Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՓԱՍՏԱՀԱՎԱՔՈՒՄ» ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՆՏԱՆԵԼԻ ԷՐ

Մայիս 30,2009 00:00

\"\"Երեկ դա փաստեց ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը

Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարեց, թե պատրաստակամ է «Մարտի 1-2»-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբում աշխատելու համար նոր թեկնածու առաջադրել: Հիշեցնենք, որ ավելի վաղ խմբում ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը հայտարարել էր իր գործունեությունը դադարեցնելու մասին՝ պատճառաբանելով խմբում ստեղծված մթնոլորտով:

Թե ինչի՞ մասին է խոսքը, երեկ «Առավոտ» եւ «168 ժամ» թերթերին տված հարցազրույցում մանրամասնեց Արմեն Հարությունյանը:

Նրա ասելով, թեեւ Փաստահավաք խմբի ձեւավորման հիմքում դրված էր այն գաղափարը, որ անկախ այն բանից, թե խմբի անդամներն ում ներկայացուցիչներն են, նրանք խմբում ներգրավվելուց հետո պետք է գործեին ոչ թե որպես այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, այլ հնարավորինս որպես անկախ փորձագետներ: Այդուհանդերձ, ՀՀ օմբուդսմենի ասելով, խմբի բոլոր անդամները, բացառությամբ իր ներկայացուցիչ Վ. Ստեփանյանի եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի, իրենց դրսեւորել էին ոչ թե որպես փորձագետներ, այլ հե՛նց քաղաքական ուժերի քաղաքականացված ներկայացուցիչներ, որի արդյունքում խմբի գործունեությունը տեղափոխվել էր ոչ թե փորձագիտական, այլ քաղաքական բանավեճերի, փոխադարձ վիրավորանքների դաշտ: «Կոալիցիայի ներկայացուցիչները դրսեւորել էին ծայրահեղ պասիվություն, եւ նրանք այդտեղ եկել էին, ըստ էության, ոչինչ չանելու համար, իսկ խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն էլ մյուսների հետ իր հարաբերությունները տեղափոխել էր անձնական վիրավորանքների հարթություն: Այս մթնոլորտին Վ. Ստեփանյանը պարզապես չդիմացավ եւ նպատակահարմար չգտավ իր գործունեությունը շարունակել: Սա է եղել: Նաեւ պետք է արդար լինել եւ նշել, որ անցած 7 ամիսն էլ Փաստահավաք խումբը աշխատել է բացառապես Վ. Ստեփանյանի շնորհիվ»,- ասաց Ա. Հարությունյանն ու հավելեց, որ վերջին երեք ամիսը խմբում առկա քաղաքական անհանդուրժողականության սաստկացմանը զուգահեռ՝ բանը հասել էր նրան, որ խմբի մյուս անդամները քվեարկում էին ոչ թե փաստերի կամ հարցերի վերաբերյալ, այլ՝ ելնելով այն բանից, թե ով ում կողմից է կամ կողմից չէ: «Ինձանից՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի, մի բան էր պահանջվում, որ ես նոր ներկայացուցիչ ներկայացնեմ: Փաստահավաքի գործունեության կարգն այնպիսին է, որ ինձ պիտի դիմեն, բայց ես առանց դրան սպասելու արդեն հայտարարել եմ, որ ես այդ մարդն էլ ունեմ եւ պատրաստակամ եմ նոր անդամ ներկայացնելու, որը կհամապատասխանի այն մթնոլորտին, որը ձեւավորվել է խմբում»,- հայտարարեց ՀՀ օմբուդսմենը:

Նրա ասելով, Վ. Ստեփանյանի ամենամեծ թերությունը իր բարեկիրթ լինելն էր. «Մենք նրան շատ էինք խնդրել համաձայնել աշխատել Փաստահավաքում, ու եթե խմբի անդամներն ազնիվ լինեն, կնշեն, որ Վ. Ստեփանյանը առնվազն 7-8 անգամ զգուշացրել է, որ եթե այդպես շարունակվի, ինքը կհեռանա: Այնպես չի եղել, որ նրա հրաժարականը հանկարծակի է եղել, ու դրա մասին չի խոսվել: Վերջին երեք ամսվա ընթացքում նա 2-3 անգամ ասել է, որ ուզում է հրաժարվել խմբում աշխատելուց: Ես եմ համոզել, խնդրել, որ նա մնա: Միայն վերջում նա արձակուրդ վերցրեց ե՛ւ այստեղից, ե՛ւ խմբից, որպեսզի մթնոլորտը մի քիչ լիցքաթափվի՝ հույսով, որ դրանից հետո, գուցե, իրավիճակն այլ կլինի, եւ նորմալ աշխատանքներ կսկսվեն: Բայց հենց առաջին նիստից նույն պրոցեսը սկսվեց, ու նա հասկացավ, որ դա իր տեղը չէ: Ավելին, բանը նրան հասավ, որ նա պատրաստ էր հրաժարվել նաեւ մեր գրասենյակում աշխատելուց, միայն թե խումբ չվերադառնա»:

Եթե Վ. Ստեփանյանի հրաժարականը պայմանավորված էր բացառապես խմբում եղած մթնոլորտով՝ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների կողմից, թեկուզ, բարոյական ճնշումներով, ապա նույնպիսի մթնոլորտում, ավելի գլոբալ առումով, աշխատում է նաեւ ինքը՝ օմբուդսմենը, բայց նա հրաժարական չի տալիս ու փախուստի չի դիմում, ինչպես արել է Վ. Ստեփանյանը: «Առավոտի» այս դիտարկման ու «փախուստ» ձեւակերպման հետ Ա. Հարությունյանը չհամաձայնեց. «Դա փախուստ չի: Ես դիմացա, եւ ինձ հետ միասին Վ. Ստեփանյանն ու մեր աշխատակազմի մյուս անդամներն էլ են դիմանում: Նրանք մեր մոտից չեն փախչում, չէ՞, մենք համագործակցում ենք: Խմբում իրավիճակն այլ էր, այնտեղ համագործակցելու փոխարեն մի կողմը՝ կոալիցիայի ներկայացուցիչները, բացարձակապես ոչինչ չեն արել, արվող առաջարկներին միայն այո կամ ոչ են ասել, իսկ մյուս կողմից էլ մեկը իր առաջարկը չընդունելու դեպքում ուղղակի հարցը տարել է անձնական վիրավորանքների հարթություն»:

Օմբուդսմենն ասաց, թե՝ սկզբնական շրջանում վիրավորանքները Ա. Քոչարյանի եւ կոալիցիայի ներկայացուցիչների միջեւ են եղել, բայց վերջին շրջանում դրանք ուղղվել են նաեւ Վ. Ստեփանյանին. «Դրանք հիմնականում եղել են Անդրանիկ Քոչարյանի կողմից, թեեւ մյուս կողմի վարքագիծն էլ, իր հերթին, վիրավորանք չէր, բայց անհասկանալի էր՝ ինչո՞ւ են եկել խումբ, այնտեղ ի՞նչ էին անում: Այնտեղ, իրոք, փաստահավաք խմբի գաղափարին հարիր պահել է միայն Սեդա Սաֆարյանը: Նա կարող էր ինչ-որ բանի հետ համաձայն չլինել, արձանագրել, հետո, որքան հասկանում եմ, մտադիր էր հատուկ կարծիք հայտնել, այլ ոչ թե ագրեսիվանալ: Խմբում որեւէ մեկը ոչինչ չարեց, որ նրա գործը հեշտացնի: Իշխանության եւ ընդդիմության անդամները իրար հետ հարաբերվում էին Ստեփանյանի միջոցով: Սեղանի շուրջ իրար հետ խոսում էին Վ. Ստեփանյանի միջոցով: Նրանց փոխհարաբերություններն այնքան անհնարին էին դարձել, որ Վ. Ստեփանյանի նյարդերը տեղի տվեցին: Նա չէր գնացել այնտեղ, որ հաշտարարություն աներ, գնացել էր որպես փորձագետ»:

Պաշտպանը հերքեց, թե իր ներկայացուցչի արձակուրդ գնալը կամ հրաժարականը որեւէ առնչություն ունի խմբի զեկույցի արտահոսքի կամ այդ զեկույցը Վ. Ստեփանյանի կողմից ստորագրելու փաստի հետ, եւ կրկնեց, որ դա կարող էր լինել երեք ամիս առաջ էլ, եթե իրեն չհաջողվեր համոզել ու ձգել Վ. Ստեփանյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ ընդդիմությունը հենց դրանով է բացատրում ոչ միայն Վ. Ստեփանյանի եւ խմբի մյուս անդամների արձակուրդ գնալը, այլեւ Վ. Ստեփանյանի հրաժարականը. «Պետք չէ այդ ամենն իրար կապել: Եթե նա փախնող լիներ, այդ զեկույցի տակ չէր էլ ստորագրի»,- ասաց Ա. Հարությունյանը՝ վստահեցնելով, որ իր ներկայացուցիչը ստորագրել է ոչ թե ընդդիմության ճնշման տակ, այլ՝ որովհետեւ իր մոտեցումը կոնկրետ դեպքում համընկել է խմբում ընդդիմության անդամների մոտեցման հետ:

«Առավոտի» հարցին, թե՝ խմբի զեկույցի հրապարակումից, դրան ՀՔԾ-ի կոշտ գնահատականներից հետո արդյոք իշխանությունների կողմից ճնշումներ եղե՞լ են օմբուդսմենի կամ խմբում նրա ներկայացուցչի վրա, Ա. Հարությունյանը արձագանքեց. «Նախ, ՀՔԾ-ի գործունեության մեջ իրավական ոչինչ չկա: Երկրորդ, նման ճնշումներ չեն եղել, եւ դրանց կարիքը, երեւի, չի էլ եղել, որովհետեւ խմբում այնպիսի մթնոլորտ էր, որ այնտեղ աշխատելը գնալով անհնարին էր դառնում: Բայց եթե որոշակի ճնշումներ եղել են, ապա դա եղել է խմբի ներսում՝ երկու կողմից էլ: Փաստն այն է, որ երկու կողմերն էլ խմբում քաղաքական մթնոլորտ ստեղծեցին, եւ երկու կողմերն էլ դրա համար մեղավոր են: Փաստահավաք խումբը հիանալի արտացոլեց այն, ինչ մենք տեսնում ենք հանրապետության մեջ. դա առկա քաղաքական անհանդուրժողականությունն է»:

Հ. Գ. Երեկ, երբ ՀՀ օմբուդսմենի հետ մեր հարցազրույցն արդեն պատրաստ էր, հայտնի դարձավ, որ խմբում իր աշխատանքը դադարեցնելու մասին որոշում է կայացրել նաեւ կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը, որն իր որոշումը պատճառաբանել է խմբում ՀԱԿ-ի ներկայացուցչի կեցվածքով: Այս առնչությամբ ՀՀ օմբուդսմենը «Առավոտին» փոխանցեց. «Թող Ռ. Ավագյանը իր մեղքը ուրիշի վրա չբարդի, որովհետեւ նա էլ խմբում ոչ կառուցողական մթնոլորտի ձեւավորման համար շատ գործուն լումա ունի: Բայց նույնիսկ նրա որոշման պարագայում խմբում երեք հոգին բավարար է քվորում ապահովելու եւ գործունեությունը շարունակելու համար: Մենք պատրաստ ենք ներկայացուցիչ ուղարկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել