Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՂՋՈ՛ՒՅՆ ՔԵԶ, ՍԵՐԳԵՅ

Մայիս 29,2009 00:00

Հիշողություններ փարաջանովյան տարվա առիթով

Երբ ժողովրդական դեպուտատ Վ. Պետրոսյանը հուլիսի 21-ին խորհրդարանի դահլիճում սգավոր տեսքով եւ կերկերուն, ողբերգական ձայնով հայտնեց, թե՝ «այս գիշեր Երեւանում մահացել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը» եւ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել նրա հիշատակը, ապա անդառնալի կորստյան ցավի հետ միասին սիրտս պատեց նաեւ անզոր մի դառնություն… Ցավ, որ իր երկրային կյանքի տառապալից ուղին ավարտեց մի մարդ, ով այնքան բան կարող էր տալ հայ եւ համաշխարհային կինոարվեստին, եւ դառնություն, որ շատ ավելի քիչ տվեց: Մեղավորը ինքը չէր, մեղավորը ժամանակն էր, ժամանակի տերերն էին, մեղավորը աշխարհի այս անհեթեթ մեկ վեցերորդ մասում ակամա ծնվելու ողբերգությունն էր: Ողբերգություն հատկապես իր՝ Փարաջանովի համար, ում ստեղծագործական միտքը՝ այնքա՛ն պարադոքսալ, այնքա՛ն պատկերավոր, այնքա՛ն անսպասելի ու անսովոր՝ սահմաններ եւ հեղինակություններ չէր ճանաչում: Մի քանի ֆիլմ նկարահանեց Փարաջանովը, իսկ «Արա Գեղեցիկ» եւ «Սասունցի Դավիթ» ֆիլմերի համար, որոնք ուզում էր նկարահանել «Հայֆիլմում», ուներ մանրամասն մշակված ռեժիսորական սցենարներ: Այսինքն՝ մնում էր միայն նկարահանման հնարավորություն տալը: Եվ հենց դա՛ էր, որ տարիներ շարունակ չէր կարողանում ստանալ: Եվ որտե՞ղ. Հայաստանում, ուր, թվում է՝ առաջին հերթին պիտի որ շահագրգռված լինեին: Կարծես թե՝ սերգեյփարաջանովները վխտում են մեր շուրջ, եւ արվեստի այդ ղեկավար-վերակացուները կարող են վարվել նրանց հետ՝ ինչպես կամենան…

Փարաջանովի հետ ծանոթացել եմ 1966 թվականին: Արդեն դիտել էի «Մոռացված նախնիների ստվերները», որն ինձ վրա ցնցող տպավորություն էր թողել: Առաջին իսկ հանդիպումից ինձ ապշեցրեց այդ մարդու արբշիռ, կուռքեր չճանաչող սրամտությունը, անդրադարձի անմիջականությունը, պահվածքի, խոսվածքի այն ԱՐՏԻՍՏԻԶՄԸ, որը միայն իրենն էր եւ թափվում էր վրայից: Հյուրանոցային նրա սենյակը միշտ լիքն էր լինում ամենատարբեր մարդկանց խմբերով: Ո՛վ ասես, որ նրա ընկերը չէր՝ «Արմենիայի» շեֆ-պովր Իլյիչից, «ասվետիտել» Վիդոկից մինչեւ այն մի քանի հոգին, որոնց հետ նա իսկապես հոգեհարազատություն էր զգում (հիշում եմ հայտնի լուսանկարիչ Գուրգեն Միսակյանին): Մի անկյունում Սոփիկո Ճիաուրելին էր անընդհատ թեյ դնում ամեն եկող-գնացողի համար՝ նախնադարյան մի վիթխարի չայդանով, մյուսում՝ տարեց Սայաթ-Նովայի դերակատար Գոգի Գեգեչկորին էր լուռումունջ ականջ դնում Սերգեյի ճարտարախոսության հերթական պոռթկմանը՝ «թիֆլիսյան» վրացախառը ռուսերենով… Հանկարծ հայտնվում էր Ռոման Բալայանը՝ ողջույն բերելով Յուրի Իլյենկոյից (ուկրաինացի կինոռեժիսոր, «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի օպերատորը) կամ Անդրեյ Տարկովսկուց, եւ նույնքան հանկարծ էլ՝ անհետանում: Բոլորից առանձնացած, խորասուզված՝ իր ապագա ֆիլմի («Նռան գույնի») կադրերն էր մտմտում Սերգեյի հին ընկերը՝ օպերատոր Սուրեն Շահբազյանը: Քիչ չէին եւ տեղացի «մերոնքականները», ովքեր ամեն ժամի կարող էին ներխուժել սենյակ եւ «ոգելից զրույցի նստել» ժամերով՝ Առնո Բաբաջանյանից մինչեւ Պարույր Սեւակ… Եվ, իհարկե, մենք՝ «փարաջանովյան» ջահելներս՝ իրենով տարված ու հիացած նեոֆիտների մի մեծ խումբ: Եվ այս թոհուբոհի, աղմուկ-ժխորի մեջ Փարաջանովը աշխատում էր, պատրաստում «Նռան գույնը» ֆիլմի ռեժիսորական սցենարը, հավաքում ստեղծագործական խումբը՝ չմոռանալով «ձեռի հետ» իր անպատասխանատու սրամտությունները տեղալ աջ ու ձախ: Հումորի ինչպիսի՜ փառահեղ հրավառություն էր, Աստվա՛ծ իմ: Այդ դիպուկ, երբեմն սպանիչ սլաքնե՞րը չէին, արդյոք, պատճառը, որ այդքան ընկերների, բարեկամների հետ մեկտեղ, նա շատ թշնամիներ էլ ուներ, այն էլ՝ զորեղ թշնամիներ, ովքեր ամեն կերպ խանգարում էին նրան թե՛ ֆիլմի նկարահանումների ընթացքում, թե՛ «Նռան գույնից» հետո: Ընդհանրապես տաղանդավոր մարդ էր՝ տաղանդավոր սրամիտ, տաղանդավոր զգայուն, տաղանդավոր բարի: Այդպես թեթեւ, ոչ մեկին նեղություն չտալով էլ ապրում էր: Միակ նպատակը «Նռան գույնը» հաջողությամբ եւ անխափան գլուխ բերելն էր: Այո, հաջողությամբ եւ անխափան գլուխ բերելը (ո՜ւր էր, թե այդպես լիներ), ուստի հաճախ, իր ստեղծագործական աշխատանքին զուգահեռ՝ ամբողջ օրը զբաղված էր նաեւ կողմնակի, «տեխնիկական» հարցեր լուծելով: Եվ այսպիսի խառնաշփոթ իրավիճակը, զարմանալիորեն, իրեն կարծես թե նույնիսկ դուր էր գալիս: Համենայնդեպս՝ ֆիլմը այսպիսի պայմաններում էր ստեղծվում, եւ ի՜նչ ֆիլմը: Նույնը շարունակվեց Ալավերդիում, ուր գնում էինք նկարահանումների: Որպես «էպիզոդնիկ» էքսպեդիցիային մասնակցում էի նաեւ ես, բայց ինձ ավելի հետաքրքրում էր մթնոլորտը: Ո՛վ ասես որ չկար: Շատ ընկեր-բարեկամների ինքն էր հավաքել-բերել Ալավերդի, շատերին էլ՝ պարզապես հրավիրում էր: Մի անգամ Թիֆլիսից «հատուկ Սերգեյին տեսնելու համար» եկավ Օթար Իոսելիանին, ուրիշ անգամ՝ Իլյիչն էր Երեւանից «հատուկ Սերգեյի համար» պատրաստած ճաշ բերում (որը ուտում էին բոլորը՝ բացի Սերգեյից): Շատ ավելի բարդ էր տարատեսակ չորքոտանի «դերասաններին» կերակրելու հարցը: Եվ՝ ոչ միայն կերակրելու, որովհետեւ Աստծո ստեղծած այդ էկզոտիկ արարածները (զորօրինակ՝ պերուական լաման) հատուկ վերաբերմունք էին պահանջում, եւ նրանց մշտապես ուղեկցում էին նայող-վարժեցնողները: Պակաս անակնկալ վարք չէին ցուցաբերում եւ մեր հայրենական կենդանիները. նկարահանվող մի ավանակ (բառիս ուղղակի իմաստով), մի օր Սոփիկո Ճիաուրելիին մոտիկից տեսնելով՝ իրեն «վատ» պահեց (բառիս անուղղակի իմաստով), եւ ուշ վրա հասած Փարաջանովը շատ էր ափսոսում, որ չհասցրեց էշի կնամեծարության դույն ակնառու փաստը «հավերժացնել»: Մեկ այլ դեպք. ինձ հագցրին որպես կաթողիկոս, կանգնեցրին եկեղեցու գավթում, եւ ոչխարների (այլաբանորեն՝ հավատացյալների) հոտը քշեցին ներս: Թե ինչպե՛ս կարողացա դիմանալ խուճապահար մկկացող այդ հոտի գրոհին՝ հայտնի է միայն Աստծուն եւ ինձ. համենայնդեպս՝ ոտքերս ամբողջովին կապտել-տրորվել-սխկվել էին: Բայց ես դեռ լավ պրծա, որովհետեւ Սայաթ-Նովայի դերակատար, բալետի մենապարող Վիլեն Գալստյանի ոտքերը նույն դրվագում լրիվ ջարդվել էին: Մի ուրիշ օր էլ մեզ՝ մի խումբ «էպիզոդնիկներիս», աբեղայի զգեստ հագցրեց, կանգնեցրեց Հաղպատի եկեղեցու պատի տակ եւ սկսեց նկարահանել նուռ ուտելու դրվագը: Մի քանի ժամ անընդհատ «դուբլ» արեց (քանիսը՝ չեմ հիշում), հետո ծիծաղեց. «Ինձ պիտանի կադրը ես սկզբից արդեն ունեի, պարզապես ուզում էի, որ մի կուշտ նուռ ուտեք»: Այսպես շարունակ, օրական՝ մի օյին……

Ըստ էության՝ Փարաջանովի կինոարվեստը տանում էր փակուղի: Այդպես մտածել եւ այդպես նկարահանել կարող էր միայն ինքը: Ինքն էլ էր գնում փակուղի, եւ իմ տեսած փարաջանովյան մյուս ֆիլմերում («Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ») կրկնվելու վտանգն արդեն զգացվում էր… Եվ ոչ էլ հետեւորդներ ունեցավ, թեեւ նրա արտաքին ազդեցությունը խորհրդային (հատկապես՝ ուկրաինական եւ վրացական) կինոարվեստի վրա՝ փաստ է: Չէր էլ կարող ունենալ, որովհետեւ իր տեսակի մեջ ինքը միակն էր: Այսինքն՝ Փարաջանովը ոչ թե ինչի (բովանդակության), այլ՝ ինչպեսի (ձեւի) ռեժիսոր էր… Փարաջանովի տարօրինակ ռեժիսորական (չասելու համար՝ «նկարչական», «կոլաժային») մտածողությունը շփոթության էր մատնում, գրգռում էր քաղքենուն, ով ավանդաբար մերժում, դեն էր նետում այն ամենը, ինչը իրեն անհասկանալի ու անբացատրելի էր…

«Caro Sergei!» – սիրելի՛ Սերգեյ. այսպես է դիմում Ֆեդերիկո Ֆելլինին Փարաջանովին մի երկտողում, «Մոռացված նախնիների ստվերները» դիտելուց հետո: Այն Ֆելլինին, ով խոստովանում էր, որ անգամ ի՛ր իսկ ֆիլմերը չի նայում: Փարաջանովը միշտ հումորախառն մի հպարտությամբ էր ինձ ցույց տալիս Ֆելլինիի հիացական գրությունը: Այո, չունենալով պաշտոնական հովանավորություն իր երկրում, նա վայելում էր մեծ հեղինակություն ազատ աշխարհում: Կյանքի վերջում միայն կարողացավ լինել արտասահմանում, ընդ որում՝ ժամանակի մեծ մասն անցկացրեց Փարիզի հիվանդանոցում (ակամայից Կոմիտասին հիշեցի…): Այդպես է՝ այստեղ հիվանդանում ենք (թե՞ հիվանդացնում են), այնտեղ՝ բուժվում: Եվ, չնայած իր գոյակերպի տառապալից ոդիսականին, Սերգեյ Փարաջանովը երջանիկ մարդ էր: Ես սա ասում եմ համոզված: Ապրեց, ինչպես ինքն էր ուզում, ստացավ, ինչին ձգտում էր (նաեւ՝ խորհրդային բանտը. հիշում եմ նրա մի խոսքը՝ ւցՊՏՋվՌՍ Չ ֆՑՏռ րՑՐՈվպ ՊՏսՋպվ ւՏՑՖ ՐՈջ րՌՊպՑՖ Չ Ց՚ՐՖՎպ!), արեց, ինչի հնարավորությունն ունեցավ: Իր վրեժը իրեն հալածող սիստեմից՝ ա՛յդ կերպ լուծեց:

Մահը նրա կյանքի վերջակետը չէ, նրա իսկական կյանքը նոր է սկսվում: Եվ աչքերիս առջեւ նա հիմա հառնում է որպես «Նռան գույնը» ֆիլմի հանճարեղ հերոսը՝ մի նորօրյա Սայաթ-Նովա, ով ազգերի միջեւ սեր եւ բարություն էր ուզում սերմանել, բարեկամություն հաստատել… Եվ իր մեղքը չէր, որ այդ երազանքը ինչպես իր մեծ նախորդի, այնպես էլ՝ մեր օրերում, մնաց անկատար. այդ երազանքին նա հավատարիմ էր իր ողջ ստեղծագործական կյանքում: Վկա՝ իր ֆիլմերը, թեկուզ «բարեկամ-խմբագիրների» ձեռքով խեղված-վերամոնտաժված (որովհետեւ ուրիշ ոչ մեկը չէր կարող անել այն, ինչ անում էր Փարաջանովը). «Մոռացված նախնիների ստվերները», նույն «Նռան գույնը» (որը հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Յուտկեւիչն էր ուզում «փրկել», եւ մեծ էկրանին մեր տեսածը, փաստորեն, Յուտկեւիչի մոնտաժն էր), «Սուրամի ամրոցի լեգենդը» (կինողեկավարության կողմից չընդունված), «Աշուղ Ղարիբը» (լռության մատնված), իր երկու կարճամետրաժ գլուխգործոցները՝ «Հակոբ Հովնաթանյան» եւ «Փիրոսմանի»: Այս է: Անավարտ մնաց վերջին կինոձեռնարկումը՝ «Խոստովանանքը» (հասցրեց նկարահանել 200 մետր), որը համարում էր իր կյանքի գործը, «Կիեւյան որմնանկարները» դիտեցինք դերասանների՝ 20 րոպեանոց «պրոբների» տեսքով, գրվանի տակ մնացին շուրջ երկու տասնյակ պատրաստի սցենարներ… Շատ չէ, թվում է, բայց՝ քիչ էլ չէ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Սերգեյի կյանքը մի անընդմեջ մաքառում էր՝ Աստծո եւ մարդու, պետության եւ մարդու, հասարակության եւ մարդու, մարդու եւ մարդու, վերջապես՝ հենց ի՛ր մեջ նստած երկու հակոտնյա «ես»-երի միջեւ: Եվ ով էլ որ լինի Սերգեյ Փարաջանովը կամ Սարգիս Փարաջանյանը (այս վերջինը նա չէր սիրում, համարում էր ավելորդ ձեւականություն)՝ տարերային փոքրիկ աղետ կամ մեծ նահատակ, միեւնույն է, նա եղել է, կա եւ մնում է այն ԽԵՂԿԱՏԱԿԸ, ով արքաներին միշտ ճշմարտությունն է ասում՝ թեկուզ յուրովի (ո՛չ որպես գաղափարական բունտ կամ առճակատում), թեկուզ ընդամենը որպես կինոյի գեղագիտություն, որպես արվեստի ճշմարտություն: Բայց այդքանն էլ իրեն չէր ներվում… Չնայած, ի վերջո, Փարաջանովի արվեստի ժանյակահյուս խաղը ավելի կայուն դուրս եկավ, քան բանտի հաստաբեստ պատը: Սա՛ է հաղթանակը, եւ թող ո՛չ ոք սա չմոռանա: Հատկապես նրանք, ովքեր, դիմակայելով Սերգեյ Փարաջանովին, խեղաթյուրելով նրա կերպարն ու նկարագիրը, թունավորելով նրա կյանքն ու գործը՝ ակամա կանգնեցրին նրա հուշարձանը մեր հոգիներում եւ մեր սրտերում: Եվ մնաս բարով չեմ ասում նրան, որովհետեւ նա գալիս է դեպի մեզ: Ողջո՛ւյն քեզ, Սերգեյ:

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ, «Երեկոյան Երեւան», 25 հուլիսի 1990թ.

Տպագրվում է ըստ հեղինակային բնագրի

Հ.Գ. Սերգեյ Փարաջանովը ոչ միայն շռայլորեն նվիրատվություններ էր անում, այլեւ՝ հաճոյախոսություններ՝ մարդկանց, ովքեր շրջապատում էին իրեն, ում գիտեր ու լավ ճանաչում էր: Այդպիսի ճոխ, փարաջանովյան յուրօրինակ, «թիֆլիսյան» ռուսերենով արված շռայլախոսություններից բաժին էր հասնում նաեւ ինձ: Բայց ես պատշաճ չեմ համարում հիշատակել ինձ վերաբերող որեւէ «կոմպլիմենտ», որովհետեւ, նախ ինքը՝ Փարաջանովը չկա, որ հաստատի ի՛ր իսկ խոսքերը, եւ ապա՝ ես գիտեմ, որ շատ հաճախ նման խոսքերը իրավիճակի, հանգամանքների, պարագաների արդյունք են… Հիշում եմ՝ զուտ փարաջանովյան փափուկ, բայց սպանիչ հումորով ինչպե՛ս էր նա պատմում մի զառամյալ նկարչի մասին, ով կապում էր վրձինը ձեռքին, որպեսզի նկարելիս հանկարծ վայր չգցի: Այնինչ՝ մեր օրերում, այսօր, այստեղ ոմանք յուրյանց չնչին «կենսապատումը» դեռ փորձում են զարդարել վաղուց մեզնից հեռացած որեւէ հայտնի գրողի կամ քաղաքական գործչի «կարծիքներով», ընդ որում՝ փետուրը կապած ձախ ոտին: Դրանով ոչ միայն աղավաղվում, աղճատվում, խեղաթյուրվում է իրական կերպարն ու նկարագիրը նրանց, ում «վկայակոչում» են, բայց ովքեր չեն կարող հաստատել կամ, ավելի ճիշտ՝ հերքել իրենց վերագրվող «մտքերը», այլեւ՝ աղավաղվում, աղճատվում, խեղաթյուրվում է Նորին Մեծություն Ճշմարտությունը: Այդպիսի «ոմանք» անուղղելի են, նրանցը խնջույքն է ժանտախտի ժամին, ցինիկ ու ցիցռիկ խնդմնդուքը, պատվելիական կեղծ բարեպաշտ կեցվածքը՝ անգամ երբ իսկական ճշմարտությունն ես շրխկացնում երեսներին: Սրանց մասին են ասում՝ կուզին գերեզմանը կշտկի: Չարենցն էլ ասում է. «Գերեզմանից հետո- էլ ի՞նչ շտկում…Հասկացողը կհասկանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել