Ըստ lenta.ru-ի՝ Բորիս Բերեզովսկին հայտարարել է, որ Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայում սպասվող առաջիկա նախագահական ընտրություններում ունի հաղթելու ամենամեծ շանսերը: Բերեզովսկու կարծիքով, որը նա հայտնել է ուկրաինական «Նովայա» թերթին, այս ընտրություններում Տիմոշենկոյի վրա խաղադրույք է դնում նաեւ Ռուսաստանը:
Տիմոշենկոյի մեծ շանսերը Բերեզովսկին կապում է նրա անսկզբունքայնության հետ: Բիզնեսմենի կարծիքով՝ «Տիմոշենկոն ուժեղ, կամային քաղաքական գործիչ է, որը գիտե, թե ինչի է ուզում հասնել, եւ հասնում է դրան՝ բոլոր ժամանակակից մեթոդներով»: Հարցին՝ ի՞նչ մեթոդներով, պատասխանել է՝ «ցանկացա՛ծ»: Ընտրվելուց անմիջապես հետո Տիմոշենկոն կմոռանա իր բոլոր գործընկերների մասին եւ կգնա իր ուղիով՝ ենթադրում է Բերեզովսկին: Բառախաղ կատարելով «ուղի» եւ «արժեք» նշանակող «կուրս» բառի մեջ, Բերեզովսկին գնահատել է Տիմոշենկոյի «կուրսը»՝ «Դա անկախ Ուկրաինայի շուկայական արժեքն է»: Ապա ավելացրել է, որ Տիմոշենկոն թույլ չի տա ՌԴ-ին՝ կուլ տալ Ուկրաինան: Երկու երկրների միջեւ տարաձայնությունը լուծելու լավագույն տարբերակը, ըստ Բերեզովսկու, ՌԴ-ի անցումն է դեմոկրատական համակարգին, հակառակ դեպքում՝ «Ռուսաստանը կմասնատվի պակաս հավակնոտ փոքրիկ անկախ հանրապետությունների»:
Բերեզովսկին խոսել է նաեւ Յուշչենկոյի մասին եւ ասել, որ վերջինիս ցածր վարկանիշը կապված է նրա սկզբունքայնության եւ գաղափարականության հետ. «Վերջին 5 տարին ցույց տվեց, որ Յուշչենկոն լավ գաղափարախոս է, բայց վատ քաղաքական գործիչ»: Եվ դրվատել է Յուշչենկոյին, ասելով, որ վերջինս իր ժողովրդականությունը փոխել է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող ռեֆորմների հետ: Ըստ Բերեզովսկու, Վիկտոր Յանուկովիչը՝ Ռեգիոնների կուսակցության նախագահը, գրեթե շանս չունի: Բիզնեսմենը չի բացառել մի նոր, անհայտ թեկնածուի ի հայտ գալը: Եվ եթե հայտնվի նման մեկը, ապա նա շանսեր կունենա միայն այն դեպքում, եթե օժտված լինի Յուշչենկոյի գաղափարականությամբ եւ Տիմոշենկոյի կամային հատկանիշներով: Ուկրաինայի նախագահի ընտրությունները արդեն նշանակված են՝ 2010թ. հունվարի 17-ին: