Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՆՇՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մայիս 29,2009 00:00

\"\"Գյումրիում պաշտոնյաները գտել են լրագրողների թույլ կողմը

Օրերս լրացավ Անդրկովկասի առաջին մասնավոր եթերային հեռուստաընկերության՝ «ՑԱՅԳ»-ի հիմնադրման 18 տարին: Ինչպես պատմում է հիմնադիրներից մեկը՝ Արթուր Ղանդիլյանը, իր մանկության ընկերոջ՝ Արմեն Անտոնյանի ու համակուրսեցի Արթուր Եզեկյանի հետ միասին իրենք մտադրված էին հիմնել կաբելային հեռուստաընկերություն, սակայն 1991-ին Ռուսաստան գործուղվելուց հետո ստեղծեցին եթերային, քանի որ Գյումրին ավերակ էր, չկային բնակելի շենքեր, կաբելային տնտեսության համար բացակայում էր համապատասխան բազան: «Բավականին շատ չարչարվելուց հետո՝ Հայաստանում չկար օրենք Հեռուստատեսության մասին, կարելի է ասել` ստեղծել ենք էդ օրենքը, այսինքն՝ օրերով թակել ենք Ազգային ժողովի պատգամավորների դռները, որ ստեղծեն էդ օրենքը: Մեր հեռուստաընկերության հիմնադրումը համընկավ ցուրտ ու մութ տարիների հետ, սակայն ժողովրդի համար հետաքրքիր էր, արտասահմանյան ֆիլմերը նոր էին մուտք գործում, մեծ պահանջարկ կար, եթե հիշում եք՝ մեծ թափով առաջ էին գալիս տեսավարձույթները»,- պատմում է Արթուր Ղանդիլյանը:

Ըստ նրա, հեռուստաընկերության անվանումն անգամ պատահական չէ, քանի որ մութ ու խավար տարիներ էին, գյումրեցիները միայն գիշերով էին լույսի երես տեսնում, ուստի հեռուստաընկերությունը «ՑԱՅԳ» անվանելով՝ ցանկանում էին ասել, որ այն մինչեւ այգաբաց գյումրեցիներին է ծառայելու: «Բառի մեջ մի սխալ կա, այն պետք է լինի ծայգ, այսինքն՝ սա ժամը 7-ն է, հետո գալիս է այգը: Ես միշտ վախենում էի, որ հանկարծ գյումրեցիները անուն չկպցնեն, բայց շատ լավ անուն կնքեցին՝ դարձրին հապավում: Մեր հեռուստաընկերությունը ընդամենը տնակի մի սենյակի մեջ էր, 12 քմ, որից 2-3 քմ-ն զբաղեցնում էր անկողինը՝ հերթապահ օպերատորը էդտեղ էր քնում, շատ անգամ հաղորդավարը մահճակալին էր նստում ու նկարահանվում, ուղղակի դիմացը սեղան էինք դնում՝ ծածկելու համար, բայց երբեւիցե բարդություններից չենք նեղվել, պատկերացրեք՝ էն ժամանակ շատ ավելի սարսափելի էին դժվարությունները, լույս չկար, աղջիկ թե տղա գիշերվա ժամը 2-ին դուրս էին գալիս, շները լիքը, մեքենա չունենք»,- հիշում է Արթուր Ղանդիլյանը: Ըստ նրա, Գյումրիի «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ծնունդը եւս կապված է իրենց հետ: «ՑԱՅԳ»-ի հիմնադիրները դիմել են Լորիս Ճգնավորյանին՝ խնդրելով օգնել սարքավորումներ ձեռք բերելու հարցում, վերջինս էլ, գնելով սարքավորումները, հայտարարել է, թե «ստուդիան պետք է լինի իմ անունով, դուք էլ պետք է դառնաք իմ աշխատողները»: Դրանից հետո «ՑԱՅԳ»-ի հիմնադիրները «հաջողություն» են ասել Լորիս Ճգնավորյանին, նա էլ իր հերթին հիմնել է «Շիրակ» ստուդիան, սակայն կարճ ժամանակ անց ստուդիային տեր կանգնելու խնդրանքով դիմել է պետությանը: Ըստ Արթուր Ղանդիլյանի, 1994-ին, ֆինանսական բարդությունների հետ կապված, հեռուստաընկերության աշխատանքները մի պահ դադարեցվել են, սակայն գյումրեցիները. որոշակի հանգանակություններ կատարելով, հեռուստաընկերությունը ոտքի են կանգնեցրել:

«Առավոտը» «ՑԱՅԳ» ՍՊԸ խորհրդի նախագահ Մարգարիտա Մինասյանից եւս հետաքրքրվեց, թե ծանոթ-բարեկամներ սիրող փոքրիկ Գյումրիում ինչպե՞ս է զարգանում հեռուստաժուռնալիստիկան, չկա՞ն արդյոք ճնշումներ լրագրողների վրա: «Միշտ էլ փոքր քաղաքում լրագրողների համար պրոբլեմներն ավելի շատ են: Մեր քաղաքում մարդկանց շրջապատը փոքր է, կապերն ավելի սերտ են: Այսօր պրոբլեմ է սարքել պիտանի նյութ՝ չփչացնելով անձնական հարաբերությունները, բարեկամությունը, ընկերությունը, շրջապատի հետ պահել բարիդրացիական հարաբերություններ: Մենք էսօր դեռ չունենք էն ղեկավարները, որոնք իրոք կկարողանան ըստ արժանվույն գնահատել լրատվամիջոցի դերը, հասկանան, որ լրատվամիջոցը, իրենց աշխատանքը քննադատելով, օգնում է իրեն, օգնում է տեսնել իրենց աշխատանքի բացերը: Էսօր ճնշումը ոչ էնքան հեռուստատեսության վրա են, էդ փուլը մենք արդեն անցել ենք (քաղաքում շատ լավ գիտեն մեր հեռուստաընկերության դիրքորոշումը, մշակած ստրատեգիան, ղեկավարի կեցվածքը), որքան՝ լրագրողի: Վերջին 4-5 տարվա ընթացքում կոնկրետ ճնշում, թե՝ էս մի բանը մի արեք, չի եղել, հիմա այլ ձեռագիր են՝ սկսել՝ անմիջապես սկսում են բանակցությունները լրագրողի հետ: Ամեն մի նկարահանումից հետո, հատկապես սուր, քննադատական նյութերից հետո փորձում են հաղորդակցվել լրագրողի հետ, բացատրել, թե իրենց արածը էդ ինչ մեծ բան է, որ լուսաբանվի: Ինձ նույնիսկ տեղեկություններ են հասել, որ շրջանակներն այնքան են նեղացել, որ փորձում են անգամ ճնշում իրականացնել լրագրողի վրա՝ իր տան անդամների միջոցով: Նախկինում էդ փորձը մենք ունենում էինք ընտրությունների ժամանակ, բայց էսօր տեղափոխվել է առօրյա կյանք: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ բարի լրատվություն չի լինում, պետք է ունենալ հավասարակշռված, անաչառ լրատվություն»,- ասում է տիկին Մարգարիտան:

Նա նաեւ ասաց, որ երբեմն քննադատական նյութերից հետո որոշ գովազդատուներ հրաժարվում են հեռուստաընկերությանը գովազդ տրամադրել, իրենք այդպիսի փորձ ունեցել են: Նա նաեւ դժգոհեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ վատ ազդեցություն է ունեցել իրենց հեռուստաընկերության վրա, Գյումրիում մեծ թվով սպասարկման օբյեկտներ փակվել են, հետեւաբար եւ իրենց գովազդատուների թիվը կտրուկ նվազել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել