Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱՀԱՃՈ ՔԱ՞ՅԼ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Մայիս 30,2009 00:00

\"\"Կառավարությունը որոշեց մեկուկես տարի չստուգել փոքր եւ միջին բիզնեսը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ բավականին սենսացիոն հայտարարություն արեց. «ՀՀ նախագահի հանձնարարականով մենք այսօր ընդունելու ենք (օրվա երկրորդ կեսին այդ որոշումն արդեն պաշտոնապես հրապարակվեց) աննախադեպ որոշում՝ նպատակ ունենալով աջակցել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ նրանց համար ստեղծել բարենպաստ հարկային միջավայր, առանց հարկային վարչարարության: Կառավարության որոշմամբ՝ 2009-2010 թթ. արգելվելու են տեսչական բոլոր տեսակի ստուգումները փոքր եւ միջին ձեռնարկություններում: Համոզված ենք, որ շուրջ 22 տեսչական մարմինների ստուգումների դադարեցումը ճգնաժամի փուլում ինքնըստինքյան կստեղծի ավելի բարենպաստ միջավայր մեր փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ ձեռնարկված միջոցառումները դեռեւս բավարար չեն, որպեսզի կարողանանք լուծել մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, եւ մեր հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու աշխատանքները լինելու են շարունակական»:

Վարչապետի այս հայտարարությունը «Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը գնահատեց այսպես. «Այս հայտարարությամբ վարչապետը եւս մեկ անգամ հաստատեց այն, ինչ «Ժառանգությունը» բազմիցս կրկնում էր՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը խեղդում են: Այս քայլը, կարծում եմ, նույնիսկ շատ ուշացած է, դա պետք էր անել ոչ թե հիմա, երբ հասարակության մեջ արդեն կա քաղաքական լարվածություն, այլ՝ ավելի վաղ: Հիմա երեւի իրենց անհրաժեշտ են պոպուլիստական քայլեր: Բայց ես այդ մեղադրանքն իրենց հասցեին չեմ ուզում հնչեցնել: Գուցե վերջապես փորձում են հասկանալ, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը պետք է լինի մեր տնտեսության զարգացման հիմքը: Բայց մեզ մոտ խոշորներն են տնօրինում ամբողջ տնտեսությունը, մինչդեռ նորմալ երկրներում մեծ դիրք են գրավում հենց փոքր եւ միջին ձեռնարկությունները, որովհետեւ իրենց հաշվին է ստեղծվում հասարակության միջին խավը: Այժմ գործող հարկային փաթեթը դեռեւս նպաստավոր չէ փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար, առավել եւս, եթե դրան գումարվում է նաեւ այսօրվա քաղաքական իրողությունը: Փոքր եւ միջին ձեռնարկատերերն անընդհատ հարվածի տակ են՝ բազմաթիվ ստուգումների, տուգանքների եւ այլնի պատճառով: Հավանաբար, միայն մեր նման երկրում է հնարավոր, որ բյուջեում հատուկ տող լինի սպասվող տուգանքների մասին: Այսպիսի աբսուրդ, կարծում եմ, այլ տեղ չի կարող լինել: Եվ այդ տուգանքի հիմնական աղբյուրը հենց ՓՄՁ-ներն են եւ ոչ թե խոշորները: Հաշվի առնելով իմ նշած քաղաքական իրողությունը, տեսնում ենք, որ խոշոր բիզնեսը մեծ ծավալ է զբաղեցնում տնտեսության մեջ, բայց չի հարկվում եւ անպատժելի է, որովհետեւ ունի քաղաքական հովանավորչություն, իսկ ՓՄՁ-ները չունեն: Այս առումով, կառավարության այս որոշումն այնքան էլ որոշում չէ, որովհետեւ փոքր եւ միջին ձեռնարկատերերը նորմալ մուծում են հարկերը, քանի որ քաղաքական հովանավորչություն իրենց վրա չունեն, այսպես ասած՝ տանիքի տակ չեն եւ իրենց բիզնեսը պահում են հալալ աշխատանքով»:

Վարչապետը երեկ ԱԺ կիսադատարկ դահլիճում հատուկենտ պատգամավորներին բացատրեց նաեւ, թե ինչի վրա է ծախսվելու ՌԴ-ի կողմից մեր երկրին հատկացված $500 միլիոնի վարկը: Բավականին զգալի գումար կհատկացվի աղետի գոտու բնակարանային շինարարությանը: Արմեն Մարտիրոսյանը այս առումով էլ որոշակի վերապահումներ ուներ: Նախ՝ աղետի գոտում կան բազմաթիվ դատարկ բնակարաններ, եւ մարդկանց բնակարաններով ապահովելու հարցը կարելի է լուծել ոչ թե նոր շենքեր կառուցելով, այլ դատարկ բնակարանները գնելով եւ բնակարանազուրկներին տրամադրելով. «Սա՝ մեկ, երկրորդ՝ կազմակերպությունը, որն այդ գումարները տնօրինելու է, ինձ համար խիստ կասկածելիների թվում է (խոսքը «Գլենդել-հիլզի» մասին է- Մ. Ե.): Այս կազմակերպությունը մեզ հայտնի է Երեւանի կենտրոնի կառուցապատման ժամանակներից, երբ մենք ունեցանք բազմաթիվ խնդիրներ, իրենք ունեցան գերշահույթներ: Շատ լավ հիշում ենք, եւ բյուջեում եւս բերված է, որ այս շինարարությունը գրեթե չի հարկվել, ստվերում է գործել. սա եւս ինձ համար կասկածելի է: Կազմակերպություն, որը ժամանակին գերշահույթներ է ստացել, այժմ պետական սուբսիդիա պետք է ստանա՝ որեւէ հարկ չմուծելով: Այս ամենը հաշվի առնելով, այդ գումարի տնօրինումը եւս ինձ համար խնդրահարույց է»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համար այս ամենի մեջ ամենակարեւորը հետեւյալ հարցն է. «Հարյուր միլիոնի դիմաց մենք տվեցինք «Գույք՝ պարտքի դիմաց», 500 միլիոնի դիմաց կարո՞ղ է լինի՝ «Երկիր՝ պարտքի դիմաց», որովհետեւ, կարծես թե, այլեւս որեւէ բան չունենք: Մեր էներգետիկ ողջ ռեսուրսը սեփականաշնորհել ենք ոչ հայկական ընկերության, խոշոր գործարաններից որեւէ մեկը պետական սեփականություն չէ, պետական մնացել են միայն հողը, երկիրը, եթե կարելի է այսպես ասել; Ի՞նչ է, մենք ինչ-որ գործարքի արդյունքում երկի՞ր ենք տալու»:

«Առավոտի» հարցին՝ արդյոք չափազանցված չէ՞ այս եզրահանգումը, պարոն Մարտիրոսյանը ասացվածքով պատասխանեց. «Տառապանքս փորձ ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել