Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԵՔԸ ԿԱՄ ՉՈՐՍԸ ԿՄՏՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Մայիս 29,2009 00:00

Հուսով է բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, որի մասին Վրաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Ախալկացին մեր գործընկերներից մեկին ասել է. «Ես Ֆեդյային ճանաչում եմ 10 տարուց ավելի: Նա բռնցքամարտի պրոֆեսոր է»:

Դեռ երբեք Հայաստանի բռնցքամարտիկները միեւնույն մրցաշարում, անկախ տարիքային խմբից, յոթ մեդալ (թեկուզ՝ բրոնզե) չեն նվաճել: Այսօր մեր պատանիներն աշխարհի առաջնությունում պայքարելու են արծաթե, առավել եւս՝ ոսկե մեդալների համար:

Կա՞ այդպիսի հնարավորություն, եւ ինչպե՞ս ենք հասել այս մակարդակին: Երեկ «Առավոտը» զրուցեց պատանիների հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի հետ:

– Որ մեդալ անպայման ունենալու էինք, ոչ ոք չէր կասկածում: Բայց այսքան շա՞տ: Դուք նման բան պատկերացնո՞ւմ էիք:

– Ճիշտն ասած, այս մրցաշարին լավ էինք նախապատրաստվել: Եվ ես ու մեր բոլոր մարզիչները նույնպես հավատացած էինք, որ մեդալներ ունենալու ենք: Բայց ինչ-որ տեղ այսքանի չէինք սպասում:

– Քանակային այս ձեռքբերումը ինչի՞ հետ եք կապում:

– Ճիշտ կազմակերպած նախապատրաստական աշխատանքի: Այն պահից, երբ իմացանք, որ աշխարհի պատանեկան առաջնությունը նշանակվել է Հայաստանում, սկսեցինք նախապատրաստվել: Սկզբում իմ խնդիրը համեմատաբար լավագույններին առանձնացնելն էր: Դա տեւեց մի քանի ամիս: Եվ երբ թեկնածուների ընտրության հարցում արդեն մոտավորապես կողմնորոշվեցինք, սկսեցինք կոնկրետ աշխատանքները՝ ամեն հաջորդ անգամ ավելի հստակեցնելով անելիքները: Շատ կարեւոր եմ համարում երիտասարդական հավաքականի հետ համատեղ հավաքը, որի ընթացքում նաեւ մրցակցական մենամարտեր էինք կազմակերպում: Տեսնում էի, որ իմ սաներից շատերը կարողանում էին ճակատամարտ տալ երիտասարդների հետ: Որպես պատանիների գլխավոր մարզիչ՝ այդ ժամանակ տղաներին փորձարկում էի: Այսինքն՝ տալիս էի պայմանական մարտեր վարելու առաջադրանք: Ասենք, ազատ գործող մրցակցի հետ մենամարտել միայն ձախ կամ աջ ձեռքով, միայն պաշտպանվել կամ հարձակվել. փորձարկված տարբերակները կարելի է անվերջ թվարկել: Ասեմ միայն, որ այդ ամենը անում էի, որպեսզի տղաները պատասխանատու մարտերի ժամանակ ցանկացած անակնկալի պատրաստ լինեն, քանի որ տեղյակ էի մեր հավանական մրցակիցների դպրոցին, ոճին ու տակտիկային:

– Ընդհանուր առմամբ քանի՞ հավաք եք կազմակերպել, մրցումների մասնակցել: Եվ ե՞րբ եք ընտրել վերջնական կազմը:

– Աշխատանքն ընթացել է փուլերով: Սկզբում նախապատրաստվում էինք ՄՀՀ-ում կայանալիք Հայաստան-Ռուսաստան-Ղազախստան-Վրաստան մրցմանը: Դրա արդյունքները կոնկրետ ինձ համար թեեւ կարեւոր, բայց այնքան էլ վճռորոշ չէին: Իմ խնդիրն ուրիշ էր: Այդ մրցաշարին մեր առաջատարներից մի քանիսը տարբեր պատճառներով (հիվանդություն, մարզչական մտահղացումներ) չմասնակցեցին: Բայց շարունակվում էին այսօրվա լավագույն կազմը որոշելու փնտրտուքները: Ինչ վերաբերում է վերջնական կազմին, մոտ 15 մոտավորապես հավասարների մեջ ընտրությունը կատարվել է աշխարհի առաջնությունից մի քանի օր առաջ Աբովյան քաղաքում անցկացված վերջին ուսումնամարզական հավաքից հետո: Ու կարծում եմ, որ չեմ սխալվել:

– Որքան տեղյակ եմ, անցած այս ժամանակաընթացքում նախապես պլանավորած մի քանի ծրագրեր ձախողվել են:

– Այո: Բայց դրանք մեր՝ ֆեդերացիայի մեղքով չեն եղել: Սկզբում, որքան տեղյակ եմ, Մոսկվայի մերձակա բազաներից մեկում Ռուսաստանի պատանեկան հավաքականի հետ համատեղ հավաք անցկացնելու պայմանավորվածություն է եղել: Բայց դա չի կայացել, որովհետեւ նույն ժամկետներում հյուրանոցը զբաղեցրել են ուրիշները: Հետո Կուբան է ցանկություն հայտնել աշխարհի առաջնությունից 10 օր առաջ գալ Հայաստան եւ մեզ հետ համատեղ հավաք անցկացնել, որին մեր ֆեդերացիան տվել է իր համաձայնությունը՝ նաեւ իր վրա վերցնելով անհրաժեշտ բոլոր ծախսերը: Բայց ինչ-ինչ պատճառներով դա էլ չի եղել: Գիտե՞ք, իմ խնդիրը մեկն է. անկախ ամեն ինչից՝ թիմը հնարավորին չափ լավ նախապատրաստել տվյալ մրցմանը, ինչն էլ աշխատում եմ անել: Ճիշտ է, նման դեպքերում հարկ է լինում հընթացս փոխել նախապես կազմված ծրագրերը, սակայն հիմա մեր կողքին կանգնած է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ու ամեն խնդիր տեղում լուծվում է միասնական ջանքերով:

Հայաստանից դուրս գալը, իհարկե, մրցակցական փորձի կուտակման առումով խիստ կարեւոր է: Բայց մենք ունենք բռնցքամարտի բավականին լուրջ դպրոց: Ու ի վիճակի ենք բարձրակարգ մարզիկներ աճեցնել նաեւ դրա բացակայության պայմաններում, ինչը մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք: Օրինակ, մեկ շաբաթ առաջ Կուբայի փոխարեն եկան իռլանդացիները: Միասին մարզվեցինք: Անչափ գոհ էին: Անգամ նրանցից մեկը առաջնությունում մեր մարզիկին հաղթեց:

– Կանխագուշակությունն անշնորհակալ գործ է, բայց, այնուամենայնիվ, քանի՞ ոսկե կամ արծաթե մեդալի հավանականություն ունենք:

– Լավ կլիներ մի փոքր էլ սպասեինք, բայց քանի որ հարցը տվեցիք, պատասխանեմ: Հույս ունեմ, որ յոթից երեքը կամ չորսը այս փուլն էլ կանցնեն: Շարունակության մասին առայժմ եկեք չխոսենք:

– Առաջընթացն ակնհայտ է: Բայց Ձեր նշած բռնցքամարտի հայկական դպրոցը նախկինում էլ է եղել:

– Որ իրեն ցույց է տվել: Օրինակ, անցած տարվա Եվրոպայի պատանեկան առաջնությունում մենք մրցանակային չորս տեղ ունեցանք: Կարծում եմ, դա վատ արդյունք չէ: Հիմա աշխարհում առնվազն յոթ «բրոնզն» ապահովված է: Սրանից հետո արդեն պետք է մտածել ցուցանիշները բարձրացնելու մասին:

– Ի՞նչ հիմքեր ունենք:

– Նախ, ֆեդերացիայի նոր նախագահ Արման Մուրադյանի գալով, օրախնդիր բազմաթիվ հարցեր օրակարգից դուրս են եկել: Եթե առաջներում ստիպված էինք տեղավորվել եղած խիստ սահմանափակ միջոցների շրջանակներում, այսօր արդեն նման խնդիր գոյություն չունի: Հիմա հնարավորություն կա անհրաժեշտության դեպքում հավաք կազմակերպել, մրցման մասնակցել ցանկացած ժամանակահատվածում եւ ցանկացած՝ ոճերով էապես իրարից տարբերվող, ամերիկյան, եվրոպական ու ասիական երկրներում, հարկ եղած դեպքում՝ նրանց հրավիրել Հայաստան: Սա շատ կարեւոր հանգամանք է: Չեմ կարող հատուկ չնշել ՀԱՕԿ-ի նախագահի եւ սպորտի նախարարի՝ արդեն քանի տարի շարունակվող հոգատարությունը, առանց որի հիմա մենք դժվար թե դեմ-դիմաց նստելու եւ զրուցելու առիթ ունենայինք:

– Վաղը աշխարհի առաջնությունը եզրագիծը կհատի: Մեր յոթ «բրոնզից» քանիսը կփոխվի «արծաթի» կամ «ոսկու»՝ կիմանանք առաջնության ավարտից հետո: Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք՝ կապված Սինգապուրի պատանեկան օլիմպիական անդրանիկ խաղերի հետ:

– Լուրջ: Բայց առայժմ՝ ոչ կոնկրետ: Հիմա ինձ հետաքրքրում է այս առաջնությունը: Ճիշտ է, Սինգապուրի եւ դրան նախորդող մրցումների կոնկրետ ծրագրեր կան, բայց եկեք դրանց անդրադառնանք ավելի ուշ: Ասեմ միայն, որ պատանեկան առաջին օլիմպիական խաղերի համար կարեւորը եկող տարվա աշխարհի առաջնությունն է, որտեղ էլ խաղարկվելու են ուղեգրերը: Աշխատելու ենք մասնակցության հնարավորին չափ շատ տեղ նվաճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել