Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում՝ Հայ ազգային կոնգրեսը խոստանում է մայրաքաղաքում բոլոր ոլորտներում իսկական հեղաշրջում անել:
Վ. Խաչատրյանը խոստանում է, որ գործարարները, առանց «մաղարիչ» տալու, կարող են բիզնես ծավալել:
Երեւանի ավագանու ընտրություններին մնացել է ընդամենը 2 օր: Եվ այս ընթացքում ավագանու թեկնածուներն ամեն կերպ փորձում են երեւանցիներին համոզել, որ հենց իրենք են արժանի դառնալու Երեւանի քաղաքապետ եւ ավագանու անդամ: ՀԱԿ-ն էլ մյուս կուսակցություններից ետ չի մնում իր գայթակղիչ խոստումներով:
Քաղաքական, սոցիալական, առողջապահության բնագավառներում հեղաշրջում անելուց բացի, ՀԱԿ-ը խոստանում է հեղաշրջում անել նաեւ տնտեսությունում: Կոնգրեսի նախընտրական ծրագրում նշված է. «Քաղաքային իշխանությունները Երեւանում կապահովեն գործարարության զարգացման հիմնական պայմանները՝ հավասարություն, մրցակցություն, պետական կառավարման մարմինների չեզոքություն: Գործարարությունը կտարանջատվի հանրային կառավարումից: Քաղաքային իշխանության ղեկին հայտնված յուրաքանչյուր գործիչ կունենա չեզոք կառավարիչի ձեւական ու բովանդակային բոլոր հատկանիշները»:
Թե ինչպես է պատրաստվում ՀԱԿ-ն իրականացնել ծրագրի տվյալ ենթակետը, ՀԱԿ-ի ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանն «Առավոտին» այսպես մեկնաբանեց. «Այսօր իշխանության ներկայացուցիչները զբաղվում են բիզնեսով, տիրապետում են ինֆորմացիայի, որ օգտագործում են միայն իրենց հարազատների կամ անձնական բիզնեսի համար: Այդ ամբողջ գործունեությունը պետք է բաց լինի: Իրականում հեղաշրջում կլինի բիզնեսով զբաղվողների մոտ, երբ իմանան, որ քաղաքապետարանի հետ գործ են ունենալու ու կաշառք չեն տալու: Հեղաշրջում կլինի, եթե իմանան, որ կարող են ներդրում անել, որեւէ բիզնես ծավալել ու դրա մաղարիչը չանել: Ա՜յ դա հեղաշրջում է»:
«Փոքր եւ միջին գործարարներին օժանդակելու ու մայրաքաղաքում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար քաղաքապետարանը կնախաձեռնի օրենսդրական համապատասխան փոփոխությունների գործընթաց»: Սա եւս նշված է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում: Այն, որ ՀԱԿ-ը որոշել է Երեւանի հարկային օրենսդրությունը տարանջատել հանրապետությունից եւ փոփոխություններ անել, չբացառեց նաեւ Վ. Խաչատրյանը. «Այո, փոփոխություն անելու ենք եւ դա, իհարկե, հնարավոր է: Օրենքով այդ լիազորությունները տրված են ՏԻՄ-երին, թող մյուս քաղաքներն էլ անեն: Օրինակ՝ Գյումրիի քաղաքապետարանը թող նախաձեռնություն անի, որ այնտեղ բիզնեսի համար արտոնություններ տան: Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ սահմանամերձ գյուղը նույն հարկը պետք է տա, ինչ Երեւանը: Ենթադրենք Երեւանում կամրջի կամ մետրոյի համար գումարների կարիք կա, դա հավաքելու համար՝ ներդրողին պետք է ազատել հարկից կամ այլ արտոնություններ տալ»: Նախընտրական ծրագրով ՀԱԿ-ը որոշել է նաեւ նոր կանոններ սահմանել Երեւանում առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների համար: «Դա առաջին հերթին վերաբերում է գյուղատնտեսական մթերքի վաճառքին՝ պետական եւ մանրածախ շուկային, որոնցից ոչ մեկը մեզ մոտ չկա: Գործում է ինքնուրույն մեծածախը, իսկ մանրածախն էլ՝ քաղաքի մայթերին է գործում: Նրանք, ովքեր փողոցում գյուղատնտեսական մթերք են վաճառում, կասենք՝ կարող եք գնալ այսինչ տեղում վաճառել: Լոնդոնի կենտրոնում միրգը վաճառվում է դրսում, խանութի մոտ, ոչ ոք չի դժգոհում, բայց պանիր, միս, ձուկ, կարագ չի վաճառվի: Կարվի՞ այս ամենը, թե՞ ոչ, նայած թե ոնց ենք ուզում ապրել՝ նորմալ եվրոպական քաղաքո՞ւմ, թե՞ բազարային»:
ՀԱԿ-ն իր ընտրողներին որոշել է գայթակղել նաեւ մետրոյի Բարեկամություն-Աջափնյակ հատվածի շինարարության ավարտով, Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս-Մալաթիա-Չարբախ նոր երթուղու կառուցմամբ:
Մեր այն հարցին, թե որտեղի՞ց են հայթայթելու այդ նախագծի համար անհրաժեշտ գումարները, պարոն Խաչատրյանը վստահեցրեց. «Դա ոչ այնքան կապված է ծախսերի, որքան ցանկության հետ: Նախ Բարեկամություն-Աջափնյակ հատվածի թունելը փորված է, եւ անհասկանալի է, թե ինչու մինչեւ հիմա կառուցված չէ: Ընդհանրապես, Երեւանի տրանսպորտային հարցի լուծումը պետք է տեղափոխել մետրոյի վրա, որովհետեւ այլ տարբերակ չկա: Էլ տեղ չկա, տարածքներ չունենք: Դա շատ ռեալ է եւ մեծ գումարներ չեն պահանջվում»: