Առողջապահության նախարարության «Ծխախոտի դեմ պայքարի» պետական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանի ներկայացմամբ, այս տարեսկզբին հանրապետությունում 13-15 տարեկանների շրջանում ծխախոտի տարածվածության վերաբերյալ իրականացվել է լայնամասշտաբ հետազոտություն, որի արդյունքները պատրաստ կլինեն տարեվերջին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»:
Ըստ 2005 եւ 2007 թվականներին կատարված հետազոտությունների՝ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 54%-ը: Թեեւ այս ցուցանիշը վերջին տարիներին դրական միտում է դրսեւորում, սակայն պարզվել է, որ հատկապես միջին տարիքի տղամարդիկ ծխելուց հրաժարվում են՝ օրգանիզմում զարգացած որոշ հիվանդությունների պայմաններում միայն: Հայաստանում ծխախոտ գործածող միջին տարիքի կանանց թիվը մեծ է հատկապես մայրաքաղաքում: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ծխողների միայն 2-3%-ն են կանայք: Մասնագետի դիտարկմամբ՝ ծխողների շրջանում թոքի քաղցկեղի զարգացման հավանականությունը 20-30 անգամ բարձր է, քան՝ չծխող անձանց մոտ: Հայաստանում թոքի քաղցկեղից տարեկան 1000-ից ավելի տղամարդ է մահանում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ծխախոտն աշխարհում գրանցված մահվան դեպքերի առաջին պատճառներից մեկն է: 2005-ին դրա գործածության հետեւանքով աշխարհում մահացել է 5,4 մլն մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր 6 վայրկյանում՝ 1 մարդ: Կանխատեսվում է, որ 2030-ին այս ցուցանիշը կհասնի 8 մլն-ի: Միջին տվյալներով, աշխարհի բնակչության 29%-ը ծխող է՝ տղամարդկանց՝ 47,5%-ը, իսկ կանանց՝ 10,3%-ը:
Ծխախոտ գործածողների շուրջ 80%-ն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում: Մասնագետների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ծխախոտի ծուխը պարունակում է 4000 քիմիական տարր, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար: Ի դեպ, ծխախոտի երկրորդային ծուխը չծխող մարդու օրգանիզմում կարող է առաջացնել սրտանոթային հիվանդություններ: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող երեխաների թիվը շուրջ 700 մլն է: 20-րդ դարում ծխախոտը խլել է 100 մլն մարդու կյանք: Կանխատեսվում է, որ 21-րդ դարի վերջում այս թիվը կհասնի 1 միլիարդի:
Նշենք նաեւ, որ ԱՀԿ-ի կողմից մայիսի 31-ին ամբողջ աշխարհում կնշվի «Առանց ծխախոտի» օրը, որի կարգախոսն այս տարի կլինի. «Ներկայացնելով իրականությունը՝ պահպանենք կյանքեր»: