Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՎՈՒՇԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Մայիս 29,2009 00:00

Սահմանամերձ Կոթի գյուղի մատույցներում պեղվել է վաղ քրիստոնեական եկեղեցի

\"\"\"\"

Ինչպես Վանո Սիրադեղյանն է ասում՝ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է: Որքան մեր երկրի գանձերը տեսանելի են, բազում անգամ ավելի արժեքներ պարփակված են հինավուրց հողում: Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում, սահմանագոտում հնագույն հոգեւոր արժեքներ են հայտնաբերվել: Հնագետ, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարյանը, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը անցյալ տարի այստեղ պեղումներ սկսեցին՝ նպատակ ունենալով ճշտել, թե տարածքում հնագիտական ինչ հուշարձաններ կան: Սպասելիքներն առավել քան արդարացան: Նախ՝ գյուղի «Չալի խեչ» բլրին հայտնաբերվեց վաղ միջնադարյան (ենթադրաբար՝ 6-րդ դարի) մատուռ՝ կառուցված սպիտակ սրբատաշ քարից: Պահպանվել է հոգեւոր այս կառույցի պատի մի քանի շար:

Կոթի գյուղում ավանդաբար մեծ տոհմերը իրենց գերեզմանատներն ունեն: «Մատուռի գերեզմանոցում» հուղարկավորված են Սարատիկյան, Սիրադեղյան, Մամյան տոհմերի ննջեցյալները: Այստեղ 1859 թվականին Ղազախի գավառական քարտուղար, կոթեցի Հովհաննես Սարատիկյանը մատուռ է կառուցել ի հիշատակ իր զոհված որդիների՝ 18-ամա Բեջանի եւ 22-ամյա Ալեքսանդրի: Մատուռը կառուցվել է վաղ քրիստոնեական բազիլիկ եկեղեցու հիմքի վրա: Բայց Հովհաննեսի կառուցած մատուռը չի դիմացել ժամանակի ավերիչ ուժին եւ կիսաքանդ վիճակի է հասել: Պերմում բնակվող կոթեցի գործարար Սամսոն Սարատիկյանի ֆինանսավորմամբ անցած տարի Հովհաննեսի մատուռը վերականգնվել է, դարձել հոյակերտ կառույց: Մատուռը վերականգնող շինարարները հողային աշխատանքներ կատարելիս զգացել են, որ մատուռի տակ ավելի հին կառույցի պատերն են: Անցյալ տարի հնագետներ Արամ Քալանթարյանի եւ Սուրեն Հոբոսյանի ձեռնարկած պեղումների արդյունքում են բացվել հին կառույցի արտաքին պատը, ներսի պատերի մի հատված եւ մի այլ պատ, որը շեղանկյուն ձեւով միանում է հին եկեղեցու արտաքին պատին: Փաստորեն, հայտնաբերվել է վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի: Եկեղեցու չափերը տպավորիչ են՝ երկարությունը 26 մ, լայնությունը՝ 15 մ: Այս տարի շարունակված պեղումներով հաստատվել է, որ արտաքին պատով եկեղեցուն միացած կառույցը եկեղեցու ավանդատունն է, որը հավանաբար ավելի ուշ շրջանի շինություն է: Սուրեն Հոբոսյանի վկայությամբ, այն, ըստ երեւույթին, որպես կացարան է օգտագործվել: Ավանդատունը պահպանել է մեծ հրդեհի հետքեր: Պեղվել է նաեւ Աստծո տաճարի բեմի մի հատվածը եւ եկեղեցուն կից հնձանը:

Չնայած այս գարնանը գրեթե ամեն օր անձրեւներ էին տեղում, հնագետները այստեղ բավական գործ են արել: Աշխատանքները մոտեցել են ավարտին, բայց հետագա պեղումները մեծ խնդիրների հետ են կապված: Մինչ օրս պեղումները կատարվել են ծագումով կոթեցի՝ գործարար Մարատ Ջանվելյանի ֆինանսավորմամբ: Հիմա եկեղեցու պատերն ամբողջությամբ պեղելու համար հարկ կլինի ֆինանսական մեծ միջոցներ ներդնել, կատարել պեղված պատերի ամրացման աշխատանքներ, քանզի պեղումներից հետո դրանց քանդման վտանգն աճում է: Բացի այդ, եկեղեցու տարածքում, նաեւ՝ 2008-ին վերականգնված մատուռի շրջակայքում Սարատիկյան տոհմի բազում ներկայացուցիչներ են թաղված: Նրանց վերահուղարկավորման համար հարազատների թույլտվությունը հարկ կլինի: Անհրաժեշտ կլինի նաեւ մատուռի շրջակայքում, այդ շինությունից 2 մ հեռավորությամբ լրացուցիչ հենապատեր կառուցել:

Մինչ այժմ պեղվածն էլ բավական արժեքավոր է: Հայտնաբերվել են կավե սափորներ, կղմինդրե սալիկներ, որոնց վրա այծի գեղեցիկ պատկերներ կան: Սա վկայում է, որ կառույցը վաղ քրիստոնեական է, քանզի այդ շրջանում են շարունակվել (թեեւ անհամեմատ բարձր որակով) ժայռապատկերների, կենդանիների փորագրությունների ավանդույթները: Սուրեն Հոբոսյանի խոսքերով, պեղումները փաստում են են, որ տեղի բնակիչների մի մասը բնիկ է: Եթե նախկինում Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում Կոթիից ներառված էր 3-ը, ապա հնագիտական պեղումների արդյունքում դրանց ցանկը կարող է հասնել երկու տասնյակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել