Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Մայիս 29,2009 00:00

Դանիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից ժամանած երիտասարդները «Առավոտի» հետ զրույցում կատակով նշեցին,

որ իրենք շատ գործ են ունենալու առաջիկա օրերին:«Եվրոպական քաղաքացիությունը ընտրությունների դիտարկման միջոցով» միջազգային ուսուցողական ծրագրի շրջանակներում Վրաստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Հոլանդիայից, Դանիայից շուրջ 30 երիտասարդներ օրերս այցելել են Հայաստան՝ հետեւելու մայիսի 31-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ծրագիրն իրականացվում է Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ, որի շրջանակներում երիտասարդները, դիտորդական առաքելություն իրականացնելուց բացի, հատուկ հրավիրված փորձագետների միջոցով ուսուցողական սեմինարներ կունենան ընտրությունների կազմակերպման եւ դրան առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը «Առավոտին» փոխանցեց. «Դիտորդական առաքելությանը ներգրավված է 55 երիտասարդ, որից 30-ը մասնակցում է ուսուցողական ծրագրին: Դիտորդական առաքելությունն իրականացվելու է զույգերով, քանի որ երիտասարդները չեն տիրապետում հայերենին, ուստի նրանց կուղեկցեն հայերենին տիրապետող երիտասարդներ»: Տեղեկացնենք, որ ստեղծվել է նաեւ երիտասարդ դիտորդների միջազգային ցանց, որի անդամները մասնակցում են տարբեր երկրներում կազմակերպվող ընտրություններին: Այժմ էլ նախապատրաստվում են մասնակցել հունիսի 4-7-ը անցկացվելիք Եվրոպառլամենտի ընտրություններին:

Զրուցեցինք նաեւ երիտասարդ-դիտորդների հետ: Դանիայի ներկայացուցիչ Ռինա Ռասմուսենը, որը ՀՀ է ժամանել Կոպենհագենից եւ ներկայացնում է «Եվրոպական շարժումը», պատմեց. «Դանիայում արդար եւ անաչառ ընտրությունների կազմակերպման առումով դժվարությունները քիչ են, քանի որ մեր երկիրն ունի ընտրություններ կազմակերպելու հարուստ ավանդույթներ: Բայց կան որոշ մարտահրավերներ: Առաջին խնդիրը բխում է նրանից, որ պետք է մարդկանց բերել դեպի ընտրություններ: Մյուս խնդիրն այն է, որ դանիական օրենսդրությունը ազդեցություն է կրել եվրոպական սահմանադրությունից: Բացի այդ, եվրոպական ընտրություններում լրատվամիջոցները շատ պասիվ են»: Ռինայից հետաքրքրվեցինք՝ Դանիայում երիտասարդներն ինչպե՞ս են պայքարում, որպեսզի քաղաքական ուժերը նրանց չօգտագործեն սեփական նպատակները իրականացնելու համար: Նա պատասխանեց. «Դանիայում երիտասարդներն ավելի մեծ հնարավորություններ ունեն ստանալու իրենց ցանկալի ինֆորմացիան: Բացի այդ, նրանք իրենց այնքան անվտանգ եւ ապահովված են զգում իրենց հայրենիքում, որ նրանց ոչ ոք ոչ մի բանով չի կարող կաշառել կամ համոզել, որպեսզի դիմեն այս կամ այն անարդար քայլին»:

ՌԴ-ից ժամանած ազգությամբ հայ Սաթենիկ Բաբասյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ռուսաստանում եւ ընդհանրապես ողջ աշխարհում երիտասարդների մեծամասնությունը այնքան էլ ակտիվ չէ. նրանք մտածում են՝ թող մեր ծնողները զբաղվեն քաղաքականությամբ, մասնակցեն ընտրություններին, դա մեր խնդիրը չէ: Ուստի երիտասարդները պիտի ավելի ակտիվ լինեն, որպեսզի նրանց չկարողանա որեւէ քաղաքական ուժ օգտագործել»:

Ուկրաինայի ներկայացուցիչ Միկոլա Պեխն էլ, որն օրենսդրության մասնագետ է եւ մեծ փորձ ունի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում, երիտասարդների՝ քաղաքական ուժերի կողմից երբեմն շահագործման մասին հռետորական հարց տվեց. «Արդյո՞ք պիտի երիտասարդները պայքարեն դրա դեմ, թե՞ ավելի լավ է իրենց գիտելիքները զարգացնեն հասարակական եւ այլ ոլորտներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»: Մեր ուկրաինացի զրուցակիցը նաեւ նշեց. «2004-ին մեր երկրում տեղի ունեցավ նարնջագույն հեղափոխություն. այն տեղի ունեցավ ոչ թե ծրագրային խնդիրների համար, այլ ուղղված էր անձերի դեմ: Ավելի պարզ ասած՝ դա ոչ թե Յուշչենկոյի համար էր, այլ Յանուկովիչի դեմ: Իսկ այդ ժամանակահատվածում երիտասարդները շատ բան արեցին խոսքի եւ մամուլի ազատության համար: Բայց այժմ նրանք մի տեսակ հոգնել են քաղաքականությունից, քանի որ չտեսան իրենց արածի արդյունքները»:

«Առավոտը» զրուցեց նաեւ Հոլանդիայի ներկայացուցիչների հետ: Պաուլ Վան Դանը նշեց. «Ես Նիդեռլանդներից եմ, մի քաղաքից, որը կոչվում է Խլորիեն, որը թարգմանաբար նշանակում է կանաչ մարգագետիններ: Այն ունի ընդամենը 200 հազար բնակչություն: Մեր երկրում ընտրությունների հետ կապված առաջին խնդիրն այն է, որ մարդիկ ոչ միշտ են ցանկանում մասնակցել ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդների՝ քաղաքական ուժերի կողմից շահագործվելուն, ապա չեմ կարծում, որ Նիդեռլանդներում այդպիսի խնդիր կա, քանի որ կան շատ երիտասարդներ, որոնք կամովին են գնում քաղաքական խաղերին»: Պաուլին լրացրեց նրա հայրենակիցը՝ Արիեն Նաութան: Նա ասաց. «Մեր երկրում ընդհանուր առմամբ քաղաքական մշակույթը բարձր մակարդակի վրա է: Երիտասարդները հիմնականում չեն շահագործվում քաղաքական ուժերի կողմից, քանի որ կուսակցությունների երիտասարդական թեւերը գործում են բավականին ակտիվ: Բացի այդ, երիտասարդները լայնորեն ներգրավված են քաղաքական համակարգում. օրինակ՝ մեր պառլամենտում կա մեկ 19 տարեկան, երկու 20-ից բարձր ներկայացուցիչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել