Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն հեռացել է անտեղյակությունից

Մայիս 29,2009 00:00

\"\"Հարցազրույց ՀՅԴ Կանադայի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Վաղարշ Էհրամջյանի հետ

– Հայաստանում համառ լուրեր կան, թե ՀՅԴ-ն երկու մասի է բաժանվել` կուսակցության հայաստանյան կառույցի վերջին տարիների գործելաոճը ընդունելի չէ դրսի կառույցների համար: Իսկապե՞ս այդպես է:

– Մենք էլ ենք լսում այդպիսի լուրեր, բայց ճիշտ չէ, որովհետեւ մեր կազմակերպությունը մեկ կառույց է, մեկ ուժ եւ, հետեւելով ընդհանուր ժողովի որոշումներին, մեկ ուղղությամբ ենք շարժվում: Հայաստանի Գերագույն մարմնի որոշումները կամ բռնած դիրքորոշումը որեւէ մեկ ձեւով չի հակասում ընդհանուր ՀՅԴ կեցվածքին:

– Դրսում ընդունվե՞լ է կոալիցիայից դուրս գալու եւ պաշտոնները թողնելու որոշումը:

– Ընդունվել է եւ ասեմ, որ մենք դեռեւս հունվարին այստեղ (հարցազրույցը անցկացվել է Հայաստանում-Ա.Զ.) ընդհանուր ժողով ունեցանք, ուր հստակ կերպով գիծը քաշված էր, որից եթե կառավարությունը անցներ, մենք պիտի կոալիցիայից դուրս գայինք: Ուրեմն որոշումը ամբողջ կազմակերպության որոշումն էր եւ ոչ ԳՄ-ինը:

– Հայաստանում լուրեր կան, թե ՀՅԴ-ի դրսի կառույցների ճնշման արդյունքում է ՀՅԴ-ի ներսի կառույցը դարձել ընդդիմություն: Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

– Ճիշտ չէ: Դրսի եւ ներսի դաշնակցությունը նույնն է: Երբ հունվարին այստեղ հավաքված էինք՝ միայն դրսի դաշնակցությունը չէր, այլ ամբողջ կառույցը, նաեւ ՀՀ կառույցը եւ միասնաբար որոշում ընդունեցինք: Մեզ համար առաջնահերթություն է Արցախի հարցը, որը չպետք է դառնա հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախապայման:

– Հայաստանում ասում են՝ ՀՅԴ-ն միշտ համ հաճույք է ստանում, համ կույս մնում:

– ՉԷ: Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալը հեշտ բան չէր: Մենք վեց նախարար թողեցինք: Երեքին փոխարինեցինք այլ երեքով, հետո այս երեքը հեռացան: Կուսակցությունն է նման որոշում առել, նախարարները սիրով չէ, որ հրաժարվել են, որովհետեւ մեր ընկերները, որ աշխատում էին իշխանության մեջ, սիրով աշխատում էին՝ երկրին ու ժողովրդին օգտակար լինելու համար: Ցավը սրտում լքեցին գործերը, բայց ստիպված էին, դանակը ոսկորին էր հասել: Մենք պատասխանատվություն էինք վերցնում կառավարության այն գործերի համար, որոնցից տեղյակ չէինք: Հստակ չէր կառավարության կեցվածքը: Այս պարագայում հարցը ընկերային կամ կոռուպցիայի հարց չէ, այլ՝ համահայկական հարց: Մենք՝ մնալով մեր պահանջատիրության վրա, չէինք կարող մնալ այն կոալիցիայի մեջ, ուր տեղյակ չէինք որոշումներից: Եվ ոչ միայն մենք: Կոալիցիայի մյուս անդամներն էլ տեղյակ չէին: Միայն իշխանության կարեւոր անհատներն էին տեղյակ: Բանակցությունները շատ ամպոտ վիճակի մեջ էին եւ այս վիճակի համար դուրս եկանք կոալիցիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել