Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանը բոլորին վիրավորում էր»

Մայիս 30,2009 00:00

Փաստահավաք խմբի անդամ Ռոբերտ Ավագյանը երեկ մեր թերթին բացատրեց, որ դուրս է գալիս փաստահավաք խմբից՝ընդդիմության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի պատճառով:

Պարոն Ավագյանը «Առավոտին» ասաց հետեւյալը. «Ես դուրս եմ եկել խմբից, եւ իմ որոշումը ինքնուրույն է: Ճիշտ է, ինձ կոալիցիան է ուղարկել, բայց ես միշտ էլ ինքնուրույն մարդ եմ եղել եւ որոշել եմ դուրս գալ այդ խմբից: Երեւի ձեր թերթի միջոցով կտեղեկանան, որ ես դուրս եմ եկել»: Իր հեռանալու պատճառը պարոն Ավագյանը այսպես ձեւակերպեց. «Նախ, ասեմ, որ ես եմ Արմեն Հարությունյանի դասախոսը եղել, ոչ թե նա՝ իմը: Երբ նա երեկ ասել է. «Ես պետք է գլադիատոր ուղարկեմ դրանց մոտ», ես դա համարում եմ ոչ կոռեկտ արտահայտություն եւ ես նրա բառապաշարը օգտագործելով՝ հիմա «դրան» ասեմ, որ ես էն գլխից գլադիատոր եմ եղել, որ այսքան ժամանակ դիմացել եմ Անդրանիկ Քոչարյանին»: Մեր հարցին՝ ի՞նչ նկատի ունի այդպես ասելով, Ռոբերտ Ավագյանը ասաց. «Որովհետեւ հենց սկզբից ես ասել եմ՝ Անդրանիկ, մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց կան համամարդկային արժեքներ, եկեք դրանից դուրս չգանք, մանավանդ՝ հնարավորություն է տրված, որպեսզի մենք փաստերը հավաքենք եւ ներկայացնենք ժամանակավոր հանձնաժողովին: Ավելին, ես իմ երկու գիրքը նվիրել եմ իրեն, վերջին գրքիս վերնագիրն է՝ «Մարդու իրավունքներ»: Եվ ի՞նչ է նա քանիցս ինձ ասել. «Արա, էդ քու գրածը ձկների մասին չի՞»: Ես համեստ մարդ եմ, բայց ուզում եմ ասել, եթե խոսքը ձկների մասին է, ապա 2000 թվականին ընդդիմադիր մամուլը գրեց, որ Ավագյանի կողմից ձկների վերաբերյալ բարձրացրած հարցը «հոկտեմբերի 27»-ի եւ «մազութի գործից» հետո ամենամեծ հասարակական հնչեղությունը ստացավ: Բայց երբ ես իմ գործընկերոջը նվիրում եմ մոտ 600 էջանոց գիրք, որի վերնագիրն է՝ «Մարդու իրավունքներ», եւ նա խոսում է ձկներից, դա նշանակում է, որ նա փաստերը այնպես է աղավաղում, ինչպես որ աղավաղել է այս 16 էջանոց Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող տեղեկանքի մեջ: Նա դեռ նոր է ավարտել պետհամալսարանը, իսկ 1969 թվականին ես գիտական հոդված եմ գրել դիակի զննության եւ տեղազննության մասին եւ այլն, եւ այլն: Ինքն ինձ ասում է. «Դու այստեղ վեր ընկած ես, ինձ համար մեկ ա, դու կաս թե չկաս, դու գալիս ես ստեղ թեյ խմելու», եւ դա ասում է բազմաթիվ անգամ: Ինձ համար պատվի եւ արժանապատվության հարցերը միշտ առաջին պլանի վրա են եղել, դրա համար ես որոշում եմ ընդունել, չեմ զանգել նրանց, ովքեր ինձ ուղարկել են այստեղ եւ չեմ տեղեկացրել, որ դուրս եմ գալիս: Ինձ ժամանակին առաջարկել են, բայց ես ինքնուրույն եմ որոշում կայացրել, հիմա էլ ինքնուրույն որոշել եմ դուրս գալ»:

Ըստ Ռոբերտ Ավագյանի, եթե Անդրանիկ Քոչարյանը «խելոք լիներ, ոչ թե կքաղաքականացներ այս հարցը, ինչպես քաղաքականացնում է ընդդիմադիր մամուլը, նաեւ՝ «Առավոտը», այլ կփորձեր իրոք աշխատել»: Պարոն Ավագյանի հետ զրույցից պարզվեց նաեւ, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ընդդիմադիր եւ իշխանական ներկայացուցիչները իրար հետ չեն խոսել, խռով են եղել: Ըստ Ռոբերտ Ավագյանի, Անդրանիկ Քոչարյանը բոլորին վիրավորել է, այդ թվում՝ իրեն եւ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանին. «Ես նրան չեմ պատասխանել՝ ոչ թե որ վախեցել եմ, խեղճացել եմ, այլ պարզապես չեմ ցանկացել իջնել նրա մակարդակին»,- ասաց Ռոբերտ Ավագյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել