Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀՈՒՅՍԻՆ

Մայիս 30,2009 00:00

\"\"Կառավարությունը հույս ունի, թե բարձրաստիճան պաշտոնյաներին կարող է արգելել բիզնեսով զբաղվել

Կառավարության մայիսի 14-ի նիստի ժամանակ հավանություն տրվեց «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը սա շատ լուրջ եւ կարեւոր քայլ համարեց; Նրա խոսքերով. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ: Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը ՀՀ-ում լիակատար իրացվում է: Այս օրենքը ունի նաեւ հակակոռուպցիոն բովանդակություն, եւ մենք ունենք նաեւ այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը եւ կատարում ենք այս նախագիծը հաստատելով: Ապագայում անհրաժեշտություն կլինի նաեւ հանրային քննարկումներ կազմակերպել այս օրենքի շուրջ, որպեսզի հասարակությունը իրազեկված լինի, թե ինչ մեխանիզմներ ենք կիրառելու»:

Թե ինչն է այս նախագծում այդքան լուրջ եւ կարեւոր, մեղմ ասած, անհասկանալի է, քանի որ մինչ այսօր էլ ՀՀ սահմանադրությամբ արգելված է բոլոր պետական պաշտոնյաներին՝ պատգամավորներին, նախարարներին, դատական եւ այլ ոլորտների ղեկավարներին, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Նրանց թույլատրվում է միայն զբաղվել գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքով: Սակայն, գիտական ու մանկավարժական գործունեության փոխարեն, մեր պաշտոնյաները գերադասում են շատ ավելի եկամտաբեր գործով, մասնավորապես՝ բիզնեսով զբաղվել: Նույն հասարակությունը, որին վարչապետը խոստանում է իրազեկել, թե ինչ միջոցներով է պաշտոնյաներին արգելելու բիզնեսով զբաղվել, շատ լավ տեղյակ է, որ այսօր, սկսած նախարարներից մինչեւ մարզպետներ եւ անգամ վարչության պետեր, ունեն իրենց «տրամաչափին» համապատասխան բիզնեսներ: Իսկ եթե չեն ունենում իրենց անձնականը, գոնե խնամի ու բարեկամի բիզնեսում փայատեր են լինում՝ փոխարենը դառնալով նրանց «տանիքը»: Պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե հանկարծ մեր կառավարությունն իսկապես կարողանա իրականացել իր լավատեսական ծրագրերը: Թերեւս՝ երկրի տնտեսությունը կհայտնվի կաթվածահար վիճակում: Կնվազի կոնյակի, գինու, օղու եւ, առհասարակ, ոգելից խմիչքների արտադրությունը, քանի որ պատգամավորների ձեռքից կվերցնեն, օրինակ, «Գրեյթ Վելլին», «Վեդի Ալկոն», «Կոտայքը», «Լուսաստղը», կփակվեն մայրաքաղաքի շատ սուպերմարկետներ, ասենք՝ «Երեւան սիթին», «Հայր եւ որդի Երիցյանները», «SAS»-ը, շաքարավազի, բուսական յուղի, կարագի, դեղորայքի եւ սուրճի շուկաներում իսկական խառնաշփոթ կստեղծվի, որովհետեւ սրանց ներկրման մենաշնորհը եւս պաշտոնյաների ձեռքում է: Պետք է հայտնվի մեկ այլ խոշոր գործարար, որը կզբաղվի տեղական հրուշակեղենի եւ ծխախոտի արտադրությամբ կամ ձեռքը կդնի մայրաքաղաքի խոշոր տոնավաճառների բիզնեսի վրա: Ըստ էության, Հայաստանում չկա որեւէ ոլորտ, որտեղ գերիշխող կամ գոնե խոշոր լինեն նրանք, ովքեր ոչ պաշտոն են զբաղեցնում, ոչ էլ հովանավորվում են պաշտոնյաների կողմից:

Իսկ բիզնեսով զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրենքի ընդունումը՝ բիզնեսմեն պատգամավորներին ու նախարարներին ընդամենը մի փոքր անհարմարություն կպատճառի: Նրանցից ընդամենը մի փոքր ժամանակ կպահանջվի՝ փաստաթղթերը վստահելի մարդկանց անունով ձեւակերպելու համար:

«Առավոտը» թեմայի առնչությամբ զրուցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի հետ: Ըստ Գ. Սահակյանի, այսօր էլ ԱԺ-ում որեւէ պատգամավոր բիզնեսով չի զբաղվում. «Եթե դա պատգամավորներին է վերաբերում, ապա այսօր էլ պատգամավորներին չի թույլատրվում բիզնեսով զբաղվել, դա սահմանադրական նորմ է: Եվ այսօր էլ ԱԺ-ում չկա մեկը, որն զբաղվի բիզնեսով: Բաժնետեր լինելը այլ խնդիր է, բուն բիզնեսով զբաղվելը՝ այլ»:

Միայն այն, որ «Հարկերի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ որոշվում էր խոշոր բիզնեսմենների ձեռնարկություններում հարկային տեսուչ նշանակել- չնշանակելու հարցը, խորհրդարանականներն իրար էին խառնվել, արդեն իսկ վկայում է, որ նրանց մեծ մասը ընդհատակյա բիզնեսմեններ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել