաեւ հղի կանայք, որ պատրաստվում են ասենք, կեսարյան վիրահատության եւ պետք է անպայման «դոպլեր» հետազոտվեն, այ, նրանք կարող են արտահերթ մտնել բժշկի մոտ: Ամեն դեպքում, ես անպայման կզգուշացնեմ բժիշկներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել