Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Մայիս 29,2009 00:00

Եղունգների ձեւից շատ բան է կախված

Ամեն մի կնոջ գեղեցկության ու հաջողության գրավականը՝ կատարյալ սանրվածքի ու աչքի զարնող կոշիկի հետ մեկտեղ, համարվում է նաեւ ձեռքերի խնամքը: Ոմանք անգամ համոզված են, որ աշխատանքի կարելի է ներկայանալ առանց շպարվելու, սակայն՝ ոչ առանց մանիկյուրի: Ստացվում է, որ գեղեցիկ, խնամված ձեռքերը մշտապես ուշադրության կենտրոնում են, նույնիսկ ավելի, քան մարմնի մյուս մասերը…

Առաջարկում ենք, գնահատելով ձեր ծանոթ-մտերիմների մանիկյուրի որակը, ուշադրություն դարձնել նաեւ եղունգների ձեւի վրա, որը ձեզ կօգնի շատ բան պարզել տվյալ մարդու բնավորության, ունակությունների, հնարավորությունների, եւ նույնիսկ՝ տաղանդի մասին: Եվ այսպես՝ բահանման եղունգներ ունեցողների բանականությունն ու տրամաբանությունը ակնհայտորեն գերակայում են զգացմունքների համեմատությամբ: Այդպիսի մարդիկ բնածին նյութապաշտ են, գերադասում են կյանքի մասին պրակտիկ գիտելիքները բոլոր ինտուիտիվ ենթադրություններից: Այս մարդկանց համար ինֆորմացիայի հիմնական աղբյուրը անձնական փորձն է, թեկուզեւ՝ նեգատիվ։ Մարդկանց այս տեսակի հետ անիմաստ է շփվել զգայությունների լեզվով. եթե ուզում եք նրանց համոզել ինչ-որ բանում, ավելի լավ է ասեք «ես գիտեմ»՝ բերելով կոնկրետ օրինակներ: Բահանման եղունգներ ունեցողը լավ արհեստավոր կարող է լինել՝ այդ բառի լայն իմաստով: Ստեղծագործական պոռթկումները, որոշումների անկանխատեսելիությունը բահանման եղունգների տիրոջ համար չեն: Փոխարենը՝ վերջինս ինչ գործ էլ ստանձնում է կյանքում, իրականացնում է ամենայն ճշգրտությամբ:

Քառանկյուն եղունգները փիլիսոփայական մտքի վկայություն են՝ ոչ միայն արվեստի, գրականության, հումանիտար գիտությունների ասպարեզում, այլեւ ճշգրիտ գիտություններում: Կարեւորն այն է, որ այսպիսի եղունգներ ունեցողը հստակ եւ օրինաչափ տրամաբանական կապեր է տեսնում ամեն ինչում: Եղունգների այս ձեւը կարող է խոսել նաեւ այն մասին, որ տերն իշխանատենչ է, կարող է առաջնորդ լինել, վեր բարձրանալ ամբոխից, ծայրահեղ վիճակներում առաջինը կայացնել միակ ճիշտ որոշումը: Իսկ վերջինիս թույլ կողմը սեփական ներաշխարհն է: Քառակուսի եղունգներ ունեցող մարդը պարզապես կարող է մոլորվել, երբ հարկ է լինում հետեւել սեփական զգացմունքների, էմոցիաների, կոմպլեքսների, արարքների դրդապատճառների ընթացքին: Այս տիպի եղունգներ ունեցողը, առանց սխալվելու, հիանալի բնորոշում է մեկ այլ մարդու ներքին «ես»-ը: Բայց ամեն անգամ, երբ խոսք է գնում իր անձի մասին, վերջինիս անսխալական ու սառը դատողությունը խաթարվում է: Քառակուսի եղունգներ ունեցողների հետ շփվելիս՝ անիմաստ է անդրադառնալ նրա զգացմունքներին եւ ինտուիցիային, քանզի վերջինիս համար դրանք օտար ու անհասկանալի ոլորտներ են: Այս մարդկանց հետ չարժե խոսել նաեւ սեփական զգացմունքների մասին, որովհետեւ նրանք ձեզ չեն հասկանա: Քառակուսի եղունգների տերերն ընկալում են միայն փաստերի լեզուն՝ կոնկրետ փորձն ու տրամաբանական կապերը:

Սրածայր կամ կոնաձեւ եղունգները գեղանկարչության, ճարտարապետության, կառուցողականության եւ այլ պլաստիկ արվեստների նկատմամբ տիրոջ հակման մասին են վկայում: Այս տիպի եղունգներ ունեցողներն արտիստիկ են, բնածին ռոմանտիկ, երեւակայող, ունեն իրականությունը փոքր-ինչ գունազարդելու սովորություն, նաեւ լավատես են եւ աշխարհին նայում են վարդագույն ակնոցով: Սրածայր կամ կոնաձեւ եղունգների տերը հեշտությամբ է տարվում գործով, որեւէ անձով կամ գաղափարով, բայց նույն հեշտությամբ էլ՝ սառչում ու սկսում է զբաղվել նոր, ավելի հետաքրքիր բանով, հատկապես, եթե նրա նախորդ զբաղմունքն աշխատասիրություն եւ նպատակասլացություն է պահանջում: Մի խոսքով՝ այսպիսի մարդուն գրավում է այն, «ինչն ինքն իրեն ստացվում է», ու համառություն, ջանասիրություն, համբերություն չի պահանջում: Սրածայր կամ կոնաձեւ եղունգների տիրոջ մոտ՝ ոգեշնչման կարճատեւ պահն անցնելուն պես, անէանում է նաեւ հետաքրքրությունը սկսած գործի հանդեպ: Այս մարդկանց բնորոշ է եւս մեկ հատկություն՝ անկախ է ինչպես անձնական, այնպես էլ հասարակական փոխհարաբերություններում: Կոնաձեւ եղունգների տեր մարդու համար ցանկացած ժամանակային սահմանափակումները, ուրիշին ենթարկվելու անհրաժեշտությունը նշանակում են միայն մի բան՝ «սա ինձ համար չէ»: Անձնական սահմանները խախտելու կամ սեփական կանոններով նրանց առաջնորդելու փորձը նույնիսկ սիրելի անձնավորության կողմից հանգեցնում է միեւնույն արդյունքին: Այդպիսիք հակված են ներթափանցելու իրերի, երեւույթների ու իրադարձությունների՝ շատերի համար անհայտ ներքին իմաստների մեջ: Դա է պատճառը, որ կոնաձեւ եղունգների տերերը հաճախ լրջորեն տարվում են կրոնով, մագիայով եւ այլն: Նյութական բարիքների հանդեպ էլ միանգամայն անտարբեր են. պարզապես այդ բարիքները նրանց կողմից ընկալվում են ավելի շուտ որպես բնական, ի սկզբանե տրված, այլ՝ ոչ թե որպես կյանքի նպատակ:

Կլոր եղունգները մատնում են, որ իրենց տերը խոցելի է, վիրավորվող, սիրում է տրվել անիրագործելի երազանքներին, ի վիճակի չէ համակերպվել անարդարության հետ, նույնիսկ, եթե դա իրեն չի վերաբերում, անուղղելի սենտիմենտալ է եւ ոչ միշտ է օբյեկտիվ: Ցավոք, այսպիսի մարդը չի տիրապետում «իրեն մատուցելու» արվեստին, ու չնայած բոլոր հնարավորություններին՝ հաճախ հանդես է գալիս իր համար ոչ այնքան նպաստավոր լույսի ներքո: Զգալով իր թուլությունը՝ կլոր եղունգներ ունեցողը միշտ չէ, որ կարողանում է դուրս գալ ստեղծված իրավիճակից. երկար տանջվում է հարազատների, ընկերների հանդեպ մեղքի անհասկանալի զգացումից: Չնայած այս ամենին՝ վերջինս ունակ է երջանկացնելու այն մարդուն, ով կգնահատի իր բարությունն ու մաքուր հոգին:

Վարդագույն եղունգները կայունություն եւ հաստատակամություն են բնորոշում։

Անհավասար, ծռմռված եղունգները անձի կամակորության ու հարձակողական բնույթի նշան են խորհրդանշում:

Կեռ եւ սրացված եղունգները (հատկապես՝ նիհար ձեռքերի վրա) վկայում են մարդու խիստ ու չար լինելու մասին. հնարավոր է՝ այդ մարդը թոքերի հիվանդություն ունենա:

Դժգույն եղունգները (հատկապես՝ եթե դրանք նաեւ կլոր են) մատնանշում են, որ իրենց տերը վտանգավոր է՝ բոլոր ասպարեզներում:

Դեռ մանկուց շատերին հայտնի է, որ եղունգների վրա առկա սպիտակ բծերը կանխատեսում են մոտալուտ երջանկությունը, իսկ մուգ բծերը՝ դժբախտությունը: Ըստ դիտարկումների, սպիտակ բծերը նաեւ տիրոջ՝ չափից ավելի նյարդային խառնվածքի մասին են վկայում:

Կարճ եղունգներ ունեցողները մարտաշունչ բնույթի մարդիկ են, նրանք հայտնի վիճաբանողներ են եւ սիրում են ծաղրել ուրիշներին:

Կարճ, հաստ ու ամուր եղունգները մատնում են իրենց տիրոջ ցասումնալից խառնվածքը:

Մաշկի մեջ՝ բոլոր կողմերից ներաճած փոքրիկ եղունգներն էլ համարվում են մեծ զգայականության նշան:

Հ. Գ. Պարզվում է՝ մարդկանց եղունգներն ինֆորմացիայի իսկական շտեմարաններ են, սակայն խորհուրդ չի տրվում տարվել դրանք ուսումնասիրելով, քանզի նման վարքը մի կողմից անբնական ու կասկածելի կարող է թվալ, իսկ մյուս կողմից՝ զրուցակցին կստիպի նյարդայնանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել