Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղավորը ճգնաժամն ու վրացական պատերազմն են

Մայիս 30,2009 00:00

Երեկ Ազգային ժողովում, 2008-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, տարին «համեմատաբար բարդ մակրոմիջավայրում ընթացող տարի էր»: Չնայած դրան, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2008-ին, ֆինանսական ճգնաժամի պայմաններում, արձանագրվել է 6,8% տնտեսական աճ, գնաճը կազմել է 5,2%, ինչը ծրագրային մակարդակի սահմաններում է։

Պարոն Ջանջուղազյանի ներկայացմամբ, նախորդ տարի գրանցվել է պետբյուջեի եկամուտների աճ՝ հարկային եւ ոչ հարկային եկամուտների գծով: Եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները կազմել են 785,4 մլրդ դրամ, ինչը՝ ճշգրտված ծրագրային ցուցանիշի 97,7%-ն է: Պետբյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0,7%-ը՝ ծրագրված 2,1%-ի փոխարեն:

2008-ին միջին ամսական անվանական աշխատավարձը 2007-ի նկատմամբ աճել է 17,4 %-ով: Բյուջետային հատվածի աշխատավարձն աճել է 18,6%-ով: Իսկ, ընդհանուր առմամբ, տնտեսության բյուջետային եւ ոչ բյուջետային հատվածներում միջին աշխատավարձը, համապատասխանաբար, կազմել է 64 հազար 800 դրամ եւ 114 հազար դրամ, իսկ միջին աշխատավարձը՝ 91 հազար 331 դրամ: Նախորդ տարվա դեկտեմբերին գործազրկության պաշտոնական մակարդակը կազմել է 6,3%, ինչը, 2007-ի համեմատությամբ, պակաս է 0,7%-ով:

Ըստ Տ. Սարգսյանի, նախորդ տարվա դժվարությունները պայմանավորված են առաջին հերթին նախագահական ընտրություններով, քանի որ տնտեսվարողների մոտ որոշակի սպասումներ են ձեւավորվել, ինչն էլ հանգեցրել է տնտեսական աշխուժության նվազմանը, սակայն վրացական պատերազմը եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւս նպաստել են, որ Հայաստանում տնտեսական առումով որոշակի դժվարություններ առաջանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել