Նրանք չգիտեն՝ ինչպես դուրս գալ ավարտական տարբեր միջոցառումների պատրվակով հավաքվող գումարների բեռի տակից:
Հունիսի սկզբին ՀՀ հանրակրթական դպրոցներում կմեկնարկեն ավարտական քննությունները՝ 9-րդ եւ 11-րդ դասարաններում: Արդեն քննություններից մի քանի ամիս առաջ դասարանի ակտիվ ծնողներն ու դասղեկներն անհանգստացած էին, թե որքան գումար է հավաքվելու քննությանը զուգակցվող խրախճանքը կազմակերպելու համար: Վերոնշյալ երեւույթն արդեն ավանդական է դարձել, որի համաձայն աշակերտները գումար են հավաքում, որպեսզի քննությունից հետո իրենց քննող ուսուցիչների համար փոքրիկ սեղան պատրաստեն: Այդ «փոքրիկ» սեղանը սկսվում է քաբաբ-խորովածով, ավարտվում՝ մի քանի հարկանի տորթերով: Ամեն տարի ծնողները այդ գումարները հավաքելուց հետո սկսում են դժգոհել արմատացած արատավոր երեւույթից:
«Առավոտն» այս տարի էլ է ահազանգեր ստանում տարբեր դպրոցների ծնողներից: Շեշտենք, որ այդ ահազանգերը անվանական են, բայց այժմ չենք նշում ծնողների անունները, որպեսզի քննությունների նախաշեմին դրանք չշահարկվեն: Օրինակ՝ «Առավոտն» ահազանգ է ստացել թիվ 178 դպրոցի ծնողներից մեկից: Մեզ ուղարկված նամակում դժգոհ ծնողը գրում է. «Արդյոք գիտե՞ք, որ մեր դպրոցում ավարտական դասարաններում ամեն քննության համար գումար են հավաքում, յուրաքանչյուր երեխայից 10 հազար դրամ (սկզբում 15 հազար էր, բանակցությունների արդյունքում իջավ 10 հազարի): Ծնողների հարցը՝ ինչի՞ համար, ստանում է հետեւյալ պատասխանը՝ եթե չտանք, ուսուցիչները մի բան կանեն քննությունների ընթացքում, որ երեխան ընկճվի ու ցածր ստանա: Ստիպված ծնողները, խուսափելու համար անակնկալներից, համաձայնում են տալ գումարները: Ու այս ամենը ազդում է երեխաների հոգեբանության վրա, այսինքն՝ եթե ծնողը չտա այդ գումարը, վախ կա, որ իր երեխայի նկատմամբ անարդարություն կլինի, իսկ տալու դեպքում վստահ է, որ ամեն ինչ հարթ կանցնի»:
Հենց այս մտայնությունն է պատճառը, որ այսօր հանրակրթական դպրոցներում գործում է հստակ «քննական գնացուցակ», որով էլ առաջնորդվում են ծնողները: Օրինակ՝ թիվ 122 դպրոցում 9-րդ դասարանի ավարտական 6 քննությունների համար յուրաքանչյուր աշակերտից հավաքվում է 20 հազար դրամ, 131-րդ դպրոցում՝ 5000, թիվ 89 դպրոցում՝ 15000 դրամ: Իսկ 11-րդ դասարանի քննությունների համար գումարներն ավելի են բարձրանում. թիվ 89-ում 5 քննության համար յուրաքանչյուր աշակերտից հավաքվում է 88 հազար դրամ, թիվ 131-ում՝ 50 000, որը ներառում է նաեւ «վերջին զանգի» եւ ավարտական խնջույքի ծախսերը եւ այլն: Նշենք նաեւ, որ այս գումարների մի կլորիկ հատված էլ անպայման, որպես կանոն, մատուցվում է դպրոցի տնօրենին:
Նշված խնդիրների վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմինե Վարդանյանի հետ: Նա ասաց, որ ավելի ծավալուն մեկնաբանություններ այս թեմայի վերաբերյալ կանի քննություններից հետո, երբ տվյալներ կունենա եւ հավելեց. «Ավարտական եւ միասնական քննություններն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, տարբեր օրեր են անցկացվելու: Ուստի ամբողջ ԳԹԿ-ի, նախարարության, տեսչության, քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները կլինեն դպրոցներում. նպատակն այն է, որ զերծ մնանք նման խոսակցություններից: Իսկ եթե թեստերը «Արարատ» բանկի մասնաճյուղերից միայն քննության օրն են բերվելու, էլ ո՞նց կարող է դպրոցի տնօրենը աշակերտներից գումար վերցնել քննության պատրվակով»:
Հանուն արդարության ավելացնենք, որ շրջանավարտները նպաստում են այդ դրամահավաքությանը. գաղտնիք չէ, որ հատկապես 11-րդցիները հազվադեպ են դպրոց հաճախում եւ դպրոցի դասերը թողած՝ կրկնուսույցի մոտ են պարապում: Ուսուցիչներն էլ դասղեկին ասում են՝ ինձ լավ նայեք, ես էլ ձեր աշակերտներին նորմալ գնահատական կդնեմ, եթե չէ՝ բացակաները կշարեմ ու քննությանը չեմ օգնի: